«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի գնահատմամբ` Հայաստանում ներքաղաքական վիճակը որեւէ փոփոխություն չի կրել: Միակ դրական փոփոխությունն, ըստ նրա` այն է, որ իշխանություններն ասում են` «մենք ամեն ինչից տեղյակ ենք, ամեն ինչից գիտենք, ամեն ինչ երեւում է…»: «Դա արդեն լավ է, եւ մենք պատրաստ ենք որոշակի փոփոխությունների: Որո՞նք են այդ փոփոխությունները, ի՞նչ է դա նշանակում, ենթադրենք` Ոստիկանության բարեփոխում, դա ի՞նչ է նշանակում, եւ այլն. մենք դեռ չգիտենք, հասարակությունը դեռ դրա մասին տեղեկացված չէ, մենք տեսնում ենք, որ հիմա, մի քիչ կատակով ասեմ, իշխանություններն ընտրել են նարոդնիկությունը: Այսինքն` բոլորս դեպի գյուղ: Միգուցե դա օգուտ տա, ես չգիտեմ, բայց կատակով են դա ասում, «բոլորս դեպի գյուղ» սկզբունքն է վերցվել, ժամանակին նման սկզբունքով սկսեցին…,- ասել է Ա. Կարապետյանը` միաժամանակ հավելելով,- Դա վատ չէ, բաց ես չգիտեմ` դա ինչ կբերի, Աստված տա, այդ փոփոխությունները… Ժամանակին Պլեխանովը նույն տեսակետին էր, Լենինը դրան դեմ էր. եղավ հեղափոխություն»: Հարցին, թե` արդյոք գյուղեր այցելելը նախընտրական քա՞յլ է, Ա. Կարապետյանը պատասխանել է. «Ի՞նչ նախընտրական քայլեր: Բայց դա նախընտրականի հետ ի՞նչ կապ ունի: Իրավիճակի խնդիր է, ի՞նչ նախընտրական»: Ասուլիսի մյուս մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ասել է, թե այսօր զարգացումներ կան թե՛ իշխանական ճամբարում, եւ թե՛ ընդդիմադիր ճամբարում. «Երբ տեսնում ենք` ընդդիմությունն արդեն իր մեջ որոշակի պայքարի մեջ է, թե ով է ավելի արմատական ընդդիմություն, որն է ավելի ամպագոռգոռ հայտարարություններով քննադատում իշխանության գորճելաոճը, նույնիսկ այն հարցը, երբ բարձրացված էր նույն գյուղերի հետ կապված, երբեմն սուր քննադատությունների առիթ է դառնում»: Սահակյանի կարծիքով` գյուղացու հոգեբանության մեջ տեղի է ունեցել փոփոխություն։ «Տեսնելով, որ կով չունեցողը նպաստ է ստանում, մորթում է իր կովը, որ նպաստ ստանա»,- ասել է նա` նշելով, թե հարցը գուցե հնարավոր լինի լուծել մի քանի կով ունեցողին նպաստ տալու մասին օրենք ընդունելով: