«Ես ներել եմ մորս»

05/04/2011

Լյուդմիլա Գուրչենկոյի դուստրը` Մարիա Կորոլյովան, մոր մահվան լուրն իմացել է հեռուստատեսությունից: Երբ զանգահարել է Գուրչենկոյի ամուսնուն` իմանալու համար մոր մահվան պատճառը, վերջինս այնքան է հուզված եղել, որ անգամ չի կարողացել խոսել հեռախոսով: Լ.Գուրչենկոն հարցազրույցներից մեկում ասել է. «Ես պետք չեմ իմ երեխաներին: Եվ պետք էլ չէ»: Դերասանուհու հարաբերություններն իր զավակների հետ բավականին բարդ են եղել, սակայն նա միշտ խուսափել է լրագրողների հետ այդ թեման շոշափել: Լ.Գուրչենկոյի դուստրը` Մարիա Կորոլյովան «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի լրագրողի հետ հեռախոսազրույցում նշել է. «Ես չեմ նեղանում մորիցս, նա ինձ համար առաջին հերթին մայր է: Նա իմ մայրն է, ով այլեւս չկա: Հասկանո՞ւմ եք, թե ինչ եմ հիմա ես զգում»:

Փետրվարի 11-ին` մահից ընդամենը մեկ ամիս առաջ, Լ.Գուրչենկոն նկարահանել է իր վերջին տեսահոլովակը` կյանքից հեռացած ընկերների մասին: Երգչուհի Զեմֆիրայի «Խոչեշ» երգի հիման վրա նկարահանված Գուրչենկոյի վերջին տեսահոլովակում, ըստ սցենարի, երգչուհու կողքին են հայտնվում լեգենդար դերասաններ Նիկուլինի, Աբդուլովի, Միրոնովի, Եվստիգնեեւի, Յանկովսկու ստվերները: Սակայն նրանք հերթով լքում են երգչուհուն, որքան էլ որ վերջինս աղերսում է նրանց մնալ` անվերջ կանչելով` «նե ուխոդի»: