«Ինչպե՞ս աշխարհը ճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Հայաստանն ինքը դա չի անում»: Այս հարցն ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանին ուղղել է թուրք-ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան` ՀՀ պաշտպանության նախարարն ասել է. «Դա մեր կողմից փոխզիջում է: Փոխզիջում է նաեւ այն, որ այժմ Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնակի, այսինքն` երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն: Բոլորս շատ հստակ գիտենք, որ անկախությունը շատ դժվար ու տառապալի ճանապարհ է, եւ այդ ճանապարհով ղարաբաղցիներն անցնում են արժանապատվորեն: Եվ, ի վերջո, եթե Ղարաբաղին որեւէ մեկը չի ճանաչել, ինչո՞ւ ստեղծվեց Մինսկի խումբը, ինչո՞ւ է այդ խնդրով զբաղվում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչո՞ւ աշխարհի ժողովրդավարական կառույցները մշտապես հայտարարում են, որ Ղարաբաղի հակամարտությունն էականորեն տարբերվում է Օսեթիայի, Աբխազիայի եւ այլ կոնֆլիկտներից»: