«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց եւ հարյուր պատասխան» խորագիրը կրող քննարկման երեկվա հյուրը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էր:
Արձագանքելով ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի երեկվա այն հայտարարությանը, թե «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն չպետք է այրեն ՀԱԿ-ի հետ բոլոր կամուրջները, Վ. Հովհաննիսյանն ասել է. «Լավ կլիներ, որ այդ խորհուրդը ՀԱԿ-ի գլխում ծագեր այն ժամանակ, երբ նրանք անխնա կերպով ծաղրում էին ու շարունակում են ծաղրել Րաֆֆի Հովհաննիսյանին իր քաղաքացիական ակցիայի ժամանակ: Ինչ ցեխ ասես` շպրտեցին, ինչ վարկաբեկիչ արտահայտություն ասես` ՀԱԿ-ը Րաֆֆիի նկատմամբ արեց, եւ հիմա ասում են` մի այրեք կամուրջները: Ա՛յ, երբ Դավիթ Շահնազարյանը ԿԳԲ-ի պետ էր, իսկ ես էդ շենքի ներքեւի նկուղում, բանտում նստած էի, թող այդ ժամանակ մտածեր կամուրջների մասին»: Չնայած սրան` Վ. Հովհաննիսյանը միաժամանակ ասել է, թե ՀՅԴ-ն ՀԱԿ-ի հետ համագործակցությունը չի բացառում. «Բայց ոչ մի իրեն հարգող քաղաքական ուժ չի կարող համագործակցել լիդերի շուրջ, լիդերի անուն-ազգանվան շուրջ: Համագործակցել ծրագրի, կոնկրետ անելիքի, արդար ընտրության, խնդրեմ, բայց ոչ թե այն հարցի շուրջ, թե ով է լինելու ազգի պապան կամ պապին: Էդ թեմայով մենք որեւէ մեկի հետ համագործակցել չենք կարող»: Ըստ Վ. Հովհաննիսյանի` ՀՅԴ-ն պատրաստ է նաեւ մասնակցել ընդդիմադիր երկրորդ ճակատի ստեղծմանը. «Նման իրավիճակն իշխանությանը հնարավորություն է տալիս արդարացնելու իր պահվածքը, իսկ ՀԱԿ-ին` արդարացնելու իր ծայրահեղական կոչերը: Ժամանակն է, որ ժողովուրդը միավորվի եւ վերջապես այս երկուսին ասի` գնացեք այստեղից»: Վ. Հովհաննիսյանի խոսքով` այսօր քննարկվում է ընդդիմության միավորման, հնարավոր ձեւաչափի հարցը: «Այսօր ՀԱԿ-ը գործող իշխանության հետ շատ ավելի մեծ ընդհանրություններ ունի` չնայած հայհոյանքներին, իրար հասցեին ինչ ասես` չասելուն, բայց կան քաղաքական ասպարեզներ, որտեղ նրանց` իրար մոտիկ լինելը ցայտուն երեւում է»,- ասել է նա` հավելելով, թե այդ «մոտիկությունը» տեսանելի է ԼՂՀ-ի եւ հայ-թուրքական հարցերի շուրջ: Սակայն, ինչպես նշել է Վ. Հովհաննիսյանը, նույնիսկ այս պայմաններում ընդդիմադիր ուժերը կարող են համագործակցել կամ միավորվել, բայց պետք է հստակեցնել, թե ինչի շուրջ: «Այսօր դեռ մեկ քաղաքական շրջանակի ներքո միավորվելու առաջարկ է արվում, իսկ ով սրա մեջ չի տեղավորվում, սկսում են անխնա հայհոյել: Այս պայմաններում կլինի միավորում, բայց մենք կորոշենք` ում հետ եւ ինչպես, ոչ թե ինչ-որ թելադրանքի ներքո»,- ասել է նա:
Ի դեպ, ըստ Վ. Հովհաննիսյանի, այսօր Հայաստանը երեք վարչապետ ունի. «Տիգրան Սարգսյանը, ով ի պաշտոնե կառավարության ղեկավարն է, եւ չպետք է անուշադրության մատնել Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առաջնորդներին, որոնք վարչապետի գործառույթներ են իրականացնում իրենց կուսակից նախարարների վրա ճնշումներ գործադրելու միջոցով»: