Պրոդյուսեր Զառա Մխեյանն արդեն մի քանի տարի բնակություն է հաստատել Մոսկվայում: Նրան շատ արագ հաջողվեց կայանալ ռուսական շոու-բիզնեսի ասպարեզում: Զառան ստեղծեց «Ֆորպոստ» պրոդյուսերական ընկերությունը, նորաձեւության, մոդելային բիզնեսում հանդես եկավ բազմաթիվ նախագծերով: Համերգային գործունեության շրջանակներում նա համագործակցել է Դիմա Բիլանի, Ավրաամ Ռուսոյի, Քրիստինա Օրբակայտեի, Ալլա Պուգաչովայի, Իրինա Ալեգրովայի, «Վիագրա», «Տատու», «Ջիպսի Կինգս» եւ այլ խմբերի հետ, որոնցից շատերի համերգները նա կազմակերպել է Երեւանում եւ Մոսկվայում: Պրոդյուսերական գործունեության շրջանակներում ժամանակին նա աշխատել է մոսկվաբնակ երգչուհի Սոնայի եւ Ա. Ռուսոյի հետ: Զ. Մխեյանն այժմ աշխատում է մի մեծ նախագծի վրա` Ա. Պուգաչովայի երգերի հիման վրա պատրաստում է հայկական առաջին մյուզիքլը: Իսկ առաջիկայում՝ մայիսի 4-ին, նրա նախաձեռնությամբ Երեւանում տեղի կունենա ռուսական էստրադայում մեծ ճանաչում ունեցող Ստաս Միխայլովի համերգը:
– Զառա, տարիներ շարունակ Երեւանում ռուսական էստրադային «աստղերի» համերգներն եք կազմակերպում: Ինչպիսի՞ն է այսօրվա հայ հանդիսատեսը: Տպավորություն է, որ Հայաստանում ռուսական էստրադայի երգ-երաժշտությունը սկսել են ավելի քիչ լսել:
– Ճիշտ եք նկատել: Նախորդ տարիների համեմատ` Հայաստանում ռուսական երաժշտություն սկսել են քիչ լսել: Կարծում եմ՝ դրա պատճառներից մեկը նաեւ կրթական համակարգն է: Այսօր հայ հասարակության ռուսալեզու հատվածն է քչացել: Եվ, բնականաբար, ռուս էստրադային արտիստների պահանջարկը նվազել է: Չնայած այս հանգամանքին, կարող եմ վստահաբար ասել, որ մինչ օրս Երեւանում մեր կազմակերպած համերգները հաջողությամբ կայացել են: Իհարկե, դահլիճն ամբողջությամբ հանդիսատեսով լեցուն չի լինում, բայցեւ կարեւոր է նաեւ այն, որ համերգները կայանում են: Եթե Ռուսաստանում ռուսական էստրադայի առաջին կարգի, առաջին էշելոնի աստղերը հսկայական դահլիճներ են հավաքում, ապա Հայաստանում դրա 70-80%-ը հազիվ են հավաքում: Հանդիսատեսի պասիվ վերաբերմունքի, համերգներին չհաճախելու պատճառներից մեկն էլ մարդկանց ֆինանսական հնարավորություններն են: Մտավորականության այն լսարանը, որ հաճույքով կմասնակցեր համերգներին, տոմս գնելու ֆինանսական հնարավորություն չի ունենում: Հայաստանում մեր կազմակերպած համերգների տոմսերի գները սկսվում են 5000 դրամից: Սա նորմալ գին է, որովհետեւ այլ պետություններում ռուս առաջին կարգի աստղերի համերգների տոմսերի գները սկսվում են նվազագույնը 50 դոլարից: Տոմսերի նման գները հասկանալի են` կազմակերպչական եւ գովազդային ծախսեր, դահլիճների վարձավճարներ, երգչի կամ խմբի հոնորարներ…
– Այսինքն՝ Հայաստանում դժվա՞ր է համերգներ կազմակերպելն ու աստղերի հրավիրելը: Հիմնականում ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնում:
– Այսօր ոչ միայն մեր ընկերության, այլեւ մյուս կազմակերպությունների, ընկերությունների համար, որոնք փորձ են անում համերգներ կազմակերպել, բավական բարդ է Երեւանում համերգներ կազմակերպելը: Որպես ակնառու օրինակ՝ նշեմ մեկ ամիս առաջ Երեւանում Սարա Քոնորի համերգը, որը չկայացավ: Այն ընկերությունը, որը կազմակերպում էր համերգը, վաճառված տոմսերի գումարները չվերադարձրեց: Դա անթույլատրելի երեւույթ է, ինչը միանշանակ վախ է առաջացրել հասարակության շրջանում: Սակայն այս դեպքում համերգի տապալման, տոմսերի գումարները չվերադարձնելու համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոչ թե կազմակերպությունը, այլ համերգի կազմակերպիչը: Որքան ինձ հայտնի է` այժմ այդ համերգի կազմակերպչի նկատմամբ իրավապահների կողմից գործ է հարուցվել: Նման երեւույթները պետք է պատժելի լինեն: Մինչ օրս մեր ընկերությունը նման երեւույթի հետ չի բախվել:
– Բայց Սարա Քոնորի չկայացած համերգն առաջին դեպքը չէ Հայաստանում, երբ կազմակերպիչները տոմսերը վաճառում են, հետո, մեղմ ասած՝ այդ գործից «թռնում»: Սա ինչո՞վ է պայմանավորված:
– Պարզապես ամեն մի կազմակերպության չպետք է թույլ տալ համերգային գործունեությամբ զբաղվել: Տվյալ պարագայում պետք է նաեւ օրենք մշակվի, ըստ որի՝ համերգ կազմակերպող ընկերությունն ունենա համապատասխան գործունեություն ծավալելու արտոնագիր: Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով: Հատկապես հայ հանդիսատեսին կցանկանայի փոխանցել, որ այդ կազմակերպության հետ մենք որեւէ առնչություն չունենք: Ավելին՝ մայիսի 4-ին Երեւանում «Ֆորպոստ» ընկերությունը, Երեւանում՝ «Արտաս» կազմակերպությունը, կազմակերպելու են Ստաս Միխայլովի համերգը: Նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցել համերգին, մանրամասների համար կարող են հենց երգչի` Ստաս Միխայլովի ինտերնետային պաշտոնական էջից տեղեկանալ:
– Իսկ հետաքրքիր է՝ Հայաստանում ճանաչո՞ւմ են Ստաս Միխայլովին:
– Մինչ համերգ կազմակերպելը մենք սոցիոլոգիական հարցումներ ենք անցկացնում, առանց որի մենք արտիստին չենք հրավիրում: Չեմ կարող ասել, թե Ստաս Միխայլովին լսելու պահանջարկը շատ մեծ է, բայց, այնուամենայնիվ, պահանջարկ կա: Նա Ռուսաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող արտիստներից է, առաջին կարգի աստղերից է համարվում: Կարծում եմ՝ գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանում երգարվեստի «շուկայում» ամենամեծ դահլիճներն ունենում են ռաբիս երգիչները: Բայց Ստաս Միխայլովը ոչ միայն ռուսական շանսոնի, այլեւ էստրադայի թիվ 1 երգիչն է համարվում:
– Որքան հայտնի է` տեւական ժամանակ աշխատել եք նաեւ Ավրաամ Ռուսոյի հետ: Տեղյա՞կ եք, որ վերջինս ՀՀ քաղաքացիություն է ուզում ստանալ:
