Հայաստանյան կինոարտադրության մեխանիզմները վաղուց արդեն վերանայման պահանջ ունեն, մանավանդ, որ մեր հանրապետությունում կինոստեղծումը օրենսդրորեն չի կարգավորվում եւ շատ հաճախ թողնվում է տարբեր հանձնաժողովների (ՀՀ Մշակույթի նախարարության եւ Ազգային Կինոկենտրոնի թեկնածուներով համալրված) քմահաճ, նաեւ` «հնամաշ» որոշումներին: Մենք կինոյի մասին օրենք չունենք, եւ այդ պատճառով էլ` շարունակում ենք ենթադրել, որ ֆիլմերը նկարահանում է պետությունը: Մինչդեռ, արդեն 6 տարի է` այդպես չէ: Պետությունը չի կարող ֆիլմ նկարահանել, քանի որ պետական ստուդիա չունի: Եվ դա պետք է ընդունել որպես աքսիոմ` հետագա շփոթմունքներից ու սխալներից խուսափելու համար:
Երբ մի քանի տարի առաջ մենք պետական որոշման համաձայն` հրաժարվեցինք «Հայֆիլմ» պետական կինոստուդիա ունենալու շռայլությունից, պարզ դարձավ, որ այսուհետ պետական աջակցությունը պետք է տնօրինեն (եւ վերջիվերջո` ֆիլմի վերածեն) մասնավոր պրոդյուսերական ընկերությունները: Իսկ Կինոկենտրոնն էլ, որպես պետական քաղաքականություն իրականացնող օժանդակ կառույց (ֆոնդ), պարտավորվում էր սատարել նրանց եւ օգնել «ոտքի կանգնել»: Այլապես` անհասկանալի էր մնում, թե, վերջիվերջո, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի ֆիլմերի բյուջեների համալրման (պետական աջակցությունը` բաշխվելով տարբեր նախագծերի մեջ, չի կարող ծածկել բոլոր ծախսերը), ֆիլմերի վերջնական որակի, փառատոնային քաղաքականության մշակման եւ դիստրիբյուցիայի համար: Ոչ ոք չի առարկի, որ խորհրդային կարգերը վաղուց արդեն ավարտվել են, իսկ մենք էլ` կապիտալիստական երկրների օրինակով ենք զարգացնում մեր շուկան, այսինքն` մասնավոր ընկերությունների ենք սատարում, այլ ոչ թե` մի կառույցի ձեռքում ենք կենտրոնացնում եւ ֆինանսավորումը, եւ արտադրումը, եւ իրացումը: Ֆիլմը նույնպես ապրանք է, որն, ի դեպ, կարող է արտահանվել, եկամուտ բերել, նաեւ` շատ արագ փչանալ ու նեխել (ինչպես, ասենք, պանիրը), եթե արտադրությամբ զբաղվում են մենաշնորհ ունեցող եւ միեւնույն ժամանակ` ոչ կոմպետենտ մարդիկ: Իսկ որպեսզի կոմպետենտության մասին դատենք, նախեւառաջ հարկ է հստակեցնել Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ստատուսը:
Ի՞նչ է, վերջիվերջո, Կինոկենտրոնը` ՊՈԱ՞Կ, թե՞ ֆոնդ: Իսկ գուցե նկարահանման տեխնիկայով համալրված մի կառո՞ւյց է, որը պետական ֆասադի ներքո մասնավոր ստուդիա է բացել: Ընդ որում` անելով դա օրենքից դուրս, քանի որ ոչ մի օրենքում ամրագրված չէ պետական ստուդիա ունենալու փաստը: Գրեթե իր բոլոր հարցազրույցներում Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը պնդում է, որ Կինոկենտրոնը ֆիլմ չի նկարահանում, այլ ընդամենն աջակցում է: Սակայն իրականում իրավիճակը բավականին տարօրինակ է, քանի որ շատ հաճախ Կինոկենտրոնը ներկայանում է որպես կոնկրետ ֆիլմերի պրոդյուսեր, ինչը հակասում է ֆոնդի գաղափարին:
Երբ, օրինակ, օտարազգի կինոգործիչներն ու ֆոնդերի ներկայացուցիչները հայկական ֆիլմերի տիտրերում կամ դեռ հայտի տեսք ունեցող նախագծերում կարդում են, որ ֆիլմի համապրոդյուսերներից մեկը պետական կառույց հանդիսացող Կինոկենտրոնն է, լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս, քանի որ իրեն հարգող եվրոպական որեւէ կինոհիմնադրամ պետական կառույցի հետ գործ ունենալ չի ուզում: Միջազգային կինոստուգատեսներում տպագրելով «պրոդյուսերը` Կինոկենտրոն» արտահայտությունը, մեր Կինոկենտրոնն իրականում ոչ միայն ինքն իրեն, այլեւ մեր պետությանն է վարկաբեկում, քանի որ ստացվում է, որ Հայաստանը համաշխարհային կինոդաշտից դուրս է եւ զրկված է համագործակցության պայմանագրերն ըստ ընդունված կարգի կազմելու հնարավորությունից: Իսկ այդ պայմանագրերն անհամեմատ ավելի շատ ու արդյունավետ կլինեին, եթե Կինոկենտրոնը գրագետ գործեր, ու ինքը նախաձեռներ (առանց հեծանիվ հնարելու, այսինքն` եւ ֆոնդ, եւ պրոդյուսեր ներկայանալու մտքից հրաժարվելով) միջազգային օրենքներին համապատասխանելու պրոցեսը: Իսկ դրա համար ընդամենը կամք ու գիտելիք է հարկավոր: Անձամբ Գեւորգ Գեւորգյանն, իհարկե, կարող է պրոդյուսեր լինել, մանավանդ, որ մեծ աշխատանքային փորձ ու կապեր ունի, սակայն նա իրավունք չունի Կինոկենտրոնի անունից հանդես գալ, չէ՞ որ պրոդյուսերը շահագրգիռ կողմ է, իսկ պետական կառույցը` օբյեկտիվ ընտրություն անող էքսպերտային հանձնաժողով: Եվ այդ պարադոքսալ համատեղումը Կինոկենտրոնին դրդում է անընդհատ մանեւրել, արդարանալ եւ, վերջիվերջո, անորակ ֆիլմերի շարաններ ստեղծել: Այս դեպքում` ստեղծելն ու աջակցելը նույն բանն են:
Ո՞վ է տեսել ֆիլմը
Կինոստեղծման շղթայի անկատարությունը, նաեւ կինոյի պատասխանատուների ակնհայտորեն ոչ թափանցիկ աշխատաոճը վաղուց է հայտնի: Շատ հաճախ, օրինակ, ֆիլմին հատկացված պետական աջակցությունը Կինոկենտրոնի հորդորով` վերածվում է հենց Կինոկենտրոնից տեխնիկա վարձակալելու առաջարկով (պարզ է, որ այդ առաջարկը օրենսդրական դաշտից դուրս է): Եվ եթե ֆիլմի հեղինակները համաձայնում են, ապա դե յուրե ստանում են իրենց գումարը, սակայն դե ֆակտո այդ գումարը մնում է Կինոկենտրոնին: Եվ, թերեւս, հենց այդ պատճառով էլ (կոպիտ ասած` «ատկատների» շնորհիվ)` Կինոկենտրոնը չի շտապում բաց աշխատել, իրական քննարկմանը դնել սցենարները եւ գործ ունենալ օտարերկրյա պրոդյուսերների հետ, ովքեր սովոր են տրամաբանական եւ կարեւորը` արագ աշխատել (դե, որպեսզի կինոապրանքը չփչանա): Դառը ճշմարտությունը նրանում է, որ Կինոկենտրոնին ձեռնտու է ֆինանսավորել այն ռեժիսորների ֆիլմերը, ովքեր ամեն տարի ֆիլմ են սկսում, կիսատ են թողնում եւ ավարտելու դեպքում` տապալվում են: Իհարկե, Կինոկենտրոնին ուղղված ցանկացած քննադատություն դեմ է առնում ամուր պաշտպանական պատնեշի: Անձամբ ես անցյալ տարի զրուցելով Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Վերոնիկ Կայլայի հետ, համոզվեցի, որ այդ չափազանց բանիմաց եւ գործունյա կինը, ով եկել էր Հայաստան` համագործակցության դաշտ ստեղծելու համար, հենց այդ պատնեշից սարսափելով էլ` ձեռնունայն ետ էր վերադարձել` նշելով, որ եթե մենք ուզում ենք կինո ունենալ, ապա չի կարելի անտեսել պրոֆեսիոնալիզմն ու գրագետ աշխատաոճը: «Որքան նկատեցի, ձեզ մոտ տեղաշարժ չի կարող լինել, քանի դեռ ձեր Ազգային կինոկենտրոնը անաչառ կինոէքսպերտներից չի կազմված: Դուք սովոր եք տարիներով պահել նախագծերն ու տարիներով էլ` ֆիլմ նկարահանել: Եթե փոխեք ձեր կինոստրուկտուրան, հնարավոր կլինի համատեղ կինոարտադրության շնորհիվ տարեկան մի քանի տասնյակ ֆիլմ ստեղծել ու դրանց միջազգային դիստրիբյուցիան ապահովել: Բայց այդ ցանկությունը ես չտեսա»,- կտրուկ նշել էր նա: Ուշագրավ է, որ Վերոնիկ Կայլայի պես հեղինակությունն ընդունելով ֆրանսահայ կինոգործիչների եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հրավերը` անձամբ էր եկել-հասել Հայաստան, իսկ նրա փորձն ու կապերը Կինոկենտրոնը չկարողացավ օգտագործել:
Նշենք նաեւ, որ շատ երկրներում գործող ազգային կինոկենտրոնները` որպես այդ կառույցի էտալոն, օգտագործում են հենց ֆրանսիական կինոկենտրոնի` CNC-ի մոդելը: Տարբերությունները քիչ են, կարեւորը` Կինոկենտրոնը լինի ֆոնդ եւ իրապես աջակցի հեռանկարային պրոյեկտներին: Այլ ոչ թե մեզ նման` սատարի ի վերուստ ձախողման ենթակա նախագծերին ու կինոպրոցեսի ընթացքում գումար ստանա: Շահույթը ոչ թե պրոցեսում, այլ ֆիլմի ավարտից հետո է ի հայտ գալիս: Եթե դա ընդունենք, ապա ստիպված կլինենք փոփոխել մեր կինոստեղծման մոդելը: Ինչը, թերեւս, անել չի ցանկանում հենց Կինոկենտրոնը: Համենայնդեպս, վերջին տարիներին նկարահանված մեր խաղարկային ֆիլմերը փառատոնային հաջողություն չեն ունեցել եւ չեն գրավել դիստրիբյուտորների ուշադրությունը: Կինոարտադրությանը առնչվող հարցերը շատ են, սակայն, ցավոք, միշտ մնում են անպատասխան: Եվ այս «պայթյունավտանգ» իրավիճակում ցանկացած դեպք «մի կաթիլ մեղրի» էֆեկտն է ստանում:
Վերջերս, օրինակ, «նամակային սերիալի» ֆորմատ ունեցող վեճ է ծագել «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի գերմանացի համապրոդյուսեր Սահար Քոշմանի եւ մեր Կինոկենտրոնի միջեւ: Եթե բաց թողնենք Ս.Քոշմանի անձնական դիտարկումները մեր կինոարտադրության մասին (որոնց հետ մեր կինոգործիչներից շատերը համաձայն են) ու խոսենք զուտ փաստերի մասին, ապա շատ ուշագրավ պատմություն կստացվի: Կինոկենտրոնն, իհարկե, կարող է վիրավորվել իր հասցեին ուղղված քննադատությունից, սակայն փաստը մնում է փաստ. վիրավորանքի քողի տակ չի ստացվի քողարկել պրոբլեմները, որոնք բազմաթիվ են:
«Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի սցենարը Կինոկենտրոնին է առաջարկել կինոռեժիսոր Նիկա Շեկը: Որպես պրոդյուսեր` նա հայտ է ներկայացրել Կինոկենտրոն` ունենալով գերմանացի պրոդյուսերի (45.000 եվրո), հայ գործարար Միխայիլ Բաղդասարովի (30.000 դոլար) կողմից տրամադրված գումարները: Կինոկենտրոնը միացել է ֆիլմի նկարահանումներին` 19 մլն դրամով: Եվ քանի որ ֆիլմի ողջ բյուջեն դեռ համալրված չէր, ֆիլմի պրոդյուսերները որոշում են ընդունել սկսել ֆիլմի նկարահանումները` շարունակելով որոնել պակասող 20 000 դոլարը: Այլ հարց է` ինչո՞ւ է ֆիլմը մեկնարկել` չունենալով անհրաժեշտ գումարը: Նման «երկարաժամկետ» ֆինանսավորումն, ի դեպ, նորություն չէ մեր կինոարտադրության համար, քանի որ գրեթե բոլոր ֆիլմերը տարիներով են նկարահանվում, բաժին առ բաժին գումար ստանալով, ինչի արդյունքում էլ` կորցնում են իրենց արժեքն ու ասելիքի թարմությունը: Դրա վառ օրինակը «Սողանք» ֆիլմն է, որը պետք է ավարտին հասցվեր դեռ մի քանի տարի առաջ, սակայն անընդհատ վերանայվում է:
Սակայն «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի դեպքն այլ է: Որպես պրոդյուսեր (՞)` Կինոկենտրոնը պիտի իմանար, որ բյուջեն համալրված չէ, եւ հարկ է եւս 20.000 դոլարի ներդրում գտնել: Ֆիլմը գերածախս չի ունեցել, եւ պակասող գումարների որոնման խնդիրը հավասարապես պետք է հուզի բոլոր համապրոդյուսերներին: Կինոկենտրոնի տնօրենը հավաստիացնում է, որ իր պարտականությունն ինքը կատարել է, այսինքն` գումար է տրամադրել, եւ մնացածը Նիկա Շեկի պրոբլեմներն են, որոնց հետ գործ չունի: Եվ սա ամենազարմանալի դիտարկումն է, քանի որ հարկ է հստակեցնել` թե ո՞վ է պրոդյուսերը: Եթե չենք սխալվում, դա մի մարդ է, ով ոչ թե գումար է տրամադրում, այլ գումար է գտնում: Վերջիվերջո, գումար է տրամադրել նաեւ Միխայիլ Բաղդասարովը, սակայն նա հաստատ ֆիլմի պրոդյուսերը չէ: Նիկա Շեկը նշում է. «Կինոկենտրոնն արել է այն ամենը, ինչ պետք է աներ: Այն մեզ է փոխանցել 19 մլն դրամը (այլ հարց է, որ մոտ 6 մլն դրամ հարկեր ենք վճարել, իսկ 3 մլն դրամով լուսային սարքեր ենք վարձել), սակայն Կինոկենտրոնը նաեւ գիտեր, որ ողջ գումարը դեռ չի գտնվել: Եվ հիմա ես շատ շփոթված եմ, քանի որ անելանելի վիճակում եմ հայտնվել, մենք խոսում ենք բացարձակապես ֆիլմի հետ չառնչվող թեմաների մասին»:
Տպավորություն է ստեղծվում, որ Կինոկենտրոնը հիմնվում է ոչ թե տրամաբանության, այլ` համակրանքների եւ հակակրանքների վրա: Ինչպես ասում են` մարդկային գործոնը վեր է պրոֆեսիոնալիզմից: Գ.Գեւորգյանը, մեկնաբանելով ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակը, նշում է, որ Նիկա Շեկը «խախտել է մարդկային եւ բարոյական նորմերը», մինչդեռ հենց ինքն է «երկու երեխաներ ունեցող երիտասարդ ռեժիսորի համար կանաչ ճանապարհ բացել»: Ընդ որում, Կինոկենտրոնի տնօրենը գերադասում է խոսել ռեժիսորի անձի մասին, այլ ոչ թե ֆիլմի սյուժեի, նկարահանման որակի, սպասվելիք արդյունքի մասին: Որպես պրոդյուսեր` նա պիտի որ տեղյակ լինի կինոպրոցեսի եւ ընթացքի, եւ խնդիրների մասին, մանավանդ, որ «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի նկարահանումներն ու մոնտաժն արդեն ավարտված են (մնացած գումարը պետք է ֆիլմի ձայնային շտկումներն ու գունաբաժանումն անելու համար): Ինչը ենթադրում է, որ Գ.Գեւորգյանը հասցրել է դիտել ֆիլմը եւ դրա որակով է հիմնավորում հետագա ֆինանսավորման կամ չֆինանսավորման հարցը: Ընդ որում` այդ պահանջը ցանկալի է կիրառել բոլոր հայրենական ֆիլմերի դեպքում, չէ՞ որ Կինոկենտրոնը փորձագիտական կառույց է, այլ ոչ թե` բարեկամական կապերի վրա հիմնվող խմբավորում: Եթե այն իրոք պրոֆեսիոնալ կառույց է, ապա հենց սցենարական փուլում պետք է մերժի շատ ֆիլմերի ֆինանսավորումը, այլ ոչ թե ֆիլմի ավարտից հետո արդարանա, որ այն լավ չի ստացվել: Իսկ Գ.Գեւորգյանը գերադասում է նշել, որ «լավություն է արել Նիկա Շեկին»` մոռանալով, որ Կինոկենտրոնի ֆունկցիան լավություն անելու մեջ չէ: Բոլորիս էլ հայտնի է, թե այդ լավությունները ինչո՞վ են ավարտվում: Դրանք ավարտվում են անորակ ֆիլմերով ու մեծ-մեծ ճառերով: Ո՞ւմ են պետք այն լավությունները, որը Կինոկենտրոնն արել է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն», Ալբերտ Մկտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» եւ էլի տասնյակ ֆիլմերին, կամ էլ ինչո՞ւմ է հեռուստաընկերությունների ուժերով նկարահանված ֆիլմ-նախագծերին գումար հատկացնելու իմաստը: Չէ՞ որ ողջ աշխարհում ոչ թե կինոֆոնդն է օգնում հեռուստատեսությանը, այլ` հեռուստատեսությունն է օգնում կինոյին:
Եվ սրանք իրոք հարցեր են, որոնք ծնվեցին «մի կաթիլ մեղրից»` գերմանացի պրոդյուսեր Սահար Քոշմանի «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցից: Ի դեպ` հենց այդ պրոդյուսերը, ով հավատացել է Նիկա Շեկի ֆիլմի ապագային ու գումար է ներդրել, դեռ անցյալ տարվա նոյեմբերին խնդրել էր հայկական կողմին համալրել անհրաժեշտ գումարը, քանի որ, ըստ նրա հաշվարկների` մոտ ժամանակներս Գերմանիայում միանգամից 2 պրոադրբեջանական ֆիլմ է էկրան բարձրանալու, եւ ցանկալի է, որ հայկական ֆիլմն առաջինը լինի այդ շարքում: Հիշեցնենք, որ «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի պատմության կենտրոնում Սումգայիթի ջարդերն են եւ հայ ընտանիքի ճակատագիրը: Ֆիլմում մեծ տեղ է հատկացված մասսայական տեսարաններին եւ հայկական ինքնությունը պահպանել փորձող երեխայի ճակատագրին:
Եթե այս ֆիլմը թեմատիկ առումով կամ տեխնիկական որակով հաջող չէ, ապա ցանկալի է հենց այդ մասին խոսել (հիշեցնենք, որ ֆիլմն արդեն մոնտաժված է) եւ վստահ լինել, որ այն այլեւս չպիտի ֆինանսավորվի: Սակայն Կինոկենտրոնի մեկնաբանություններից հստակ է դառնում, որ այդ կառույցի աշխատակիցներն անգամ ֆիլմը չեն տեսել, եւ այդ պատճառով էլ` գուշակում են` ֆիլմը լա՞վն է, թե՞ ոչ: Վերջին հրապարակումներից մեկում անգամ նշվել էր, որ դա ադրբեջանամետ ֆիլմ է: Ինչն ուղղակի զարմացրել էր գերմանացի պրոդյուսերին, ով ներդրում գտնելուց առաջ`շատ լավ պատկերացնում էր, որ ֆիլմը հայկական ողբերգության առաջին գեղարվեստական անդրադարձը պիտի դառնա: Եվ կներկայանա նաեւ` որպես հայաստանյան արտադրանք: