Վերջերս երգիչ Արթուր Հակոբյանը, ով հանրությանը հայտնի է Միստր X բեմական անվամբ, տարբեր միջոցառումներին ներկայանում է Մերի անունով աղջկա հետ: Արթուրի հետ զրույցից պարզ դարձավ, որ ինքն ու Մերին արդեն երեք տարի ընկերություն են անում, սակայն միայն վերջերս են սկսել հանրությանը ներկայանալ:
– Կպատմե՞ս, թե ինչպես ես ծանոթացել Մերիի հետ:
– Ծանոթացել ենք, երբ առաջին անգամ համաձայնել եմ երգել հարսանիքում: Նա հյուրերի շարքում էր եւ նստած էր այն նույն սեղանի շուրջ, որտեղ ես էի: Մեծ նշանակություն եմ տալիս կրթությանը: Մերին գերազանց գնահատականներով ավարտել է Համալսարանը եւ այս տարի բարձր գնահատականներով ընդունվել է Ամերիկյան համալսարան: Կրթությունը շատ մեծ դեր է խաղում մարդու կայացման հարցում: Եվ, չնայած Մերին 10 տարի փոքր է ինձանից, սակայն, շնորհիվ նրա խելացիության` առանձնապես տարբերություն ես չեմ զգում: Արդեն երեք տարի է` հանդիպում ենք, սակայն միայն վերջերս ենք միասին մասնակցում տարբեր միջոցառումներին: Ես ուզում եմ, որ նա հնարավորինս ճանաչի այն միջավայրը եւ մարդկանց, ում հետ առնչվում եմ` աշխատանքիս բերումով:
– Արդեն 32 տարեկան ես, չե՞ս պատրաստվում ամուսնանալ:
– Կարծում եմ` շուտով: Պարզապես դեռ չգիտեմ, թե վերջնականապես որտեղ եմ բնակվելու` Հայաստանո՞ւմ, թե՞ ԱՄՆ-ում:
– Ճի՞շտ է, որ վաճառել ես քո ձայնագրման ստուդիան:
– Ստուդիան վաճառեցի, քանի որ բոլոր ձայնագրություններս կատարվում էին արտերկրում:
– Ինչո՞ւ, ձայնագրման որա՞կը չէր բավարարում, թե՞ ճգնաժամն էր պատճառը։
– Պարզապես աշխատանքի բերումով տարվա մեծ մասն անց էի կացնում արտերկրում եւ երեւանյան ստուդիայում անելիք գրեթե չէր լինում: Որակի առումով վստահ կարող եմ ասել, որ իմ ստուդիայում բավականին բարձր որակով ձայնագրություն էինք կարողանում ապահովել, քանի որ այն զինված էր բարձրակարգ տեխնիկայով: Իմ վերջին ձայնասկավառակը ձայնագրել եմ այդ ստուդիայում: Սակայն այդ սկավառակից երկու երգ ձայնագրել եմ Չիկագոյում: Եվ վստահ կարող եմ ասել, որ որակային առումով բացարձակ տարբերություն չկա Երեւանում եւ Չիկագոյում ձայնագրված երգերի միջեւ:
– Ի՞նչ է զգում երգիչը, երբ իր երգի հետ զուգահեռ` լսում է պատառաքաղի եւ դանակի, ծամող բերանների ձայներ:
– Նույն կերպ ինձ նյարդայնացնում է, երբ ես երգում եմ բեմից եւ լսում եմ հանդիսատեսի բջջայինի զանգը:
– Կարծում ես, որ տարբերություն չկա՞ հատուկ քո համերգին ներկա լինելու համար տոմս գնած հանդիսատեսի եւ ուտող, խմող, ընթացքում էլ երգ լսող ռեստորանի այցելուի միջեւ:
– Իհարկե կա տարբերություն: Ինձ համար գոյություն ունի մեծ եւ փոքր բեմ հասկացողությունը: Ես ստեղծագործել եմ մեծ բեմի համար: Սակայն մեծ կտավ ցուցադրելու համար` մեծ պատ է անհրաժեշտ: Ինձ մեծ տարածք է պետք, իսկ այն չկա:
– Տարա՞ծքը, թե՞ լսարանը չկա: «Չիկ»-ով վերջացող անուններ կրող մեր երգիչները բավականին մեծ հաջողությամբ համերգասրահներ են «լցնում»: Միգուցե լսարա՞նդ է փոքր:
– Խնդիրը կայանում է նրանում, որ Երեւանում գրեթե ամեն օր համերգ կա: Մխրճվում ես, մեկ, երկու համերգ էլ դու ես տալիս, եւ վերջ: Լավագույն դեպքում մարզերում երգես եւ մի քանի համերգ էլ Սփյուռքում ունենաս: Հայաստանում շատ ավելի մեծ գումարներ են վաստակում բոլոր նրանք, ովքեր ռեստորանային բիզնեսում են, քանի որ առիթները շատ են: Ռեստորանում երգելով` մեծ գումարներ են աշխատում, տեսահոլովակ նկարում, իսկ հանդիսատեսը, տեսնելով այդ «գոհարները», կարծում է, որ դա է մակարդակը:
Ի դեպ, շատ անգամ տեսահոլովակը մտահղացմամբ եւ որակով շատ ավելի բարձր է, քան երգը: Դա նման է, որ հին «06»-ի վրա 10.000 դոլարանոց անվադողեր տեղադրես: Ծիծաղելի է դիտվում:
– Բայց չէ՞ որ դու եւս առաջարկ ես ստանում ռեստորանում երգելու եւ համաձայնում ես:
– Այո, բայց ես ոչ բոլորի առաջարկն եմ ընդունում եւ 6.8 չեմ երգում: Դեմ չեմ 6.8 չափին, սակայն իմ կատարմամբ դա ծիծաղելի կդիտվի: Ես իմ երգացանկով եմ ներկայանում:
– 2008թ. քեզ համար այնքան էլ լավ տարի չէր:
– Չափազանց սարսափելի տարի էր 2008թ.` մահացավ հայրս, մերժվեց իմ ԱՄՆ մեկնելը` ոչ իմ պատճառով, այլ կազմակերպիչներից մեկի սխալի: Ի դեպ, այդ տարի ես իմ կյանքում երկրորդ անգամ երգեցի հարսանիքում: Հորս մահից 6 ամիս առաջ ապագա հարսանիքի կազմակերպիչները խնդրել էին ինձ երգել: Հայրս տեղյակ էր այդ մասին, մենք երկար քննարկել էինք այդ թեման, եւ նա ինձ ասել էր, որ պետք է երգել: Այդ հարսանիքը տեղի ունեցավ հորս մահից մեկ շաբաթ հետո, եւ ես երգեցի, քանի որ խոսք էի տվել ներկա լինել:
– Արդեն մի քանի տարի է, ինչ ելույթ ես ունենում առանց քո սեւ դիմակի: Չե՞ս կարծում, որ այն մի տեսակ անհեթեթ տպավորություն էր թողնում: Դու հրաշալի ձայն ունես, ինչո՞ւ որոշեցիր այդ անհեթեթությամբ ուշադրություն գրավել:
– Դիմակն ինձ օգնում էր, որ հանդիսատեսը ոչ թե կենտրոնանա իմ արտաքինի վրա, այլ իմ երգերի: Բացի այդ, շնորհիվ այդ դիմակի` ես կարողանում էի հանգիստ շրջել քաղաքով, եւ իմ անձնական կյանքը ոչ ոքի չէր հետաքրքրում, քանի դեռ չգիտեին, թե ինչպիսին եմ ես արտաքնապես: Դիմակն անցած էտապ է իմ կյանքում, սակայն նրա մասին անվերջ խոսվում է: