«Ապրելը դժվարացել է»,- ասում է 10 երեխաների մայրը

05/04/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հանգած վառարանի մոտ ոսկետափցի Մարինեն, կամ, ինչպես ինքն էր իր մասին ասում` «դակումենտով»` Փայլանուշը, այնպիսի ուժով էր թափ տալիս ջերմաչափը, որ թվում էր՝ ընտանիքի միակ տղայի՝ Սերգեյի ջերմությունը տեղում կիջներ: Բրդյա վերմակ-ծածկոցի տակից Սերգեյն իր կլոր ու մեծ աչքերն էր ճպճպացնում, հետո ուժերը սպառված` նայում հատակին նստած ամենափոքր քրոջը՝ Անժելին, ու դարձյալ աչքերը փակում: Երկարավուն սենյակի տարածությունը լիովին բավարարում է ընտանիքի 10 երեխաներին՝ ազատ շարժվելու, խաղալու ու մի քիչ էլ երազելու համար: Արարատի մարզի Ոսկետափ գյուղում այս ընտանիքին գրեթե բոլորն են ճանաչում: 9 աղջիկ ու մեկ տղա ունենալու փաստին գյուղացիները հաճախ հումորով են վերաբերվում՝ ասելով, թե «վերջը իրանց ուզածին հասան, էլի՝ տղա ունեցան»: «Մելանյա, Արաքսյա, Ռուզան, Կարինե, Թագուհի, Լիլիթ, Աշխեն, Անահիտ, Անժել, Սերգեյ»,- երեխաների անունները թվարկելուն զուգահեռ՝ Վարդենիսից Ոսկետափ հարս գնացած Մարինեի աչքերը թրթռում էին:

Խոսում է այնպիսի զվարթությամբ, որ շփոթվել կարելի է: Նույնպիսի թեթեւությամբ էլ խոսում է իրենց հոգսերի մասին: Ասում է՝ ապրում են ընտանեկան նպաստով ու ամուսնու մոր թոշակով: «Դե դժվար ա: 5 դպրոցական ունենք, ամեն րոպե դպրոցից փող են ուզում: Հիմի էդ ա մեր եկամուտը: Պետությո՞ւնը… ինչո՞վ օգնեն: Ասում են՝ ոնց բերել եք, ընենց էլ պահեք»,- ջերմաչափի սանդղակին նայելով՝ նշում էր կինը, ով, կարծես, այդ սանդղակի ուղիղ գծում ինչ-որ բան էր որոնում: «Գյուղերում օգնություն-բան չկա: Էդ տենց բաներ մենակ քաղաքում ա»,- շարունակեց կինը՝ կրկին թվարկելով երեխաների անուններն ու տարիքները: Կինն այդ ձեւով, ասես, փորձում էր փախչել իրականությունից, հետո նորից հայացքը հառում էր աղջիկներին, ովքեր մի տեսակ տխուր նայում էին մորը: Երեխաների պատմելով` իրենք ընտանիքով աշխատում են դաշտում: Առավոտից մինչ երեկո ստիպված են աշխատել ծնողներին հավասար: «Դե, մայիսին սկսում ա, էլի: Հես ա շիթիլները կդնենք, կմաշկենք: Իրար օգնելով` ապրում ենք, ի՞նչ անենք»,- նշեց 10 երեխաների մայրը, ում խոսքերը շարունակեց ամուսնու մայրը՝ տիկին Արաքսյան: «Ապրո՞ւմ ենք….Հա, ապրում ենք` մեռնողներին երանի տալով: Սա ապրուստ չի: Էն վախտ, դե, Սովետի տարիներին, շատ լավ էր: Հիմի էս ի՞նչ ա: Առաջ հանգիստ աշխատում էինք դաշտում, ոչ ջրից էինք խաբար, ոչ սերմից: Բա հիմի՞: Հիմի ամեն ինչ մեր վզին ա»: Սկեսրոջ խոսքերն, ասես, զգաստացնում էին ընտանիքի մորը, ով խուսափում էր, ինչպես ինքն ասաց՝ ուրիշների մոտ իրենց ապրուստի մասին խոսել: «Ամեն ինչ թանկացել ա, ապրուստն էլ հետը: Հետն էլ դպրոցից հա գրքի, տետրի փող են ուզում: Ի՞նչ անենք»,- շտապով ասաց Մարինեն՝ նայելով ցուրտ սենյակում ջերմության պատրանք ստեղծող վառարանին: Գնաճին զուգընթաց` խանութների «նիսյայի» տետրերում իրենց անվան դիմացի տողերն են հաստանում, շատանում: «Հինչն ա բո՞լ՝ պարտքն ու վարկը»,- ծիծաղելով նշեց գյուղացի կինը՝ հանգամանորեն պատմելով նախորդ տարի վերցրած գյուղատնտեսական վարկի մասին: Ըստ կնոջ՝ իրենք բազմազավակ մյուս ընտանիքների պես չեն, որ եկող-գնացողի մոտ լացեն, բողոքեն, այլ դրա փոխարեն` փորձում են ապրելու ինչ-որ ձեւ գտնել: «Նախորդ տարի վարկ վերցրեցինք, բայց ոչ մի եկամուտ չունեցանք: Պոմիդորից ոչ մի կոպեկի եկամուտ չստացանք: Դրա համար վարկն էլ մնաց մեր վզին, տոկոսներ եկան»,- իրավիճակը նկարագրեց կինը: Սենյակում ելումուտ անող աղջիկներն ամոթխած ժպտում էին, հետո հոգատար նայում իրենց միակ եղբորը, ով 40 աստիճան ջերմության մեջ՝ կոպերը ծանրորեն թարթում էր, հետո նայում սենյակի դատարկ անկյուններին: «Գյուղացու համար ամենադժվար սեզոնն ա ձմեռն ու գարունը: Ամառը գոնե դաշտ ենք գնում, ուրիշներին օգնում ենք, մի 3000 դրամ աշխատում ենք, իսկ հիմա, դե, դժվարանում ենք ապրել»,- ընդգծեց կինը: Մեր զրույցի ընթացքում տան 9-րդ աղջիկը՝ Անժելան, ուշադիր հետեւում էր մոր աչքերի անկյուններում թաքնված հուզմունքին: Ասես, ուզում էր հասկանալ մոր խիզախ պահվածքը, բայցեւ շարունակ լռում էր: Քիչ անց աղջիկներն ինձ ուղեկցեցին սենյակներով:

Մութ, խոնավ, ճաքճքած պատերով սենյակներում երեխաները ամաչում էին՝ հաճախ մատնացույց էին անում գունավոր, փափուկ խաղալիքները: Խաղալիքների եւ սենյակի գորշ գույների կոնտրաստն առավելապես ընդգծվում էր երեխաների աշխուժությամբ: «Ախր, մենք, գիտեք, ինչքան ենք ուզում սովորել: Դե մենք էլ երազանքներ ունենք, բայց կյանքն ա ստիպում, որ մենք դաշտ գնանք, օգնենք մեր ծնողներին»,- ասաց աղջիկներից մեկը՝ տխուր ժպտալով իր քույրերին: Երեխաները բոլորն էլ ուզում են սովորել, բայց նրանց ասելով՝ հնարավորություն չկա: Սովորելու մասին էլ հաճախ մտածում են միայն գիշերը, ցերեկը զբաղված են լինում հողագործությամբ, դասերով: Երեխաների փոխանցմամբ՝ գյուղում սովորում են այն ընտանիքների երեխաները, որոնց հայրը կամ մայրը աշխատում է Ռուսաստանում: «Հողագործի երեխան չի սովորում: Վարձը ո՞նց տան: Մենք էլ մեկ-մեկ թաքուն երազում ենք սովորենք: Վեդիում կամ Արարատում կարանք սովորենք, բայց ո՞նց…»,- ասացին երեխաները: Սենյակի պատերին նուրբ երակների պես արտահայտվում էին ճաքերը, որոնք երեխաների համար արդեն սովորական են: Ասում են՝ օրեցօր ճեղքերն ու ճաքերն ավելի են շատանում: Լուսավոր, ջերմ ու հյուրընկալ աղջիկների երազանքները մերթընդմերթ երիզվում են հեռուստաէկրանին, որտեղ, իրենց պատմելով, տեսնում են ուրիշների լավ կյանքն ու կենցաղը ու թաքուն ժպտում կյանքին: Ծնողներին օգնում է անգամ 7-ամյա Անժելան, ով տառերն արդեն սովորել է՝ ու կարող է հաստատ գրել «երազանք» բառը: Մանուկյանների տան անդամներից որեւէ մեկը օգնություն չի հայցում ոչ մեկից, նրանք իրենց ճաքճքած պատյանի մեջ շարունակում են ապրել: Նրանց հրաժեշտ տալիս` բակում մոտեցավ սպիտակ շունը, հետո բակ դուրս եկան երեխաները: Յուրաքանչյուրի դեմքին ժպիտը լվացքի պարանի պես շարունակում էր կախվել: Տան դարպասին դեռ չմոտեցած` զգում էի, որ ուր որ է` կկաթի այն, ինչ սպասում էի…«Բայց տեսնես կօգնե՞ն: Աղջիկ ջան, ամեն ինչի կարիք էլ ունենք: Թեկուզ էրեխեքի համար հագուստ է, սնունդ ա, մենք, իսկապես, օգնության կարիք ունենք»,- ասաց 10 երեխաների մայրը՝ շտապով մտնելով տուն: