Արդեն մի քանի օր է` քաղաքական կուլիսներում խոսում են առաջիկայում սպասվող նոր, ավելի լայնամասշտաբ փոփոխությունների մասին, որոնք դառնալու են խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների նախընտրական պլատֆորմի հիմքը: Մասնավորապես, համառորեն քննարկվում է այն սցենարը, որ առաջիկա մայիսին պաշտոնանկ է արվելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ իշխանական աղբյուրների, դրա վերաբերյալ որոշումն արդեն կայացված է: Հիշեցնենք, որ կառավարության անդամների հետ վերջին հայտնի հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ հանդիմանեց Տիգրան Սարգսյանին` ըստ էության մեղադրելով երկրում ստեղծված սոցիալական վիճակի, գնաճի եւ այլ բացասական երեւույթների համար: Ս. Սարգսյանը վարչապետի առջեւ նաեւ ժամկետ սահմանեց` մինչեւ մայիս ամիս քայլեր ձեռնարկել գնաճը կանխելու եւ սոցիալական վիճակը մեղմացնելու ուղղությամբ: Ե՛վ այդ խորհրդակցության պահին, եւ՛ առավել եւս այսօր ակնհայտ է, որ ոչ կառավարությունն ամբողջությամբ վերցրած, եւ ոչ էլ մասնավորապես Տ. Սարգսյանը չեն կարող լուծել այդ խնդիրը, որն իրականում կապված է Հայաստանի ողջ տնտեսական համակարգի, մենաշնորհների, ստվերային եւ հովանավորյալ տնտեսության հետ: Հետեւաբար, ըստ լուրերի` մայիսին Տիգրան Սարգսյանը հեռացվելու է վարչապետի պաշտոնից: Մեր տեղեկություններով, վարչապետի պաշտոնում նշանակվելու է ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը: Եթե այս տարբերակը որոշ ժամանակ առաջ անհավանական էր թվում, ավելին` Հ. Աբրահամյանը դե ֆակտո կարծես մեկուսացված էր բարձրագույն իշխանությունից, ապա փետրվարի 17-ի կոալիցիոն հայտնի հուշագրի ստորագրումից հետո (երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց հուշագիրը), սա դառնում է շատ հավանական եւ տրամաբանական: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում, որքան էլ զարմանալի է, նույն աղբյուրների համաձայն, «ընտրվելու է» ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նույն աղբյուրների` իշխանական վերնախավում նման որոշում է կայացվել` հաշվի առնելով, որ մայիսին խորհրդարանը «մտնում է վերջին տարվա փուլ», եւ Գալուստ Սահակյանի անհոդաբաշխությունը անգամ ԱԺ նախագահի պաշտոնում նշանակություն չի ունենալու նախընտրական զարգացումների վրա: