Ազգային վիճակագրական ծառայության յուրաքանչյուր հրապարակումից հետո գնաճի շուրջ խոսակցությունները թեժանում են։
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալների համաձայն, սպառողական գների ինդեքսը, այսինքն` գնաճը, 12 ամսվա կտրվածքով կազմել է 11.5%։ Իսկ պարենային ապրանքների` սննդամթերքի գները պարզապես թռիչք են ապրել. 12 ամսվա ընթացքում աճել են 17.1%-ով։ Սա սարսափելի ցուցանիշ է հատկապես ոչ այնքան ապահով խավի պարագայում, որոնց համար սպառման մեջ մեծ մասը հենց սննդամթերքն է, եւ որոնց եկամուտները վերջին տարվա ընթացքում գրեթե չեն աճել։ Ու չնայած աղքատության մակարդակի ամենաթարմ պաշտոնական ցուցանիշները մենք դեռ չունենք, կարելի է պնդել, որ վերջին ամիսների ընթացքում աղքատության գծից ներքեւ են հայտնվել տասնյակ-հազարավոր մարդիկ։ Երեկ այս մասին խոսել է փորձագետ Հարություն Մեսրոբյանը` նշելով, որ անապահով խավը, որպես կանոն, գումարը ծախսում է 2 ուղղությամբ` զուտ սննդամթերքի, որոնց գները շատ ավելի արագ են բարձրանում, եւ կոմունալ ծառայությունների: «2008թ. աղքատության շեմը կազմել է 23%, 2010-ին` 34.1%: Սա նշանակում է, որ մոտավորապես 1.1 մլն մարդ Հայաստանում կարելի է դասել հենց այդ խավին: Եթե Ազգային վիճակագրական ծառայությունը սպառողական զամբյուղում ներառի անապահով խավի կողմից օգտագործվող ապրանքատեսակները, ապա ստացվում է, որ 2010 թվականի գնաճը 25 %-ից բարձր է»,- ասել է նա։ Փորձագետը նաեւ մի հետաքրքիր դիտարկում է արել. ըստ նրա, ներկայումս օգտագործվում է 2005 թվականի այն մեթոդաբանությունը, երբ 470 ապրանքատեսակների մեջ մտնում էին կոմպակտ դիսկեր, տեսաձայնագրիչներ եւ 2-րդական նշանակության այլ պարագաներ: «Փաստորեն, կախված նրանից, թե ինչ ապրանքներ են դիտարկվում եւ ինչ տեսակարար կշիռ է նրանց տրվում, կարելի է ապացուցել, որ Հայաստանում սղաճը 0.1 % է կամ, օրինակ, 90%: Կախված մեթոդաբանությունից` գնաճը կարող է լինել բարձր կամ ցածր»,- ասել է Մեսրոբյանը: Ճիշտ է ասված, սակայն, թերեւս այս դեպքում թվերի հետ խաղալն անիմաստ է. գնաճը մարդիկ զգում են անմիջապես իրենց մաշկի վրա, ոչ թե դրա մասին կարծիք են կազմում ԱՎԾ-ի ցուցանիշներին հետեւելով։ Ամենավատն այն է, որ ծայրը ծայրին հազիվ հասցնող մարդիկ երեկոյան հոգնած տուն են գալիս աշխատանքից, միացնում հեռուստացույցը եւ տեսնում` ինչ-որ մրցանակաբաշխություն, որի ընթացքում աջուձախ բնակարաններ ու ավտոմեքենաներ են նվիրում։ Ընդ որում, եթե երգիչ-երգչուհիների դեպքում դա ինչ-որ տեղ հասկանում էին, ապա լպիրշ պահվածքով հայտնի ռուս հաղորդավարուհուն Երեւանի կենտրոնում բնակարան նվիրելը դժվար է ընկալվում գնաճից տառապող բնակչության կողմից։
Փաստորեն` գնաճից բացի, պակաս ճնշող չէ նաեւ եկամուտների եւ սպառման գերբեւեռացվածությունը` երբ մեկը օրվա հացը հազիվ է վաստակում (ընդ որում՝ աշխատանք ունենալով), մյուսը` շռայլում։ Եվ դա անում է բացահայտ։ Ասվածի մասին վկայում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը։ Մեր պաշտոնյաները ԱՎԾ հերթական զեկույցի հրապարակումից հետո սովորաբար պեղում են մի քանի դրական ցուցանիշ եւ կենտրոնանում դրանց վրա` իրավիճակի տխրությունը մեղմելու ազնիվ նպատակով։ Այդ «տՈսՏփՍՈ-ՉօՐցփՈսՏփՍՈ»-ներից մեկն այս տարի դարձել է արտաքին առեւտուրը։ «Արտահանումն աճում է առաջանցիկ տեմպերով, արտահանման աճը զգալիորեն գերազանցում է ներմուծման աճը»,- ոգեւորված ասում են ելույթ ունեցողները՝ «մոռանալով», որ ներմուծման ծավալները երեք անգամ գերազանցում են արտահանման ցուցանիշը։ Սակայն դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել. արտաքին առեւտրի վիճակագրությունը այլ թաքնված «հմայքներ» էլ ունի։ Պարզվում է՝ այս տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով ամենից շատ ավելացել է արվեստի ստեղծագործությունների ներմուծումը։ Ավելացել է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով. նախորդ տարվա առաջին 3 ամիսների համեմատ` այս տարի արվեստի ստեղծագործության ներմուծման ծավալներն աճել են ավելի քան 28 անգամ։ Երեւում է՝ գների աճին զուգահեռ` մեծանում է նաեւ մեր մեծահարուստների սերն արվեստի նկատմամբ։
Քանի որ խոսք գնաց արվեստի մասին, հիշենք նաեւ թեմային վերաբերող արվեստի մի ստեղծագործության մասին։ 2006 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ թողարկվեց մի մուլտֆիլմ՝ «Գնաճի հրեշը»։ Ովքեր չեն դիտել ֆիլմը կամ ցանկանում են կրկին դիտել, կարող են դա անել Youtube-ի միջոցով (նշենք, որ նկարները վերցրել ենք հենց Youtube-ից, դրա համար որակն այն չէ)։ Թեպետ «պրեմիերայից» արդեն 5 տարի անցել է, սակայն կարելի է այս մուլտֆիլմին անդրադառնալ, քանի որ այժմյան իրականության մեջ այն բավականին հետաքրքիր է դիտվում։
Եթե համառոտ հիշեցնենք սյուժեն՝ այն հետեւյալն է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» երկու ուսանող՝ աղջիկ եւ տղա (ընդ որում, տղան` բավականին բութ), փորձում են հասկանալ, թե ինչ բան է գնաճը, եւ ժամանակի մեջ հետ են շարժվում՝ հայտնվելով 1980-ականների վերջին։ Ցանկանում են գնել կարկանդակ, սակայն գումարը չի բավականացնում։ Այդ ժամանակ հայտնվում է հրեշը եւ մետաղադրամներ է շաղ տալիս նրանց առջեւ։ Երբ այդ մետաղադրամներով ցանկանում են կարկանդակը գնել, պարզվում է, որ կարկանդակը թանկացել է։
Կարճ ասած՝ մուլտֆիլմի նպատակն է` ցույց տալ գնաճի պատճառը, մասնավորապես` այն, որ փողի քանակի ավելացումը բերում է գների աճի։ Հրեշն, ինչպես հասկացաք, գնաճն է, որն ավելացնում է փողի քանակը։ Սակայն մյուս կարեւոր նպատակը (թերեւս, ավելի կարեւոր) գների կայունացման գործում Կենտրոնական բանկի հսկայական դերի լուսաբանումն է։ Ընդ որում (այստեղ ուշադրություն), նշվում է, որ գները կայուն պետք է համարել այն դեպքում, եթե գնաճը չի գերազանցում 3%-ը։ Մուլտֆիլմի երկրորդ կեսում մեր հերոսները այցելում են Կենտրոնական բանկ, որտեղ ԿԲ պաշտոնյան նրանց բացատրում է, թե ինչպես են իրենք պայքարում գնաճի դեմ։ Հետո ցույց է տալիս ապակյա տարայի մեջ բանտարկված հրեշին։ Այսինքն՝ Կենտրոնական բանկը գնաճին խեղճացրել է եւ բանտարկել ապակյա տարայի մեջ։ Վատ մուլտֆիլմ չէ, սակայն հետաքրքիր է՝ Կենտրոնական բանկը մտադիր չէ՞ դրա երկրորդ սերիան նկարել` ասենք` Մատրիցայի նման։ Եթե նման մտադրություն լինի, սցենարի հարցում կարող ենք օգնել։ Վերնագիրն էլ արդեն կա։