– Այո, տեղյակ եմ այդ մասին: Քանի որ ես շատ եմ սիրում իմ հայրենիքն ու իմ ժողովրդին, ես միանշանակ դեմ եմ, որպեսզի նա ՀՀ քաղաքացիություն ստանա: Նա իր գործունեության ընթացքում երբեք չի հայտարարել, որ ինքը հայ է: Մենք արդեն 4 տարի է՝ չենք աշխատում նրա հետ, որովհետեւ Ավրաամ Ռուսոյի հետ հնարավոր չէ մաքուր գործունեություն վարել: Չնայած իր ծնողները հայ են, բայց նա երբեւէ չի հայտարարել իր հայ լինելու մաիսն: Ավելին՝ նա հայերենով բավական գրագետ ու սահուն է խոսում: Վերջերս Սոսո Պավլիաշվիլիի հետ «Երաժշտական ռինգում» Ավրաամ Ռուսոյին լրագրողները հարցրեցին, թե ինքն ի՞նչ ազգ է ներկայացնում: Նա պատասխանեց, որ ծնվել է Կիպրոսում, իր նկատմամբ կատարված վերջին մահափորձից հետո իրեն արյուն է տվել իր ռուս թիկնապահը, եւ այդ հանգամանքից ելնելով՝ նա ասաց, որ ուրեմն՝ ինքը ռուս է:
– Այսինքն՝ ամաչում է հայ լինելու համա՞ր:
– Երբ տարիներ առաջ Անթալիայում կազմակերպել էի նրա համերգը, այնտեղ նա հայտարարեց, որ իր արմատներում կա նաեւ թուրքի արյուն: Ինքը ցանկացած երկրում կարող է հայտարարել, որ ինքն այդ ազգի արյունն է կրում: Նա հանուն իր անվան, PR-ի՝ պատրաստ է դավաճանել իր հայրենիքը: Իսկ ցանկացած մեկը, որ չի խոստովանում իր ազգային պատկանելությունը, եւ ամեն քայլափոխի պատրաստ է դավաճանել իր ազգը, ուրեմն՝ նա շատ վտանգավոր մարդ է: Ես 7 անգամ կազմակերպել եմ նրա երեւանյան համերգները: Երեւանում նա միշտ բարձրակարգ ընդունելություն է ունեցել, սակայն դա որեւէ ազդակ չի եղել՝ խոստովանելու իր հայ լինելու փաստը:
– Այնուամենայնիվ, տեղյա՞կ եք հայկական երգարվեստի, այսպես ասած՝ շուկայի մասին: Մեզ մոտ հաճախ ենք լսում, որ շոու-բիզնես չկա Հայաստանում:
– Համամիտ եմ այդ տեսակետին, քանի որ Հայաստանում պրոդյուսերական կազմակերպություններ չկան: Արտիստի հետ պետք է պրոֆեսիոնալ խումբ աշխատի, մինչ նրա առաջին երգի ձայնագրությունը, առաջին տեսահոլովակի նկարահանումը: Ամեն անգամ Հայաստան գալով՝ հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ 10-15 նոր աստղ է ավելացել հայկական էստրադային երգարվեստում: Միշտ զարմանում եմ այդ երեւույթի վրա՝ հաշվի առնելով, որ պահանջարկ, կարծես թե, չկա: Ռուսաստանի պարագայում այդ հանգամանքն այլ է՝ այնտեղ տարբեր քաղաքներում համերգային շրջագայություններ են կազմակերպում, ակումբները շատ են, եւ այլն: Հայ երգիչ-երգչուհիները մի խնդիր ունեն՝ նրանց թվում է, թե իրենք ամենակարող են եւ կարող են թելադրել ռեժիսորին, պրոդյուսերին, տեսահոլովակ պատրաստողին, եւ այլն: Մինչդեռ դա այդպես չէ, որովհետեւ թելադրողի դերում միշտ հանդես է գալիս պրոդյուսերը: Երգչի կամ երգչուհու համար բավական դժվար է առաջընթաց ունենալ առանց պրոդյուսերի: Օրինակ, Ավրաամ Ռուսոն արդեն 4 տարի է՝ պրոդյուսեր չունի, եւ, ինչպես տեսնում եք, նրա գործունեության մեջ որեւէ առաջընթաց չի արձանագրվել:
– Տնտեսական ճգնաժամը որքանո՞վ է անդրադարձել ռուսական շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիների վրա: Նրանց հոնորարները նվազե՞լ են:
– Երգիչ-երգչուհիների հոնորարների նվազումը միայն որոշ ժամանակ տեւեց: Այնուհետեւ դրան հաջորդեց հոնորարների կտրուկ բարձրացումը, քան` մինչ տնտեսական ճգնաժամն էր: Դրա պատճառներից մեկը պայմանավորված էր տնտեսական ճգնաժամից հետո Մոսկվայում կորպորատիվ ընկերությունների քանակի կրճատմամբ: Իսկ բացի համերգային շրջագայություններից, համերգային պատվերները հիմնականում լինում են հենց այդ ընկերությունների կողմից: Եվ քանի որ այդ խոշոր ընկերությունները ֆինանսական մեծ վնասներ կրեցին տնտեսական ճգնաժամի ժամանակ, համերգների պատվերների, հրավերների շուրջ 50-60%-ը կրճատվեցին, ակումբների մեծ մասը փակվեցին:
– Իսկ միջին վիճակագրությամբ որքա՞ն հոնորար է ստանում ռուս երգիչ-երգչուհին:
– Ռուսական էստրադայի առաջին էշելոնի երգիչ-երգչուհու հոնորարը 50.000-200.000 դոլար է, երկրորդ էշելոնի դեպքում՝ 20.000-30.000 դոլար, եւ վերջապես երրորդ էշելոնը՝ 10.000-25.000 դոլար:
– Ամեն դեպքում դժվար է չանդրադառնալ հայ երգիչ-երգչուհիների՝ ռուս աստղերի անհաջող կրկնօրինակներին: Ռուս ամենաանտաղանդ աստղն անգամ մատուցման հետաքրքիր մաներա ունի, եւ դա ստիպում է լսել իրեն՝ անգամ, եթե երգը պրիմիտիվ է:
– Միգուցե Ռուսաստանի շատ արտիստներ չունենան այն տաղանդը, ինչ մեր հայ արտիստներն ունեն: Ռուս աստղերից շատերը մեծ դիապազոն, վոկալային տվյալներ չունեն, բայց նրանք պրոֆեսիոնալ ձեւով են պատրաստվում իրենց ելույթներին: Եվ դա է, որ հանդիսատեսին ստիպում է սիրով նայել, որովհետեւ բեմադրությունը, իմիջը, ոճն արդեն ստիպում են նայել: Հայ երգիչ-երգչուհիների 98%-ին հնարավոր չէ լսել:
– Ինչո՞ւ:
– Թերեւս առաջինը վանում է նրանց ոճը: Չգիտես ինչու, հայ արտիստների մեծ մասը սկսել է ռաբիս երգել, երկրորդը՝ սկսել են լացելով, կլկլացնելով երգել: Այլ կերպ ասած՝ կենդանի որեւէ երեւույթ բեմում կամ կատարման մեջ չի նկատվում: Բայց դա չի նշանակում, թե մենք տաղանդավոր երիտասարդներ չունենք, սակայն նրանք առաջ գնալ չեն կարողանում: Բայցեւ Հայաստանում ջազային եւ դասական երաժշտության հրաշալի կատարումներ կարելի է լսել:
– Բայց դա միայն ակումբներում է, ինչը հայ հանդիսատեսի մեծ մասին անհասանելի է: Իսկ հասանելի են դառնում հեռուստաէկրանին երեւացող նույն լացուկոծով երգերն ու միօրինակ տեսահոլովակները: Որքան տեղյակ եմ, Ռուսաստանում արդեն վերահսկվում են նաեւ ակումբներում հնչող երգերը, նույն հաջողությամբ արգելվեց նաեւ ֆոնոգրամայով հանդես գալը: Հայաստանում, կարծես, այդպես էլ չստացվեց գոնե կենդանի կատարումներ ապահովելը:
– Իհա՛րկե չի ստացվի, որովհետեւ կենդանի երգելու համար արտիստը պետք է շատ աշխատի: Ցավոք, այսօր պահանջարկ սկսել են ձեւավորել հեռուստաընկերությունները: Ռուսաստանում գոյություն ունի գեղարվեստական խորհուրդ, որտեղ ընդգրկված են պրոֆեսիոնալ մասնագետներ: Տեսահոլովակը հեռուստաեթերում հայտնվելու, ձայնագրությունը ռադիոեթերում հնչեցնելու համար նախեւառաջ հարկավոր է ունենալ այդ գեղխորհրդի թույլտվությունը: Կարծում եմ՝ Հայաստանում էլ պետք է դա ձեւավորվի: