Երգչուհի Հասմիկ Կարապետյանը երգել սկսել է դեռեւս 1996 թվականից` «Արձագանք» ստուդիայում, այնուհետեւ ընդունվել է Երգի պետական թատրոն: Հասմիկի ասելով` իր ոճը շատերին ճանաչելի դարձավ միայն 2002թ.` իր հեղինակած` «Ես գնում եմ, սիրելիս» երգի կատարումից հետո: Ի դեպ, Հասմիկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն իրեն դասում է «փիսիկ» կանանց շարքին, միաժամանակ իրեն համարելով ուժեղ կին:
– Տպավորությունն այնպիսին է, ասես հայկական էստրադայում բացահայտ լճացում է: Կարծես բոլորը «թաղման բյուրոյի» երգեր են գրում, նույն «թայֆայով» համերգներ են կազմակերպում` ցելոֆանածածկ բեմերում, եւ առաջ շարժվելու մտադրություն անգամ չունեն:
– Ցավոք սրտի, մեր երկրում ինձ նման երգիչ-երգչուհիներն ինչ-որ ճանապարհ են անցնում, հասնում մի կետի, որից հետո իրապես լճացում է տիրում: Անչափ ուզում եմ, որ այս բնագավառում հեղափոխություն կատարվի: Շատ կցանկանայի, որ իմ կոլեգաները համախմբվեին եւ ինչ-որ կերպ հեղափոխություն կատարեին երգարվեստի մեջ: Երգեին ոչ թե ըստ պահանջարկի, այլ ըստ մակարդակի: Ի՛նչ է` ես չե՞մ ուզում ֆինանսապես ավելի լավ ապրել, վարել թանկարժեք մեքենաներ, դղյակներ կառուցել: Բայց երբեք չեմ երգի ցածրորակ երաժշտություն, չեմ դառնա խնջույքների երգչուհի` արագ հարստանալու նպատակով: Հեղափոխություն է պետք:
– Դու շատ անմիջական ես: Սակայն ինքնակոչ, «պապայի բալա» շատ երգիչ-երգչուհիներ կան, որոնց հետ խոսելն անհնար է` մեկ տեսահոլովակ նկարահանելուց հետո: Հիշո՞ւմ ես քեզ «զարգացման» այդ փուլում, թե՞ կասես, որ դու երբեք աստղայինով չես տառապել:
– Նախ` ասեմ, որ երբեք «պապայի բալա» չեմ եղել: Համաձայն եմ, որ բոլորն են մի պահ շվարում, երբ իրենց հանկարծ սկսում են ճանաչել ամենուր: Բայց ողջ խնդիրը կայանում է նրանում, թե որքան շուտ կգիտակցես, որ հայտնի լինելը քեզ դեռ իրավունք չի վերապահում` մարդկանց վերեւից նայելու: Իմ ժամանակ բեմ բարձրանալը, եթերում լինելն այդքան հասանելի չէր, որքան այսօր է: Առաջին անգամ արհեստավարժ բեմ բարձրանալու համար` մեկ տարի աշխատել եմ իմ բեմական կատարողականության վրա, երգեր եմ գրել, փորձեր եմ արել: Ես վախենում էի բեմից, այն ինձ համար անհասանելի երեւույթ էր, որտեղ լինելու իրավունք ես դեռ պետք է վաստակեի: Իսկ այսօր, ինչ-որ մի աղջնակ արթնանում է մի օր եւ որոշում, որ ինքը պիտի երգի: Վերցնում է պապայի կամ էլ սիրեկանի փողերն ու արագ տեսահոլովակ է պատվիրում այն նույն ոգեւորությամբ, որով նա մի թանկարժեք զգեստ կպատվիրեր` ընկերուհու հարսանիքին թիթիզանալու համար: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այսօրվա սերնդի մոտ ավելի շատ ճանաչվելու մոլուցք է, քան երգիչ դառնալու, գնահատվելու: Առանց հասկանալու` պե՞տք է դա իրենց, թե՞ ոչ, բոլորը համատարած որոշում են դառնալ երգիչ: Հնարավոր է, որ այդ երիտասարդներն արժեքավոր լինեին որպես բժիշկ, ուսուցիչ, հաշվապահ… Աշխարհում բազմաթիվ հետաքրքիր մասնագիտություններ կան, եւ մեզանից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը:
– Կարծում ես` երգչուհին իրավունք ունի՞ ստանձնելու հաղորդավարի գործառույթը:
– Սկզբնական շրջանում չէի համաձայնում հաղորդում վարել: Թվում էր, որ եթերով հաճախակի երեւալը կվնասի ինձ` որպես երգչուհու, կկորչի անհասանելիության պատրանքը: Կարծում եմ, որ երգչուհին իրավունք ունի վարել հաղորդում, եթե նա սիրվում է հանդիսատեսի կողմից եւ կարողանում է իրեն արդարացնել նաեւ այդ ոլորտում: Սակայն, եթե երգչուհին չի կարողանում խոսել, չունի բառապաշար, եւ այդ ոլորտում նրա գտնվելը հանդիսատեսի կողմից դիտվում է իբրեւ աբսուրդ, ապա նա պետք է կարողանա, գոնե իր անունը փրկելու համար, շտապ հեռանալ այդ ոլորտից:
– Երբ «Հեռուստախոհանոց» հաղորդման ժամանակ հետեւում էի քեզ եւ Ֆելիքս Խաչատրյանին` երբեմն թվում էր, թե ուր որ է` լաց կլինես` նրա չափազանց սուր կատակներից քո հասցեին:
– Դա Ֆելիքսի հեռուստատեսային «վատ տղայի» կերպարն է: Երբ դեռ նոր էի սկսել Ֆելիքսի հետ աշխատել` ես իսկապես վիրավորվում էի նրա կատակներից: Նկարահանումներից հետո մենք հաճախ էինք խոսում, պարզաբանում, թե այսինչ կատակն ինչո՞ւ արվեց, ի՞նչ իմաստ ուներ ինձ վիրավորելը… Սակայն ժամանակի հետ քիչ-քիչ սովորեցի նրա հեռուստատեսային կերպարին: Ասեմ նաեւ, որ հանդիսատեսին նրա վարքագիծը բացարձակ դուր չէր գալիս: Անգամ պատահել է, որ փողոցում բոլորովին անծանոթ մարդիկ նրան նկատողություն են արել, որ` հերիք է Հասմիկին նեղացնես: Այսօր ես շատ շնորհակալ եմ Ֆելիքսին, որ նա ինձ ավելի դիմացկուն է դարձրել այդ առումով: Ֆելիքսն իմ լավ ընկերն է: Կյանքում նա նման չէ իր հեռուստատեսային կերպարին:
– Հասմիկ, 1996 թվականից բեմում ես: Միգուցե ժամանա՞կն է դադար տալ եւ զբաղվել անձնական կյանքով: Չեմ հավատա, եթե ասես, թե չունես կյանքի ընկերոջ թեկնածու:
– Այս պահին անձնական երկրպագուների մեջ չեմ տեսնում իմ կյանքի տղամարդուն: Հավատացեք, ես բծախնդիր չեմ:
– Դե իհարկե, մենք` կանայք, հրաշք ենք, տղամարդիկ` վատը:
– Ես չեմ ասում, թե նրանք վատն են, պարզապես ինձ համար չեն: Թագավորի տղային չեմ սպասում, սարեր-ձորեր չեմ ուզում: Կյանքն այնպես ստացվեց, որ ես դարձա ուժեղ կին:
– Ղեկին նստող ամեն կին իրեն ուժեղ է համարում: Ի՞նչ ասել է քեզ համար` ուժեղ կին:
– Ժամանակին չափազանց փխրուն կին էի, ով մշտապես օգնության կարիք է զգում: Սակայն, երբ չես ուզում ենթարկվել իրական կյանքի օրենքներին, կյանքը քեզ քարշ է տալիս իր ետեւից: Ռուսական ասացվածք կա. «հ ՉՏսՍՈՎՌ ՋՌՑՖ, տՏ ՉՏսփՌռ ՉօՑՖ»: Տարիների հետ ես շատ եմ փոխվել` դարձել եմ ինքնուրույն, ուժեղ, ֆինանսապես կայուն եմ: Հավատացեք` ոչ մի ուժեղ կին չի ուզում լինել ուժեղ: Ես էությամբ փիսիկ կին եմ, ով քնքշանքի կարիք է զգում, ով պատրաստ է սիրելու եւ նվիրվելու: Սակայն անցել է այն տարիքը, երբ հեքիաթների էի հավատում:
– Քո եւ երգիչ Հայկոյի համատեղ կյանքի՞ն է վերաբերում այդ հեքիաթային փուլը:
– Բոլորն էլ գիտեն, թե ում մասին է խոսքը: Այն ժամանակ ոչինչ չէի նկատում, միայն թե լինեի այդ մարդու կողքին, եւ կապ չուներ` ոչ կենցաղը, ոչ նրա վաստակած գումարը: Սակայն միայն մարդու հետ երկար տարիներ ապրելով կարող ես հասկանալ` սե՞ր է դա, թե՞ պարզապես սիրահարություն եւ կիրք: Ցավոք, այսօր շատ զույգեր ամուսնանում են` շփոթելով կիրքը սիրո հետ` առանց իրար ճանաչելու: Կիրքն են օրինականացնում, մինչդեռ պետք է շատ լուրջ մոտենալ ամուսնությանը, երեխաների պլանավորմանը: Ես կին եմ եւ, իհարկե, ուզում եմ լինել եւ՛ սիրված կին, եւ՛ մայր: Վստահ եմ, որ ինչ-որ տեղ նա կա, եւ մենք կհանդիպենք: