Երեկ մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ դիմում են ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որպեսզի վերջինս թույլատրի իրենց այցելելու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող իրենց գործընկերոջը` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Դիմումում ասված է. «Հարգելի պարոն Թովմասյան, մեր գործընկերը՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, շուրջ 2 տարի է, գտնվում է ազատազրկման վայրում: Այժմ նա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում է: Մենք՝ լրատվամիջոցների ղեկավարներս, ցանկություն ունենք այցելել «Արթիկ» ՔԿՀ՝ մեր գործընկերոջ հետ տեսակցելու: Քրեակատարողական օրենսգիրքը թույլատրում է տեսակցել դատապարտյալների հետ, առավել եւս` լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հուսով ենք, մեր խնդրանքը չի մերժվի»: Հ. Թովմասյանին են դիմել`
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
«168 Ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
«Հետք» օրաթերթի եւ կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան
«Լրագիր» ինտերնետ պարբերականի տնօրեն Հայկազն Ղահրիյան
«Armenia today» ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյան
«News.am» ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան
«Ա1+» ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Մեսրոպ Մովսեսյան
«EPRESS.am» պարբերականի գլխավոր խմբագիր Արմեն Մելիքբեկյան