Թուրքիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նիհաթ Էրգյունի` Հրանտ Դինքի սպանության հետ կապված հայտարարությունը թուրքական մամուլում որակել են` որպես սկանդալային:
«Hurriyet»-ի փոխանցմամբ` Թուրքիայի առեւտրի նախարարը հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանությանը նպաստել է պետության կողմից 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունը, որով հնարավորություն էր տրվել դատախազներին` իրենց հայեցողությամբ թույլ տալ այդ հոդվածով դատական գործեր հարուցել: «Այդ հոդվածում սխալ ենք թույլ տվել: Մտածում էինք, որ դատախազներն այդ խնդիրը ազատորեն կմեկնաբանեն: Սակայն դատախազները սկսեցին արագորեն այդ հոդվածով դատական գործեր բացել: Դրա արդյունքում` Հրանտ Դինքի դեմ բացված դատը լարեց մթնոլորտը եւ հող նախապատրաստեց սադրանքների համար, ինչի արդյունքում իրականացվեց նրա սպանությունը»,- ասել է նա` հիշեցնելով, որ 301-րդ հոդվածով գործ հարուցելու իրավասությունը տրվել է դատախազներին 2005թ., այնուհետ կրկին վերադարձվել Արդարադատության նախարարությանը: