Ճիշտ կլինի, որ 2012-ին Մեդվեդեւն ու Պուտինն իրարից անկախ մասնակցեն նախագահական ընտրություններին: «Բի-Բի-Սիի» ռուսական ծառայությանը նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Կոնստանտին Զատուլինը: Հիշեցնենք, որ վերջինս պաշտոնից զրկվել է Լիբիայի հարցում վարչապետ Վլադիմիր Պուտինին պաշտպանելու հարցում: Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ արեւմտյան երկրների կողմից Լիբիայի ռմբակոծությունները համեմատել էր խաչակրաց արշավանքի հետ, մինչդեռ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այդ հայտարարությունից հետո արդարացված էր համարել ՄԱԿ-ի ԱԽ որոշումների իրագործումը: «Իմ կարծիքով` նախագահական ընտրություններին Պուտինի եւ Մեդվեդեւի հենց իրարից անկախ մասնակցությունը կլինի ժողովրդավարական»,- ասել է Զատուլինը: Ռուսաստանի նախընտրական իրավիճակը նա բնութագրել է հետեւյալ կերպ. «Գիշերով Պուտինից փորձում են գողանալ գայիսոնն ու իշխանությունը»: