Օրեր առաջ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այս տարվա փետրվարի 8-ի առավոտյան Շահումյանի անվան ստորգետնյա հանքում դժբախտ պատահարի մասին: Հիշեցնենք, որ պատահարի հետեւանքով մահացավ ընկերության աշխատակից, 1977թ. ծնված Արմեն Եղիազարյանը: Նա ունի 2 երեխա: Դեպքի առնչությամբ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված տեխնիկական քննությունն ավարտվել է: «Համաձայն հանձնաժողովի եզրակացության՝ Արմեն Եղիազարյանը փորվածքում քայլելու ժամանակ վստահ է եղել իր գտնվելու վայրի անվտանգության մեջ կամ մտածել է, որ կհասցնի հասնել անվտանգության խուցը: Այդ իսկ պատճառով լուսային ազդանշան չի տվել: Ինքնաթափի մեքենավարը 15 մետր հեռավորությունից նկատել է տուժածին, բայց այնուհետեւ, չտեսնելով տուժածին փորվածքում եւ չստանալով ազդանշան, մտածել է, որ տուժածն արդեն գտնվում է անվտանգության խցում, եւ վստահաբար առաջ է շարժվել: Մեքենան եւ հետիոտնը հանդիպել են այնպիսի վայրում, որտեղ հետիոտնը առաջ կամ ետ փախչելու ճանապարհ չի ունեցել եւ բնազդաբար անկանոն շարժումներով փորձել է բարձրանալ մեքենայի վրա եւ հայտնվել է մեքենայի եւ պատի արանքում»,- ասվում է դժբախտ պատահարի պատճառների տեխնիկական քննության հաղորդագրության մեջ: Քննությունից հետո «Դինո գոլդի» տնօրինությունը, որ հայտարարել է նաեւ իր հերթին անցկացրած հետազոտության մասին, պատրաստել է պլան՝ դժբախտ պատահարների պատճառ դարձող գործոնները վերացնելու համար: Ընդ որում՝ ընկերությունն այն չի պայմանավորել տեղի ունեցած դժբախտ պատահարով, այլ նշել է՝ իբր հետագա վտանգները, դժբախտ պատահարները կանխելու համար է: Եվ ինչպիսի մեծահոգություն. ընկերությունը պատրաստվում է այլընտրանքային (պահուստային) մուտք նախատեսել ստորգետնյա հանք մուտք գործելու համար, որի նպատակն է` յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ իրարից լիովին առանձնացնել շարժվող մեքենաների ու բանվորների երթուղիները, պատվիրել է բանվորների փոխադրման մեքենա, որն ապագայում կապահովի աշխատողների ավելի ապահով եւ արագ փոխադրումը հանք, երթեւեկության վայրերում աշխատակիցների առկայության մասին տեղեկացման համար անհրաժեշտ հաղորդակցման միջոցների սղության հարցը լուծել, եւ այլն: