Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահի այցելուներից մեկը հարձակվել է Գոգենի «Երկու թաիթուհիները» (1899) կտավի վրա` գոռալով. «Սա չարիք է»: Կինը փորձել է կտավը պոկել պատից ու բռունցքներով հարվածել պլաստիկե պաշտպանիչ էկրանին: Նրան կտավից ետ է քաշել պատկերասրահի մեկ այլ այցելու: Կնոջը ձերբակալել են: Նախնական տվյալներով` կիսամերկ բնիկներին պատկերող կտավը չի վնասվել, թեեւ կազմակերպիչներն այն ուղարկել են փորձաքննության: Կտավը պատկանում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանին եւ Վաշինգտոնում էր գտնվում «Գոգեն. առասպելներ ստեղծողը» ցուցահանդեսի շրջանակում, որը բացվել է այս տարվա փետրվարին եւ շարունակվելու է մինչեւ հունիս: Մասնագետները մյուս նկարների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել։