Հայաստանում նոր համաճարակ է սկսվել: Վերջը չի երեւում: Աջ ու ձախ դատական հայցեր են մամուլի դեմ: Քնից շուտ վեր կացողը օրվա մամուլն է կարդում ու վազում դատարան` որեւէ լրատվամիջոցից իր պատիվը պաշտպանելու: Դատարաններն ու Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ծանրաբեռնված աշխատում են: Մի քանի օր առաջ կալանք դրվեց «Հրապարակ» օրաթերթի ֆինանսական հաշիվների վրա: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը երեկ կալանք դրեց «Երկիր» օրաթերթի գույքի վրա: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաեւ. «Գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»: Երեւի հետո կբացատրեն, թե ինչ գույք են հետախուզմամբ գտնելու: Մամուլի մասին ՀՀ նոր օրենքը ծառայում է նույն մամուլի դեմ պայքարողներին: Հին օրենքը լրատվամիջոցին պարտադրում էր հերքել իրականությանը չհամապատասխանող իր իսկ հրապարակած տեղեկատվությունը: Իսկ նոր օրենքը` դրան գումարած, թույլատրում է իր մասին հրապարակումից դժգոհողին նաեւ գնահատել իր պատիվն ու որոշակի գումար պահանջել այն վերականգնելու համար: Մամուլի դեմ դատական հայցեր ներկայացնողներն են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու առանձին օլիգարխ պատգամավորներ: Այն, որ օլիգարխ պատգամավորները կգնան նման քայլերի, ենթադրելի էր: Փոխարենը` զարմանալի է, որ քաղաքական լուրջ գործիչը` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է երկրորդ անգամ այս կերպ փորձում պաշտպանել իր պատիվն արատավորումից: Քաղաքական գործիչները, որպես կանոն, հստակ գիտակցում են, որ իրենք հասարակության կողմից միանշանակ չեն ընկալվելու: Հասարակության մի մասն իրենց գնահատելու է, մյուսը` քննադատելու: Իշխանավորը միշտ էլ պիտի պատրաստ լինի օրհնանք կամ անեծք լսելու: Ճիշտ այնպես, ինչպես լրագրողը: Զբաղմունքների կամ մասնագիտությունների բնույթն է այդպիսին: Անհնար է բոլորի համար լավը լինել ու բոլորին գոհացնել: Բայց, արի ու տես, որ ՀՀ նախկին նախագահը նեղացել է մամուլից ու ֆինանսական փոխհատուցում է պահանջում: Պետական կայացած կյանք չունեցող երկրի մամուլի մասին ֆինանսական փոխհատուցման հնարավորություն ներառողները գիտեին, թե ինչ են անում: Հայաստանում լրատվամիջոցները բաժանվում են երկու մեծ խմբերի` «պատասխանատու» եւ «ոչ պատասխանատու» լրատվամիջոցների: 6 կամ 3 մլն դրամը հսկայական գումար է հատկապես ոչ պատասխանատու լրատվամիջոցների համար: Նման հայցերն իրականում կոնկրետ լրատվամիջոցը փակելու հայցեր են: Հիշո՞ւմ եք հրեական անեկդոտ-խորհուրդը` «Ուզո՞ւմ ես սպանել, խփի՛ր գրպանին»: Հայցվորները հենց այդ մեթոդով էլ «սպանում» են: Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ գիտի, որ ոչ բոլոր հայաստանցիներն են գոհ իր կառավարումից: Ի վերջո, թե 1998-ին, թե 2003-ին նա երկրորդ փուլով է նախագահ դարձել: Հետեւաբար, անհասկանալի է, թե ինչու է նա բոլոր լրատվամիջոցներին պարտադրում չհրապարակել իրեն «չընդունողների» կարծիքները: Օլիգարխների պարագան այլ է: Նրանք իրենց ողջ գիտակցական կյանքում մականուն են ունեցել: Ունեցել ու համակերպվել են: Բայց հարստանալուց հետո բարձրագույն կրթության դիպլոմ ու պատգամավորի մանդատ գնելով` չեն բավարարվում: Ուզում են, որ բոլորը մոռանան իրենց անցյալն ու մականունները: Այդպես չի լինում: Եթե նրանցից որեւէ մեկը մի երկու անգամ կռիվ-ղալմաղալի մեջ է ընկնում, մամուլը պիտի որ արձագանքի դրան: Տեսեք, թե ինչից է նեղացել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: «Երկիր» օրաթերթը նրա մասին գրել է, թե նա «շարունակ ծեծ ուտելու սովորություն» ունի: Պատգամավորը սրտնեղել է ու 3 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «իր պատիվն արատավորելու» դիմաց: Հիշեցի՞ք Իլֆի ու Պետրովի հանրահայտ հարցը` «Իսկ 200 ռուբլին չի՞ փրկի մտքի գիգանտին»: Ուինստոն Չերչիլին մի անգամ հարցրել են, թե ինչ կնախընտրեր ունենալ. լավ կառավարությո՞ւն, թե՞ ազատ մամուլ: Պետական գործիչը պատասխանել էր, որ ազատ մամուլ ունենալու պարագային` լավ կառավարություն վաղ թե ուշ կձեւավորվի: Իսկ ազատ մամուլի բացակայության պարագային` ամենալավ կառավարությունը կհաբռգի:
Որքան որ մեր պետությունն է անկատար` Մեծ Բրիտանիայի համեմատ, նույնքան էլ` մեր պետական գործիչները: Իսկապես դժվար է հասկանալ մամուլից «պատիվ պահանջողների» շարժառիթը: Այն, որ «Երկիր» օրաթերթում նրան «ծեծ ուտելու սովորություն ունեցող» էին որակել` հասարակության ճնշող մեծամասնությունն իմացավ իր իսկ հայցի լուրն ընթերցելով: (Ես էլ իմ հոդվածում այդ որակումը երկու անգամ կրկնելով` ակամա տարածեցի այդ որակումը): Մամուլին դատի տալու համաճարակի օրերին մեկ այլ դեպքով պարզ դարձավ, որ մամուլն ինքն անպաշտպան է: Մեկ այլ պատգամավոր` Ռուբեն Հայրապետյանը, հայհոյել է «Հետք» էլեկտրոնային օրաթերթի լրագրողին: Դատախազությունը քրեական գործ չհարուցեց: Ու հիմա լրագրողը դատարան է դիմել` պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի պատգամավորին ներողություն խնդրել եւ մեկ մլն դրամ փոխհատուցել: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Որքան էլ կանխատեսելի լինեն մեր (աշխարհի ամենաարդար) դատարանների վճիռները: Ի վերջո, դատավորի մասնագիտություն ընտրած մարդիկ էլ մասնագիտության բերումով պիտի պատրաստ լինեն օրհնանք կամ անեծք լսելու: Նրանց պարագային ուժեղի կողմը բռնելը թեթեւացնում է անեծք լսելու տհաճությունը: Հավանաբար` նաեւ ֆինանսական իմաստով: