Մտածում է

01/11/2005

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր մտածում են, թե ես հնարավորություն ունեմ երբեւէ պայքարելու նախագահի պաշտոնի համար: Բայց, կարծում եմ, դեռեւս վաղ է դրա մասին խոսելը, մանավանդ, որ այս անգամ նախագահականին նախորդելու են խորհրդարանական ընտրությունները,- ԱՄՆ-ում պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով,- կախված նրանից, թե ինչպիսի վստահություն կունենա ինձ աջակցած քաղաքական ուժը, համաձայն դրա էլ որոշում կկայացվի»: Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրին, ապա Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը տրամադրված է խնդիրը լուծել խաղաղ եղանակով: «Եթե նման մոտեցումը գերակայի նաեւ Ադրբեջանում, կարելի է խոսել բոլոր հարցերի, այդ թվում՝ անվտանգության գոտու մասին»: Իսկ հետո ՀՀ ՊՆ նախարարը կոչ է արել ադրբեջանցիներին՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ «ցանկացած ելքի պարագայում դրանք շատ մեծ վնաս են հասցնելու եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին»,- ասել է Ս. Սարգսյանը: Ազգային անվտանգության հարցում Հայաստանի գլխավոր մարտահրավերներն, ըստ նրա, երկուսն են. «Առաջինն այն է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ հեռացնելու համար պատերազմի վտանգը, ինչպես նաեւ՝ բարելավելու հարաբերությունները հարեւանների հետ, քանզի մինչ օրս ադրբեջանցիները շարունակում են խոսել ԼՂՀ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Երկրորդ մարտահրավերը բոլոր բնագավառներում մեր կառավարման բարելավման խնդիրն է»: