Բուժիչ նամակներ

05/04/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Սողոմոնի կնիքով սնդրուկը

Հայերեն տարանուններն են` կցմցուկ, սինդրիկ, Սողոմոնի կնիք, կռմզան։

Շուշանազգիների – convallaria ընտանիքին պատկանող բազմամյա, հաստ հանգուցավոր կոճղարմատով բույս է։ Ցողունը մերկ է, բազմանիստ, 25-50 սմ բարձրությամբ, տերեւներն ունեն երկարավուն, նշտարաձեւ 10-12 սմ հերթադիր, երկշարք դասավորություն, որոնք գրկում են ցողունը, լայնքը 2-5 սմ է, արտաքինից կանաչ են, հակառակ կողմը` բաց կանաչավուն, շրջված են նույն ուղղությամբ։ Պտուղներն առաջին հայացքից մուգ կապույտ են, սակայն իրականում դրանց մեջ չկա կապույտ ներկանյութ։ Պտղի արտաքին պատյանը կանաչ է, իսկ պտղամիսը` մուգ կանաչ։ Հողի տակ սնդրուկը առաջացնում է ընձյուղներ, որը հողից դուրս առաջացնում է ցողուն։ Ամեն տարի ընձյուղի վերջից առաջանում է նոր ցողուն։ Երբ հին ցողունը չորանում, մահանում է, դրա տեղը մնում է պարզ արտահայտված կլորավուն հետք, որոնց քանակով կարելի է իմանալ` քանի տարվա խոտաբույս է, այդ կլորավուն հետքերը կոչվում են Սողոմոնի կնիք։

Սնդրուկ բուրումնավետը ջերմասեր բույս է։ Աճում է կաղնուտներում, լեռների լանջերին, ձորակներում։ Սնդրուկ տերեւափունջը (Verticillatum) հանդիպում է լեռնային սաղարթավոր ու փշատերեւ անտառներում, ծաղկաշատ բացատներում։ Այս տեսակի ցողունն ուղղաձիգ է, մի քանի շարք նեղ, նշտարաձեւ տերեւները հավաքված են տերեւափնջերով։ Սնդրուկ բազմածաղիկը` multiflorum` ունի կլորավուն ցողուն։

Սնդրուկի տարբեր տեսակների քիմիական բաղադրությունը քիչ է տարբերվում։ Կոճղարմատը պարունակում է մեծ քանակությամբ օսլա, սապոնին, լորձանյութ, շաքար, այն կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար։

Թարմ կոճղարմատների թուրմը փոքր չափաբաժիններով խմում են ռեւմատիզմի, թիկունքի ցավերի, թութքի, ճողվածքի դեպքում։ Վերջինիս բուժման համար 5 գրամ մանրացրած կոճղարմատը լցրեք կավե խոր ամանի մեջ, ավելացրեք 300 մլ կաթ, դրեք տաքացրած ջեռոցի մեջ, եփեք, մինչեւ մնա 100 մլ, անմիջապես թրմեք։ Խմեք տաք վիճակում, երկուական ճ/գ, սնունդ ընդունելուց առաջ, օրը 3 անգամ։

Սնդրուկը պարունակում է հովտաշուշանին բնորոշ գլյուկոզիդ կոնվալամարին եւ սապոնին, կոնվալլորին։ Տերեւները պարունակում են 330 մգ ասկորբինաթթու 100 գրամ հումքի մեջ։

– 2ճ/գ սնդրուկի տերեւները 30 րոպե թրմեք 600 մլ եռջրի մեջ։ Եփեք ջրային բաղնիքի վրա այնքան ժամանակ, մինչեւ մնա նախնական ծավալի 1/3-ը։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ, մինչեւ սնվելը։

Իջեցնում է զարկերակային ճնշումը, ունի հակաբորբոքային, ցավազրկող հատկություն։ Օգտագործվում է նաեւ թիկունքի ցավերի եւ պոդագրայի դեպքում։

Սնդրուկը հիմնականում օգտագործվում է արտաքին բուժման համար, հատկապես` թութքի։

– 2ճ/գ տերեւները կես ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ, քամեք։ Քնելուց առաջ թրջեք թանզիֆը թուրմի մեջ եւ տեղադրեք ուղիղ աղիքի մեջ։

Սնդրուկը տարածված է Եվրոպական երկրներում։

Կոճղարմատների եփուկն օգտագործում են լվացումների համար։ Թրջոցները դնում են վնասվածքների, քերծվածքների, թեթեւ վերքերի վրա։

– Եփուկը ստանալու համար 40 գրամ մանրացրած կոճղարմատին ավելացրեք 500 մլ եռջուր, 30 րոպե եռացրեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 2 ժամ, քամեք։

Եփուկը խառնում են (1։1) եռջրի հետ եւ օգտագործում նաեւ մաշկային հիվանդությունների դեպքում` թրջոցի եւ լվացումների ձեւով։ Այսպիսի թրջոցներն, իրոք, շատ են օգնում պոդագրայից առաջացած ցավերի դեպքում։ Սնդրուկի պատրաստուկներն օգնում են նաեւ բրոնխիտի, թոքաբորբի դեպքում, քանի որ ունեն փափկեցնող հատկություն։

Սնդրուկի խոտի թուրմն օգտագործում են որպես ջերմությունն իջեցնող եւ միզամուղ միջոց երիկամային հիվանդությունների եւ ջրգողության դեպքում։ Չնայած սնդրուկը թունավոր բույս է, սակայն օգտագործվում է սննդի մեջ։ Դրա սննդային արժեքը բնութագրվում է օսլայի եւ ասկորբինաթթվի բարձր պարունակությամբ, կոճղարմատները կարելի է ուտել աղաջրի մեջ խաշելուց հետո, իսկ մատղաշ տերեւները պատրաստում են ինչպես ծնեբեկը։ Որպես տերեւաբանջարային բույս` սնդրուկը խաշում են, տապակում։

Կան բժիշկներ, ովքեր գտնում են, որ սնդրուկից պատրաստված ոգեթուրմի կիրառումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ բարորակ ուռուցքների (մաստոպատիա, միոմա, վահանաձեւ գեղձի հիվանդություններ) դեպքում: Ըստ այս մոտեցման` սնդրուկը դասվում է հորմոնալ կախվածություն ունեցող ուռուցքներ բուժող դեղաբույսերի շարքին։

Ոգեթուրմի պատրաստման եղանակը. Սնդրուկի չոր կոճղարմատը 20 օր թմրեք 70%-անոց բժշկական սպիրտի մեջ, 1։10 քաշային հարաբերությամբ։

– Սկսվող շագանակագեղձի բորբոքման դեպքում խմեք 10 կաթիլ ոգեթուրմ առավոտյան նախաճաշից հետո։

– Ադենոմայի դեպքում խմեք 10-15 կաթիլ առավոտյան եւ ցերեկը` սնունդ ընդունելուց հետո։

– Ժամանակին չբուժված ադենոմայի դեպքում խմեք օրը 3 անգամ, մեկական թ/գ դդումի յուղ եւ մատուտակի (glycyrrhiza) եւ երեսնակի (agrimonia) հյութամզվածք։ Կիրառվում է նաեւ բծավոր պիսակի (conium maculatum) քսուք եւ կակաոյի յուղից, սնդրուկի լուծամզվածքից, ակնամոմից, եթերային յուղերից պատրաստված մոմիկներ։ Նման կոմպլեքսային բուժման համար անհրաժեշտ է փորձառու բժշկի հսկողություն։

– Ռադիկուլիտի, ռեւմատիզմի, հոդային հիվանդությունների, պոդագրայի դեպքում խմեք 10-ական կաթիլ ոգեթուրմ, օրը 2 անգամ, եւ կատարեք շփումներ նույն ոգեթուրմով։

– Շաքարախտի կամ էնդառտերիիտի հետեւանքով առաջացած վերջույթների արյան սնուցման անբավարարության դեպքում կրկին ընդունեք սպիրտային թուրմը` սնունդ ընդունելուց 40 րոպե առաջ։ Ազդեցությունը կուժեղանա, եթե սնունդ ընդունելուց 10-15 րոպե առաջ խմեք նաեւ դիոսկորեայի եւ կարմիր երեքնուկի խոտերի խառնուրդից պատրաստված թուրմը։

Հիշեցում։ Սնդրուկը թունավոր բույս է։ Խստորեն պահպանեք պատրաստման եւ ընդունման չափաբաժինը։