Երեկ տեղի ունեցավ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի հանդիպումը լրագրողների հետ, որի ժամանակ բուռն քննարկման թեմա էին դարձել «Տաշիր 2011» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում երգիչ-երգչուհիներին եւ հաղորդավարներին որպես նվեր հանձնված բնակարանները:
Լրագրողներին հետաքրքրում էր հետեւյալ հարցը. որքանո՞վ էր կոռեկտ Հայաստանի պես սոցիալապես անապահով երկրի բնակիչներին, որոնցից շատերն այսօր ապրելու փոխարեն` պարզապես փորձում են գոյատեւել, ցուցադրել, թե ինչպես են հայ մեծահարուստները շռայլորեն բնակարաններ եւ ավտոմեքենաներ բաժանում իրենց նախընտրած երգիչ-երգչուհիներին: Բոլորին հետաքրքրում էր այդ նվերների մատուցման տրամաբանությունը: Անշուշտ, հայ կատարողների մեջ կային նաեւ այնպիսիք, ովքեր իրապես արժանի էին շատ ավելի մեծ պարգեւների, քան պարզապես բնակարանն է: Սակայն անհասկանալի է ռեստորանային երգիչներին եւ հատկապես ռուս հաղորդավարուհուն` սովորական կոնֆետի պես բնակարան նվիրելու փաստը: Հարցերը շատ էին, սակայն ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ Ջ. Գասպարյանից լրագրողներից շատերը համառորեն փորձում էին ստանալ այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք իրականում սխալ հասցեատիրոջ էին ուղղված: Ի՞նչ պատասխան կարող էր տալ Ջ. Գասպարյանը հարցին, թե ինչո՞ւ են բնակարաններ նվիրել հայտնի մարդկանց, այլ ոչ իրականում այդ բնակարանների կարիքն ունեցող ընտանիքներին: Կամ, թե ինչո՞ւ ի թիվս արժանիների` շռայլ նվերներ են մատուցվել նաեւ «ճ» դասի որոշ երգիչների: «Իմ երկարատեւ երաժշտական պատմության մեջ առաջին անգամ ինձ ֆինանսական բնույթի նվեր են մատուցել`մեկ սենյականոց տան տեսքով: Պատը չոփ պիտի մտցնեմ այդ առիթով: Եթե արժանի չեմ, այդպես էլ ասեք»: «Տաշիրի» ժամանակ հանձնված բնակարանները օգնություն չէին, այլ նվերներ, որոնք մատուցել են տարբեր գործարարներ: Դուք դիտարկում եք այդ երեւույթը` որպես օգնություն Հայաստանին, որը սակայն, սխալմամբ տրամադրվել է արտիստներին: Այստեղից է սկսում սխալ ընկալումը: Սամվել Կարապետյանը («Տաշիր» ընկերության հիմնադիրը) հրաշալի տղա է: Ընդհանրապես եկեք չվիրավորենք մեր տղերքին, այլ ոգեւորենք նրանց: Իրականում ո՞րն է նրանց մեղքը, որ իրենց վաստակած գումարներով նվերնե՞ր են մատուցել արտիստներին: Նրանք հո մեր երկրի բյուջեի՞ց չեն գողացել եւ մեզ մատուցել այդ նվերները: Նրանք իրենց ունեցվածքից են այդ շռայլ նվերները տրամադրել: Իհարկե, կային մարդիկ, որոնք արժանի չէին որեւէ մրցանակի: Ես անգամ չէի ճանաչում նրանցից մի քանիսին: Սակայն ի՞նչ իրավունք ունեմ ես ասելու. «Ինչո՞ւ ես այդ անարժանին նվեր մատուցում»: Իր փողն է, ում ուզում է, նրան էլ նվեր է տալիս»,- ասաց Ջ. Գասպարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ արտիստների մեջ չգտնվեց մեկն, ով կասեր` «Շնորհակալ եմ նվերի համար, սակայն ես այս բնակարանի կարիքը չեմ զգում այն աստիճան, ինչպես անօթեւան շատ ընտանիքներ: Եվ ես իմ մրցանակը հանձնում եմ այդպիսի մի ընտանիքի», Ջ. Գասպարյանը պատասխանեց. «Աղջիկ ջան, սիրուն աղջիկ ես, սակայն միամիտ հարցեր ես տալիս: Դու կանեի՞ր նման քայլ, որ դիմացինիցդ ես պահանջում: Անձամբ ես կվիրավորվեի, եթե իմ մատուցած նվերն աչքիս առաջ փոխանցեին մեկ ուրիշին: Ինչպես ասում են` «Հարսի գեղեցկությամբ փեսուն լավություն մի արա»: Եվ առհասարակ եկեք մի քիչ բարի լինենք միմյանց հանդեպ: Մեկս մյուսից պահանջենք միայն այն, ինչ անձամբ կանեինք: Իրականում այնքան խնդիրներ կան, որ շատ ավելի մեծ վրդովմունքի եւ ուշադրության կարիք են զգում, քան արտիստներին տրամադրված բնակարանները»:
Մոսկվայում վերջերս տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանների` ավագ եւ կրտսեր Գասպարյանների, եւ ջութակահար, Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիայի նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի հետ համատեղ համերգը, որը մոտ ապագայում տեղի կունենա նաեւ Երեւանում:
«Մոսկվայում հիանալի համերգ ունեցանք, ռուսական մամուլը շատ ջերմ խոսքերով անդրադարձավ մեր համատեղ ելույթին: Հրաշալի էր, երբ համերգից հետո բեմ է բարձրանում երիտասարդ ռուս հանդիսատեսը եւ գրեթե լացելով գրկում քեզ եւ հայտնում, որ այս համերգից հետո միայն հասկացավ, թե ինչ ասել է` բարձրաստիճան երաժշտություն եւ հայկական դուդուկ: Համերգը նկարահանվել է, շուտով այն կուղարկեն ինձ, եւ հուսամ, որ եթեր կհեռարձակվի նաեւ մեր հեռուստաալիքներից մեկով: Մենք Վլադիմիրի հետ պայմանավորվել ենք այդ համերգը կրկնել նաեւ Երեւանում, քանի որ մեր ժողովուրդն արժանի է լավ երաժշտություն լսելուն: Չնայած տոմսերի բարձր գներին, անգամ 800 դոլար արժողությամբ տոմսեր էին վաճառվել, դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Հարյուրից ավելի աթոռ էին ավելացրել, որ հանդիսատեսը կարողանար նստել»,- նշում է Ջ.Գասպարյանը:
Օգտվելով պապի հետաքրքիր զրուցակից լինելուց, կրտսեր Ջիվանը համառորեն լռում էր, որքան էլ լրագրողները փորձում էին նրան եւս մասնակից դարձնել զրույցին:
Համերգի ժամանակ, բացի համատեղ ելույթից, կրտսեր Ջ.Գասպարյանը նվագել է նաեւ մի քանի սոլո ստեղծագործություններ` հերթական անգամ արժանանալով հանդիսատեսի եւ, իհարկե, պապի բարձր գնահատականներին: Հարցին, հնարավո՞ր է արդյոք գնահատականների մեջ լինել օբյեկտիվ, երբ խոսք է գնում արյունակցի` թոռան մասին, վարպետ Ջ.Գասպարյանն պատասխանեց. «Ջիվանին, առաջին հերթին, ես վերաբերվում եմ որպես իմ աշակերտի, հետո նոր` իմ թոռան: Նա իմ աշակերտն է եղել դեռ մանկուց` լսել, ծանոթացել, սովորել է ամեն օր` լինելով իմ կողքին: Եթե ես նրա մեջ տաղանդ չզգայի եւ չտեսնեի, հավատացեք, երբեւէ թույլ չէի տա նրան մոտենալ դուդուկին: Ես էն նոր հարուստներից չեմ, ովքեր մի օր արթնանում եւ որոշում են, որ իրենց երեխան պիտի երգի կամ նվագի, առանց հաշվի առնելու` կարո՞ղ է նա դա անել, թե՞ ոչ»,- նշել է վարպետը:
Հարցին` երբեւէ նվագե՞լ է արդյոք կրտսեր Ջ. Գասպարյանն առանց պապի, կրկին պատասխանեց պապը, ով հարցի մեջ բացահայտ ակնարկ զգաց. «Ջիվանն ապրում է Ամերիկայում, որտեղ նա նվագում է ինչպես «System of a Down» ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ, այնպես էլ առանձին` մեկ այլ խմբում: Նա շատ հայտնի է Ամերիկայում, բայց ոչ` ինչպես մեր հարսանիք նվագողներն են, այլ որպես շնորհալի երիտասարդ, ում համագործակցելու են հրավիրում բազմաթիվ ամերիկյան խմբեր: Եթե լսեք իմ եւ թոռանս ձայնագրությունները, չեք կարող կռահել` ե՞ս եմ նվագում, թե՞ ինքը»:
Ջ. Գասպարյանն անդրադարձավ նաեւ տաղանդավոր եւ խելացի մարդկանց` երկրից արտահոսքի թեմային: «Ցավալի է, երբ մեր երկրի խելացի եւ շնորհքով մարդիկ թողնում-հեռանում են երկրից` չունենալով այլընտրանք: Սարսափելի է զգալ, որ դու պետք չես քո երկրին: Ժամանակին ես եւս մեկնեցի ԱՄՆ: Ի՞նչ գործ ունեի ես օտար երկրում, ինչո՞ւ պետք է ընտանիքիս հետ լքեի իմ հարազատ երկիրը: Ընդամենը մեկ ամսում ինձ «green card» տվեցին: Շնորհքով եւ խելացի մարդկանց միանգամից ներս են թողնում այլ երկրները, քանի որ հասկանում են, որ ուղեղով մարդն է երկրի ապագան: Այն ժամանակ ոչ ոքի բացարձակ չէր հետաքրքրում, թե Ջիվան Գասպարյանն ինչո՞ւ է մեկնում երկրից: Ես մեկնեցի, քանի որ համբերությանս վերջը եկել էր: Այդ ժամանակ մի անպետք երգիչ հանկարծ դարձել էր ռադիոյի նախագահի տեղակալ եւ զանգել էր ինձ`ասելով. «Պարոն Գասպարյան, եկեք դիմում գրեք, որ ազատվում եք աշխատանքից, քանի որ մենք գումար չունենք ձեզ վճարելու»: Ի պատասխան` ես ասացի. «Դու քո կոտրած ձեռքով դիմում գրի, եւ թող պատմության մեջ մնա, որ դու Ջիվան Գասպարյանին ազատում ես աշխատանքից»: Եվ այդ վիրավորանքը սրտիս մեջ` մեկնեցի երկրից: Եվ որեւէ մեկին չհետաքրքրեց, թե այս ո՞ւր եմ ես գնում: Ցավալի է, բայց մինչ օրս մեր երկրում շարունակվում է ուղեղների եւ շնորհալիների արտահոսքը, եւ ոչ ոքի դա չի անհանգստացնում»,- ցավով նշեց Ջ.Գասպարյանը: