Փաստորեն, իրոք ոչ մի լավ բան անպատիժ չի մնում

07/04/2011

«Տաշիր-2011» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը բավական բուռն քննարկումների տեղիք տվեց: Արդեն մի քանի օր մամուլն ու սոցիալական ցանցերը հետեւողականորեն անդրադառնում են ոչ այնքան բուն մրցանակաբաշխությանը, որքան այն հանգամանքին, որ «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը Երեւանում բնակարաններ նվիրեց մեր երգիչ-երգչուհիներին:

Անկեղծ ասած, ուղիղ եթերը դիտելիս` համոզված էի, թե հատկապես արվեստի աշխարհի մարդիկ, մտավորականներն ուրախ կլինեն, որ նման մրցանակներ ստացան իրենց կոլեգաները: Սակայն պարզվեց` անուղղելի լավատես եմ եղել գոնե այս հարցում: Ո՞րն է դժգոհության հիմնական պատճառը: Հիմնական դժգոհությունն այն է, թե Հայաստանում ավելի շատ կարիքավոր մարդիկ կան, ինչո՞ւ նրանց չտրվեցին բնակարանները: Իհարկե, կան, միանշանակ շատ ավելի կարիքավոր մարդիկ կան: Հատկապես` աղետի գոտում: Սակայն այս պարագայում առաջ են գալիս մի քանի հարցեր, որոնք իսկապես մտահոգիչ են:

Նախ, ամենացավալին այն է, որ այս ամբողջ աղմուկ-աղաղակի մեջ առաջնայինը, որքան էլ տարօրինակ հնչի` պարզունակ չարությունն ու նախանձն է: Այն աստիճան, որ նույնիսկ կասկածներ հնչեցին Նունե Եսայանի ու Շուշան Պետրոսյանի վոկալի վերաբերյալ: Վիրավորանքներ հնչեցին վարպետի` Ջիվան Գասպարյանի հասցեին: Սա արդեն այն ռուբիկոնն է, որն անցնելն ուղղակի վիրավորական է: Չի բացառվում, որ իրավացի է նաեւ Հայաստանի Գրողների միության քարտուղարը` ասելով. «Եթե Սամվել Կարապետյանը նվիրեր ավտոմեքենա կամ թանկարժեք այլ իրեր, որոնք բնակարանից ավելի թանկ կլինեին, աղմուկ չէր բարձրանա: Հայ ժողովուրդը կոմպլեքսավորված է բնակարանի վրա, որովհետեւ միշտ ունեցել ենք բնակարանի խնդիր, անընդհատ մեր աչքը բնակարանի վրա է եղել»: Հնարավոր է, որ նա իրավացի է, սակայն մտահոգիչ է նաեւ մեկ այլ բան, որն այլեւս ակնհայտ է. այս պատմությունից ինչ-որ տհաճ հոտ է գալիս` պարզունակ ու ճակատային պատվերի հոտ: Նպատակը պարզ է` վարկաբեկել: «Տաշիր գրուպ» կազմակերպությունը շատերին է հայտնի եւ բոլորովին էլ նորություն չէ, որ այն միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարում Հայաստանում` ապահովելով բազմաթիվ նոր աշխատատեղեր: Նորություն չէ նաեւ այն, որ «Տաշիր գրուպը» պարբերաբար խոշոր գումարներ է նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Արցախում իրականացվող ծրագրերի համար, շոշափելի գումարներ է ծախսել աղետի գոտու բնակիչների սոցիալական բեռի թեթեւացման համար: Ի վերջո, «Տաշիր գրուպը» այն կազմակերպություններից է, որտեղ աշխատում են շուրջ 10.000 հայրենակիցներ, ընդ որում` զգալի մասը հենց աղետի գոտուց եւ Հայաստանի այլ մարզերից են, որոնք ապահովում են իրենց` Հայաստանում գտնվող ընտանիքների կենսական պահանջներն ու օգնում իրենց հարազատներին: Սակայն չգիտես ինչո՞ւ ոչ ոք չի հիշատակում այս ամենը, չի նշում, որ «Տաշիր գրուպը» անապահով խավին, օգնության եւ օժանդակության կարիք ունեցողներին պարբերաբար աջակցում է: Այլ հարց է, որ «Տաշիր գրուպը» եւ Կարապետյանների ընտանիքը, որ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել մեր երկրում, աշխատատեղեր ստեղծել եւ բարեգործություններ արել, երբեւէ չի բարձրաձայնել ու չի թմբկահարել այն: Թերեւս դա է պատճառը, որ շատերը տեղյակ չեն, թե ինչ գործունեություն է ծավալում «Տաշիր գրուպը»: Սակայն բավական է այցելել մարզեր, այդ թվում` Լոռի եւ Շիրակ, եւ պարզ կլինի, թե առանց ավելորդ ցուցադրումների` որքան բան են արել Կարապետյանները: Իսկ հիմա փորձ է արվում ինչ-որ մեղադրանքներ հասցեագրել նրանց: Իսկ ո՞րն է նպատակը: Եթե նույնիսկ պատկերացնենք, որ նպատակը «Տաշիր գրուպի» շնորհիվ աշխատանք ու աջակցություն ստացողներին դրանից զրկելն է, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ են շահելու այդ «քննադատները»: Առավելագույնը կլինի այն, ոը կմխիթարվեն` մտածելով` եթե ես չեմ ստացել, թող մյուսներն էլ չստանան:

Ի դեպ, երեկ Ջիվան Գասպարյանն ասել է, թե բարոյական չէ «հաշվել» ուրիշի փողերը, առավել եւս, որոշել, թե նա ինչպես ծախսի այդ գումարները: Իսկապես դժվար է չհամաձայնել այս պարզ ճշմարտության հետ: Նա ասել է. «Իր փողն է` ում ուզեցել է` տվել է: Դու իրավունք չունես ասես` ինչի` ես տվել, նրա՛ն չես տվել: Էդ մարդն իր ունեցվածքն է տալիս, որեւէ մեկից չի վերցնում կամ պետության գումարը չի վերցնում»: Ի դեպ, իսկապես ակնհայտ է, որ ի տարբերություն շատ-շատերի, Սամվել Կարապետյանը թալանով չի զբաղվել, պետբյուջեից փողեր չի յուրացրել, Հայաստանից իր բիզնեսն ու փողերը դուրս չի տարել: Նա ընդամենը Ռուսաստանում հաջողակ գործարար է եւ իր կարողությունը ձեռք է բերել իր բիզնեսով: Եվ հիմա այդ կարողությունն ուղղորդում է դեպի իր հայրենիք` այս կամ այն բիզնես-ծրագրերով, բարեգործություններով կամ աջակցություններով: Ստացվում է` հանցանք է գործել: Եվ այստեղ է, որ սկսում ես մտածել` իսկապես մեր իրականության մեջ ոչ մի լավ բան անպատիժ չի մնում: «Այդպիսի տղաներին մենք չպետք է վիրավորենք, պետք է, ընդհակառակը, իրենց ոգեւորենք, դուխ տանք, էսօր արտիստներին են էդպիսի վերաբերմունք ցույց տվել, վաղը-մյուս օրը` խեղճ ու կրակ մարդկանց, մյուս օրը` բժիշկներին, մյուս անգամ` ակադեմիկոսներին, դպրոցներին կտան: Թե չէ միանգամից էսպես պանիկա անել, էդ մարդիկ կվիրավորվեն»,- երեկ ասել է Ջիվան Գասպարյանը:

Ինչ վերաբերում է բուն միջոցառմանը, ապա նորից պետք է վերադառնանք նախանձին ու չարությանը, որովհետեւ մշտապես խոսում ենք մտավորականներին, արվեստի գործիչներին աջակցելու, սատարելու մասին, բայց նման մի քայլը հանդիպում է բուռն դիմակայության: Ինչ է թե` այս տարի մի քանիսն այդ ցուցակում չեն հայտնվել, բնակարան չեն ստացել: Բայց չէ՞ որ խոսքը մրցանակաբաշխության մասին է, այլ ոչ թե զանգվածային տնաբաշխության: Եթե բոլորին տային, արդեն մրցանակաբաշխություն չէր լինի: Իսկ մրցանակաբաշխության ու նման պարգեւների գլխավոր նպատակներից մեկը հենց մեր երգիչ-երգչուհիներին խրախուսելն է, լրացուցիչ մրցակցություն ձեւավորելը, արժանավորներին գնահատելը: Լավ, ի վերջո, անկեղծ լինենք` Սամվել Կարապետյանը պարտավոգր է ամեն տարի այդքան գումարներ ծախսել եւ նման միջոցառում կազմակերպել, այդքան երգիչ-երգչուհիների թանկարժեք նվերներ տալ: Իհարկե, պարտավոր չէ: Բայց անում է` իր հնարավորությունների չափով խթանելով արվեստի ներկայացուցիչների ստեղծագործական կյանքի աշխուժացմանը: Ու փոխարեն շնորհակալ լինեն, որ մարդն իր գրպանից գումար է ծախսել, ասում են` լավ չես ծախսել, մեզ կամ մեկ ուրիշին պիտի տայիր: Հետաքրքիր է, նույն այդ ընդդիմախոսները երբեւէ ձեռքները գրպանը կամ դրամապանակը տարած կա՞ն, որ գոնե մի 100 դրամով օգնեն իրենց կարիքավոր հարեւանին, մի լումայի օգուտ տված կա՞ն նույն աղետի գոտուն, որի մասին այդքան խոսում են: Կարծում ենք` ոչ:

Ռոբերտ ԱՌԱՔԵԼՅԱՆ