Ամերիկյան «Irish Central» կայքի հաղորդմամբ` «New York Times»-ում ԱՄՆ նախագահ Օբամայի օգնական Սամանթա Փաուերի մասին «գովասանական հոդվածը բազմապատկել է այն լուրերը, թե նա կարող է դառնալ ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը կամ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը»: Փաուերը Հիլարի Քլինթոնի հետ միասին եղել է Լիբիայի նկատմամբ քաղաքականության ճարտարապետը եւ Սպիտակ տանը հեղինակություն է վայելում: Նշվում է, որ նախագահ Օբամայի առաջին ժամկետի ավարտից հետո, երբ Հ. Քլինթոնը հեռանա, Փաուերը դառնում է պետքարտուղարի իրական թեկնածու, եթե Օբաման ընտրվի երկրորդ անգամ: «Սպիտակ տանը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում նրա ձայնը լսելի է»,- «New York Times»-ին ասել է «Human Rights Watch»-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը` ավելացնելով, որ «նա ազդեցություն ունի Օբամայի վրա»: Ի դեպ, Փաուերը 2002թ. Պուլիտցերյան մրցանակ է ստացել ցեղասպանությունների մասին պատմող «Խնդիր դժոխքից» գրքի համար, որտեղ դիտարկվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության արձագանքը ցեղասպանությունների նկատմամբ: