Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ինչպես եւ ակնկալվում էր, ավելի քան վստահ հաղթանակ տարավ անցած կիրակի կայացած նախագահական արտահերթ ընտրություններում: Երեքշաբթի օրը Ղազախստանի ԿԸՀ-ն պատրաստվում էր հաստատել Նազարբաեւի ստացած 95,5% ձայները: Եվ արդեն ապրիլի 8-ին ԱՊՀ որոշ երկրների ղեկավարներ, հնարավոր է նաեւ այլ` ավելի հեռու երկրների առաջնորդներ, կարող են ժամանել Աստանա` մասնակցելու նախագահի երդման արարողությանը:
Տեղեկությունը, որ Նուրսուլթան Նազարբաեւի` պետության ղեկավարի պաշտոնը չորրորդ անգամ ստանձնելու արարողությունը տեղի կունենա ընտրությունների օրվան այդքան ռեկորդային մոտ ժամկետում, հայտնել են Ղազախստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված այդ շտապողականությունը: Սակայն, ինչպես երեւում է, այն կապված չէ հաղթանակը որքան հնարավոր է արագ գործնականում ամրապնդելու ցանկության հետ: Դիտորդներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել քվեարկության գործընթացը, բացառությամբ ԵԱՀԿ-ի ներկայացուցչի, որն այս ընտրություններն անվանել է ժողովրդավարության չափանիշներին չհամապատասխանող: Սակայն Նազարբաեւը մի կերպ կդիմանա դրան. նա ցանկացած դիտորդից էլ լավ գիտի, թե իր մոտ` Ղազախստանում, ինչն է ընթանում ժողովրդավարական ուղիով, իսկ ինչը` ոչ: Գործող նախագահի արդեն չորրորդ հաղթանակի դեմ ներքին բողոք նույնպես չկա: Դե, հո չի՞ կարելի լուրջ բողոք համարել մի խումբ ընդդիմադիրների` խոհանոցում` մի բաժակ թեյի շուրջ ծավալվող քննարկումները: Իսկ լուրջ հակառակորդները վաղուց արդեն կամ արտասահմանում են, կամ ավելի հեռու: Քննարկելու բան չկա էլ, եթե Նազարբաեւի գլխավոր մրցակիցը ընտրությունների ժամանակ քվեարկեց Նուրսուլթան Աբիշեւիչի օգտին եւ բացատրեց. «Դա միակ ճիշտ որոշումն էր»: Թերեւս սա «ռեկորդ» է: Ես չգիտեմ` եղե՞լ են արդյոք հետխորհրդային պատմության մեջ դեպքեր, երբ թեկնածուն քվեարկել է իր մրցակցի օգտին: Ըստ տրամաբանության` թերեւս չի եղել: Եղել է ուրիշ բան, եւ դա համատարած է. երբ ժողովրդավարական (հետխորհրդային պայմաններում որոշ իմաստով պայմանականորեն, իհարկե) ալիքի վրա իշխանության եկած մարդը սկսում է կասկածել իր քաղաքական հակառակորդների «լիարժեքության» վրա` ոչ մի կերպ չհամարձակվելով նախագահական ժամկետի օրինական ավարտից հետո որեւէ մեկին զիջել իշխանությունը: Պարզվեց, որ դրա համար բավականին շատ մեթոդներ կան` սկսած Սահմանադրության մեջ փոփոխություններից` ի նպաստ նախագահական ժամկետի երկարացման կամ էլ այդ ժամկետների քանակի ավելացման, սակայն ամեն դեպքում` հօգուտ գործող իշխանության, կամ էլ հիմնական օրենքի ավելի խորամանկ փոփոխություններ կատարելով` ուղղված խորհրդարանի խոսնակի կամ վարչապետի լիազորությունների ընդլայնմանը` ի վնաս նախագահի: Եվ այս ամենը` հանուն նրա, որ հայրենիքը մի քիչ էլ ղեկավարեն, թեկուզ եւ` նախագահ չկոչվեն:
Նազարբաեւը ԱՊՀ իր գործընկերներին օրինակ ծառայեց: Այժմ որոշ դեպքերում չափից դուրս տարբեր երկրներում ժողովրդավարական չափանիշներով շատ մտահոգվող Արեւմուտքին համոզելու համար հետխորհրդային երկրների նախագահները նախընտրական շրջանում կմտածեն այնպիսի մրցակիցներ փնտրելու մասին, որոնք իրենց ձայները կտան հենց գործող նախագահին. «տե՛ս, Վաշինգտոն, անգամ իմ մրցակիցն է իմ կողմից, հարցեր կա՞ն»:
Սակայն, թերեւս, հարցերից հնարավոր չի լինի խուսափել: Հատկապես, եթե նման ժողովրդավարությունն ամրապնդված չէ ածխաջրածնային հանքավայրերով, որոնք շահագործվում են Արեւմուտքի կողմից թելադրված պայմաններով: Ավելին, կոնկրետ Նազարբաեւին ուղղված հարցեր կլինեն, եթե հավատանք մի բարձրաստիճան դիվանագետի հայտնած ոչ պաշտոնական տեղեկությանը, որն օրերս ընկերական շրջապատում ասել է. Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արեւելքից հետո մոտենում է Ղազախստանի եւ Ադրբեջանի, իսկ հետո` նաեւ Ռուսաստանի հերթը: Հայտնի չէ, թե որքանով կարելի է նրան վստահել, սակայն` եթե Նազարբաեւի մասին տեղեկությունները հաստատվեն, ցավալի կլինի: Նա միշտ թողել է հեռատես առաջնորդի տպավորություն, ով երբեք չբավարարվելով ձեռք բերածով` միշտ պատրաստ է եղել հանուն գլոբալ հեռանկարային օգուտների զոհաբերել իր պետության այսրոպեական շահերը: Հետխորհրդային տարածքում Ղազախստանի` ինտեգրացիոն գործընթացներ նախաձեռնող նախագահն առաջինն էր ոչ այնքան ընդունված որոշումներ կայացնում իր երկրում` ցույց տալով, որ ինքը ազնիվ խաղի կողմնակից է, որպեսզի գործընկերների մեջ ոչ մի տարակույս չառաջանա: Այդպես է եղել Մաքսային Միության, ԵՎՐԱԶԵՍԻ պարագայում:
Ինչո՞վ կարող է Ղազախստանի նախագահը դադարել Արեւմուտքին ձեռնտու լինել: Արտաքին պատճառներ չկան: Սակայն դրանք կարծես թե չկային նաեւ Եգիպտոսի նախագահի` Մուբարաքի պարագայում: Միայն երկիրը չափազանց երկար ղեկավարելն էր: Իսկ Նազարբաեւը երկար ժամանակ է ղեկավարում: Եվ մտադիր է աշխատել եւս երկու նախագահական ժամկետ` այս մեկը, իսկ հետո` եւս մի անգամ հաղթել նախագահական ընտրություններում: Չար լեզուներն ասում են, որ Ղազախստանի պետական գանձարանից ֆինանսավորվում է մի ողջ ինստիտուտի աշխատանք, որը Նազարբաեւի անձնական հանձնարարությամբ զբաղված է մարդուն երիտասարդացնելու դեղատոմս որոնելով: Արեւմուտքի համար, որը պարբերաբար, սակայն ընտրովիության սկզբունքով տարված է ժողովրդավարության գաղափարների տարածմամբ, եւ դրա համար չի խորշում ինքնավար պետությունները ռմբակոծելուց, անկախ պետությունների տարածքներ ներխուժելուց, ժողովրդի կողմից ընտրված նախագահների նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց, նման ինֆորմացիան կարող է նույն ազդեցությունն ունենալ, ինչ կարմիր կտորը` ցուլի վրա: Աստված մի արասցե՛ իհարկե, քանի որ Աֆղանստանում, Իրաքում ժողովրդավարական ղեկավարների հաստատվելուց հետո սկսված խառնաշփոթը բոլորին է հայտնի, իսկ թե ուր կհասցնի Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում եւ այլ երկրներում սկսվածը, դեռ պարզ չէ: Եվ բացարձակապես անկանխատեսելի են հետեւանքներն ընդամենը 15 միլիոնանոց բնակչություն ունեցող Ղազախստանում, որի տարածքը, սակայն, գերազանցում է, օրինակ, Ֆրանսիայի տարածքը` ավելի քան չորս անգամ: Ընդ որում` Ղազախստանը սահմանակից է Ռուսաստանին, Չինաստանին, անհանգիստ Ղրղըզստանին, հավերժական մրցակից Ուզբեկստանին եւ ֆլեգմատիկ Թուրքմենիային: