Կիսում է

05/04/2011

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը` «Milliyet»-ի թղթակից Հասան Ջեմալը, մարտի 31-ին Լոս Անջելեսում մասնակցել է հայկական Սփյուռքի կողմից կազմակերպված «Դեր Զորից մինչեւ Ծիծեռնակաբերդ» անունը կրող կոնֆերանսին, որին ներկա են եղել Ռիչարդ Հովհաննիսյանը, Ցեղասպանության տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաունի թոռը` Պամելա Սթեյները: Հասան Ջեմալն իր տպավորություններն այդ կոնֆերանսի վերաբերյալ ներկայացրել է «Milliyet»-ում` հրապարակումը վերնագրելով` «Ի՞նչ է ասելու Ջեմալ փաշայի թոռը»: Հասան Ջեմալը նշում է, թե սրահ մտնելուց իր ականջին հասել է, թե ինչպես մի մասնակից հարցրել է, թե ինչո՞ւ են հրավիրել իրենց պապերին կոտորողի թոռանը: «Ինձ համար հաճելի երեկո չի լինելու այստեղ, բայց պետք է ասեմ, որ Անատոլիայից ձեզ բարեւներ եմ բերել: Մեր արմատները դեպի նույն հողերն են ձգվում: Ձեր ցավը գիտեմ, կիսում եմ: Ես եկել եմ այստեղ ձեռքս հայ երիտասարդներին մեկնելու համար: Ցավերն, իհարկե, չեն մոռացվելու: Սակայն չենք կարող թույլ տալ, որ ցավերն ու տառապանքը փակեն դեպի հաշտություն գնացող ճանապարհները»,- ասել է Հասան Ջեմալը: Նա իր ելույթում մի քանի անգամ ասել է «ցեղասպանություն» բառը, որին կոնֆերանսի մասնակիցներից մեկը դահլիճից արձագանքել է` «Չե՞ք վախենում, որ արտասանում եք այդ բառը»: Իր հրապարակման մեջ Հասան Ջեմալն այս առնչությամբ գրել է. «Ես նրան ցույց տվեցի կոնֆերանսի բրոշյուրը, որի վրա ես էի պատկերված` 3 տարի առաջ Երեւանում գտնվող Ցեղասպանության հուշարձանի մոտ մեխակներ դնելուց»: