Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է բեռնափոխադրող ընկերությունների վարքագծի հետ կապված ուսումնասիրությունը եւ երեկվա նիստում որոշել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ: Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այդ ընկերություններն են` «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» եւ «ՍՕՀՕ»: Հանձնաժողովը հիշեցնում է, որ համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաեւ` առեւտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար առեւտրականներից գանձվող վճարի չափը: Նույն աղբյուրների պնդմամբ, Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի մաքսազերծումը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում` 7 դոլարի փոխարեն` 14 դոլար: