«Ես՝ որպես վարկային կազմակերպության ղեկավար, գյուղատնտեսության ոլորտին վարկ չէի տրամադրի։ Խնդիրը ոչ թե տոկոսադրույքների մեջ է, այլ գյուղատնտեսության անարդյունավետության։ Ոլորտը շատ ռիսկային է։ Այսօր մեր բանկային համակարգը պատրաստ չէ գյուղի հետ աշխատելու համար»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, իսկ ներկայումս՝ «Գառնի Ինվեստ» վարկային կազմակերպության ղեկավար Բագրատ Ասատրյանը։
Բ. Ասատրյանից բացի՝ գյուղատնտեսության խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցում էին նաեւ «Արարատբանկի» ղեկավար, ՀՀ Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ բանավեճ՝ որպես այդպիսին, չեղավ. երեքն էլ համոզված են, որ Հայաստանի ֆինանսական համակարգն այսօր ներգրավված չէ գյուղատնտեսության (եւ ընդհանրապես՝ տնտեսության) ֆինանսավորման մեջ։
Ըստ Բ. Ասատրյանի, գյուղատնտեսության վարկային ապահովվածությունը շատ ցածր է. գյուղատնտեսությանը հատկացվող վարկային ռեսուրսները 2010 թ. կազմել են գյուղատնտեսական արտադրանքի ընդամենը 8.3 տոկոսը, այն դեպքում, երբ արդյունաբերության ոլորտում այդ ցուցանիշը 25 տոկոս է, շինարարության մեջ` 12.6 տոկոս, առեւտրում` 16 տոկոս:
Աշոտ Օսիպյանն իր հերթին նշեց, որ չնայած իրենց բանկի կողմից գյուղատնտեսությանը տրամադրված վարկերն աճել են, սակայն վարկային պորտֆելում դրանք շատ քիչ տեսակարար կշիռ ունեն՝ 6%։ Նշենք նաեւ, որ ըստ Օսիպյանի, իրենց տրամադրած գյուղատնտեսական վարկերի տարեկան տոկոսադրույքը 17-19% է, այն դեպքում, երբ արդյունաբերության ոլորտի վարկերը տրամադրում են 14%-ով։ Պատճառներից մեկը, ըստ Բանկերի միության նախագահի, ոլորտի ռիսկայնությունն է։ Իհարկե, ռիսկայնություն կա բոլոր ոլորտներում, եւ բանկերն էլ վարկ տրամադրելուց առաջ գնահատում են ռիսկը։ Սակայն, ըստ Օսիպյանի, գյուղատնտեսության ոլորտում կան ռիսկեր, որոնք իրենք չեն կարող գնահատել` օրինակ, կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկը։ Շատ երկրներում, ըստ նրա, կլիմայի ռիսկը չեզոքացնելու համար կիրառվում է ապահովագրություն, սակայն այն բավականին թանկ արժե (ապահովագրվող արժեքի շուրջ
20%-ը), մատչելի չէ գյուղացու համար։ Աշոտ Օսիպյանն առանձնացրեց նաեւ այն խնդիրը, որ շարժական գույքի կադաստր չկա (օրինակ՝ գյուղտեխնիկայի մեծ մասը գրանցված չէ), եւ անասունների «պասպորտիզացիա» չի իրականացվում։ Եթե այս ամենին էլ գումարենք, որ գրավի իրացվելիությունը գյուղում շատ ցածր է, ապա ստացվում է` մի բան էլ պետք է շնորհակալություն հայտնենք բանկերին, որ թեկուզ չնչին չափով վարկեր են տրամադրել գյուղացուն՝ մեծ ռիսկի գնալով։
Սակայն, ըստ Արծվիկ Մինասյանի, տրամադրված վարկերն անգամ դժվար է գյուղատնտեսական համարել։ Նրա խոսքերով, գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի 70%-ը կարճաժամկետ փոքր վարկեր են։ Այսինքն` դրանք ոչ թե գյուղատնտեսության մեջ ներդրումներ անելու համար են նախատեսված, այլ, ըստ էության, սպառողական վարկեր են։ «Մարդիկ այդ վարկը վերցրել են ընթացիկ խնդիրները լուծելու համար եւ սպասում են Նոր տարվան, որ անասունը մորթեն-վաճառեն եւ վարկը մարեն»,- ասում է պատգամավորը։ Եվ ընդհանրապես, ըստ Արծվիկ Մինասյանի, ոչ թե գյուղացիները պետք է գնան բանկ եւ խնդրեն վարկ տալ, այլ հակառակը՝ բանկերը պետք է խնդրելով առաջարկեն, որպեսզի իրենց ռեսուրսները պարապ չմնան, աշխատեն։ Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմից Պավլեի այս խոսքերը. «Նախ` մենք ոչխար ծախող չենք, պետությունն է ոչխար առնող։ Ոչ թե մենք պետք է գնանք իր դուռը, թե՝ ոչխար ունենք, չես առնի՞, այլ ինքը պիտի գա 100 բեռնատարով ու հարցնի՝ ոչխար չունե՞ք ծախու…»։ Հանուն արդարության` նշենք, որ կոնկրետ ոչխարների մասով Անտառամեջի հովիվների երազանքը առավել քան իրականություն է դարձել. նրանց մոտ գնում են բեռնատարներով ու տանում ոչխարները։ Իհարկե, տանողը պետությունը չէ, ու «Միսկոմբինատի» փոխարեն լրիվ այլ տեղ են տանում, բայց դա էական չէ։ Ինչ վերաբերում է բանկերին, ապա լինում են դեպքեր, որ նրանք իրենք են մոտենում գործարարներին եւ առաջարկում վարկեր (դա շատ հաճախ լինում է տարբեր տիպի ցուցահանդեսների ժամանակ), սակայն, երբ ոգեւորված գործարարը վերցնելով աշխատակցի այցեքարտը` հաջորդ օրն այցելում է բանկ՝ պարզվում է, որ ինքը 100 կիլոգրամ փաստաթուղթ պիտի հավաքի, որ իր գործը քննարկեն։
Կոնկրետ գյուղատնտեսության մասով, ըստ Արծվիկ Մինասյանի, իրավիճակը վատթարանում է այն պատճառով, որ բանկերը վարկավորման
77%-ն իրականացրել են արտարժույթով. այսինքն՝ փոխարժեքի տատանման ռիսկը տեղափոխել են գյուղացու վրա։ Այս ամենի արդյունքում, ըստ նրա, ավելի քան 30 հազար մարդ կանգնած է անվճարունակության շեմին։ Եթե հանրապետության բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 6%, ապա, պատգամավորի խոսքերով, չի կարելի խոսել ֆինանսական համակարգի մասնակցության եւ դրա շնորհիվ` գյուղատնտեսության աճի խթանման մասին. «Հայաստանի ֆինանսական շուկան կայացած չէ, զարգացած չէ։ Ողջ ֆինանսական ակտիվների 92%-ը գտնվում է առեւտրային բանկերի ձեռքում։ Սակայն բանկերը՝ իրենց այդ հզորությամբ հանդերձ, չեն մասնակցում տնտեսության աճին»։
Բ. Ասատրյանն էլ հիշեցրեց, որ այսօրվա վիճակն ավելի տխուր է, քան 20-րդ դարի սկզբին՝ Առաջին Հանրապետության ժամանակ։ Այն ժամանակ, ըստ Բ. Ասատրյանի, մի քանի տասնյակ ֆինանսավարկային կազմակերպություններ ֆինանսավորում էին մոտ 37 հազար տնտեսությունների, մինչդեռ այսօր այդ ցուցանիշը 30 հազարի չափ է։
Մի խոսքով, քննարկմանը ներկա լրագրողները վերջնականապես համոզվեցին, որ ֆինանսական համակարգի միջոցով եւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների իջեցմամբ վիճակը շտկելու կառավարության ջանքերը, կարելի է ասել, ի սկզբանե ձախողված են։
Ավելին, գյուղատնտեսության ոլորտին 14%-ով (որից 4%-ը սուբսիդավորելու է պետությունը) արտոնյալ վարկեր տրամադրելու նախաձեռնությունը կարծես այնքան էլ մեծ ոգեւորությամբ չի ընդունվել բանկերի կողմից։ Երկու օր առաջ տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դժգոհել է, որ բանկերն ուշացնում են գյուղացիների վարկավորումը։ Լրագրողների այս հարցադրմանն ի պատասխան, Ա. Օսիպյանը նշեց, որ բանակցությունները Գյուղնախարարության հետ դեռ ընթացքի մեջ են, պետք չէ անհանգստանալ, եւ խնդիրը արագ կլուծվի։ Իսկ հաջորդ դիտարկմանը, թե՝ մինչեւ բանակցությունները ավարտվեն, գարնանացանը կվերջանա, միջամտեց արդեն Բ. Ասատրյանը՝ նշելով, որ պետք չէր սպասել մինչեւ ապրիլ՝ գլխի ընկնելու համար, որ գարնանացան է պետք։ «Փողը գնում է այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում: Գյուղը այդ տեղը չի»,- եզրափակեց Բ. Ասատրյանը։