Հայրենակցական միությունները չեն օգտվելու անգամ կառավարության տպագրած սահմանադրության փոփոխությունների բացատրական բրոշյուրներից, եւ իրենք իրենց էլեկտորատին բաժանելու են իրենց ուժերով տպագրած բացատրական բրոշյուրները` դարձյալ յուրահատուկ բացատրություններով:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ընտրությունների ժամանակ ակտիվ քարոզիչ Օֆելյա Պետրոսյանը մեզ վստահեցրեց, որ արդեն գործիքավորման փուլում է գտնվում նաեւ «այո»-ի իրենց հիմնը, որն, ինչպես շուրջպարի հիմնը, կկատարի երգչուհի, երաժշտության հեղինակ Լեյլա Սարիբեկյանը:
Ի տարբերություն «ոչ» քարոզողների, որոնք այդպես էլ չկարողացան առանձին շտաբ ձեռք բերել, հայրենակցական միություններին մեկ ամսով անվճար տարածք է տրամադրել «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Վրեժ Մարկոսյանը: Տպարանի ճակատային մասում առաջիկա երկուշաբթի օրը բոլորը կտեսնեն հայրենակցականների մեծ «այո» պաստառը: Այժմ, ինչպես նշեց Գ. Արշակյանը, շտաբը զբաղված է մշակութային, առողջապահական, լրատվական, երիտասարդական, կազմակերպչական եւ կապի, տրանսպորտի հանձնախմբեր ստեղծելով, որպեսզի «մեծ քաղաքներում մեծ ակցիաներ» կազմակերպեն: «Ապարանում, Գյումրիում, Ղափանում, Բերդում արդեն պատրաստ են այդ խմբերը, իսկ մյուսները դեռ ընթացքի մեջ են»,- հայտարարեց Գ. Արշակյանը` ավելացնելով, որ արդեն վերջացրել են շտաբի կահավորման աշխատանքները: Անհրաժեշտ համակարգիչները նույնպես տեղում են: Ինչպես շուրջպարի ժամանակ, այնպես էլ հանրաքվեի քարոզչության համար շտաբում առաջնայինը համարում են Հայաստանի քարտեզը, որը ոչ միայն փակցվելու է շտաբի պատին, այլեւ լինելու է յուրաքանչյուրի ձեռքին, որտեղ պետք է ամեն վայրկյան նշագրումներ արվեն ու հանձնարարականներ տրվեն, թե հայրենակցական որ միությունն ինչ պետք է անի:
Կապի եւ տրանսպորտի հանձնախումբն իր բոլոր ջանքներն ուղղելու է օպերատիվ տեղեկատվություն հավաքագրելուն, որպեսզի փոխանցի շտաբներին ու ենթաշտաբներին: Առողջապահական հանձնախումբն էլ, ինչպես նշեց շտաբի կազմկոմիտեի նախագահ, «Տաուշ» հայրենակցական միության ղեկավար Դերենիկ Դումանյանը, զբաղվելու է ազգաբնակչության առողջական խնդիրներով, հանրապետության լավ մասնագետները հանդիպումներ են ունենալու ժողովրդի հետ, խորհրդակցելու է նրանց առողջական վիճակի մասին, ու կազմակերպելու են բաց դռների օրեր, որպեսզի ընտրության իրավունք ունեցողները հանրաքվեի օրն առողջության հետ կապված պրոբլեմներ չունենան ու ակտիվորեն մասնակցեն: Իսկ մշակութային հանձնախումբը ղեկավարելու է Դանիել Վարուժանի անվան դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը: Քանի որ «այո» քարոզող շտաբները շատ են, ուստի հետաքրքրվեցինք` Հայաստանում եղած երգիչ-երգչուհիները կհասցնե՞ն ամեն տեղ երգել ու պարել «այո»-ի օգտին, եւ կա՞ արդյոք պայմանավորվածություն, թե ովքեր են երգելու իրենց «այո»-ի համար: «Դեռ` ոչ, բայց հանձնախումբը պետք է մինչեւ երկուշաբթի ներկայացնի միջոցառումների ծրագիրն ու կատարողների ցանկը»,- ասաց Դ. Դումանյանը:
Հայրենակցականների շտաբը կունենա նաեւ իր կարգախոսը, որպեսզի, ինչպես նշեց Գ. Արշակյանը, իրենց «չխառնեն հեղինակությունների ու մյուսների հետ»:
Հայրենակցականներն ունեն նաեւ իրենց միասնական կարգախոսը, որը վերցված է «Այո» հիմնի վերջին քառատողից. «Այո»-ն մեր ոգին է հավաքական»: «Այն կլինի եւ՛ մեր պաստառների, եւ՛ լոգոյի վրա, եւ՛ մեր շտաբին վերաբերող բոլոր տեղերում»,- վստահեցրեց Դ. Դումանյանը` ավելացնելով, որ իրենք պատրաստվում են ստեղծել նաեւ իրավախորհրդատվական հանձնախումբ, որը կայցելի տարբեր շրջաններ ու դասընթացներ կանցկացնի:
Շտաբում քննարկվում է նաեւ այլ տարբերանշաններ ունենալու հարցը, մտածում են` ի՞նչ անել բազմաթիվ «այո»-իկներից տարբերվելու համար: «Հնարավո՞ր է` շուրջպարի գլխարկների «այո» տարբերակներ պատվիրեք ու բաժանեք ձեր համախոհներին» հարցին Գագիկ Արշակյանը պատասխանեց. «Այդ պահը դեռ որոշված չէ, բայց չի բացառվում, որ նման տարբերանշաններ ունենանք»: