Կապրենք՝ կտեսնենք

01/11/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ դեսպանատանը մամլո ասուլիս էին հրավիրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար (USAID) Ռոբին Ֆիլիպսը։ Ասուլիսը նվիրված էր Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարության աջակցման ծրագրերին։

Ընդհանրապես «ասուլիս» բառը կարելի է վերապահումով օգտագործել, քանի որ դեսպանն իր ասելիքը կարող էր հասարակությանն ուղղել պարզապես հաղորդագրության միջոցով։ Լրագրողների ներկայությունը պարտադիր չէր։ Պրն Էվանսը, որ ներկայացավ իր ասած ժամից կես ժամ ուշացումով, ներկայացրեց իր ասելիքը եւ, պատասխանելով մի քանի հարցերի, շատ արագ ավարտեց ասուլիսը, եւ լրագրողներից շատերն այդպես էլ չկարողացան ուղղել իրենց հարցերը։

Իսկ ասելիքը հետեւյալն էր՝ անցած ամառվա ընթացքում մշակվել է ընտրական աջակցության ծրագրերի փաթեթ, որն ուղղված է 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրություններին։ Այսինքն` ամերիկացիները հիմիկվանից աշխատում են, որ 2-3 տարի հետո կայանալիք ընտրություններն անցնեն ազատ եւ արդար, քանի որ դա Հայաստանի համար լինելու է «… ժողովրդավարության ուղիով ընթանալու իր պատրաստակամությունը վերահաստատելու եւ դժվարությունները հաղթահարելու ոսկե հնարավորություն»։

Ամեն ինչ ճիշտ է, սակայն ինչո՞ւ հենց 2007-2008 թվականներինը. 2003 թվականի ընտրությունները նույնպիսի հնարավորություն չէի՞ն։ Երեւի ոսկեջրած էին։

Ամերիկացիները մշակել են մի քանի կետից բաղկացած կոնկրետ ծրագիր, որը նախատեսում է քայլեր ձեռնարկել ընտրացուցակների ճշգրտման, կազմակերպչական, եւ տեղեկատվական հարցերի ուղղությամբ։ Փաթեթն արժանացել է ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը, եւ անգամ գումար է հատկացվել (ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար)։ Հուրախություն որոշ հասարակական կազմակերպությունների, որոնց բանուգործի անունը գրանտ ստանալն է, այդ գումարից որոշ մաս կհատկացվի հենց նրանց, որպեսզի մեծացնեն ընտրողների տեղեկացվածությունը, բարձրացնեն հանրային հետաքրքրվածությունը եւ զբաղվեն նմանատիպ այլ «հույժ կարեւոր» գործերով։

Լրագրողներից մեկը շատ տեղին հարց տվեց, թե որքանո՞վ արդյունավետ կլինեն այս բոլոր ծրագրերը, եթե չլինի քաղաքական կամք, նորից կատարվեն լցոնումներ, կեղծիքներ եւ այլն։ Ջոն Էվանսը պատասխանեց, որ իրենք նախորդ տարիներից դասեր են քաղել եւ այդ ամենն այլեւս չի կարող աննկատ անցնել։ Նա նաեւ մեջբերեց ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանի այն խոսքերը, որ կեղծիքների ժամանակն արդեն անցել է։ Որոշ իմաստով անգամ հպարտ ես զգում, որ հայերը կարողացել են «դաս» տալ ամենագետ ամերիկացիներին, ու մյուս կողմից առավել քան վստահ եմ, որ ցանկության դեպքում մենք նրանց սովորեցնելու նոր բաներ կգտնենք:

Հետաքրքիր էր նաեւ այն, որ առաջիկա հանրաքվեի մասին ոչինչ չասվեց։ Ի դեպ, պրն Էվանսը հենց սկզբից նշեց, որ ինքն այդ մասին չի խոսելու, այլ միայն՝ 2007-2008թթ. «ոսկե հնարավորության»։ Այդ դեպքում կարելի է անել 3 եզրակացություն.

ա) ամերիկացիները վստահ են, որ հանրաքվեն կանցնի ազատ եւ արդար,

բ) ամերիկացիները վստահ են, որ ազատ եւ արդար հանրաքվե ապահովելու համար ժամանակը շատ քիչ է, այդ իսկ պատճառով անիմաստ է դրա մասին խոսելը,

դ) ամերիկացիների համար դրա անցկացման պրոցեսն ինքնին այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը արդյունքն է. փոփոխությունները չեն անցնի՝ կնշանակի հանրաքվեն արդար է անցել, կանցնեն՝ ավելի լավ՝ կունենանք ավելի լավ սահմանադրություն։

Վերջին վարկածը, թերեւս, իրականությանը շատ ավելի մոտ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ պրն Էվանսը կողմ էր արտահայտվում փոփոխություններին, ինչի համար անգամ քննադատության արժանացավ։ Նա անդրադարձավ նաեւ այս հարցին։ «Ես արտահայտել եմ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը, որը փոփոխությունները դիտարկում է որպես դրական քայլ առաջընթացի ճանապարհին։ Սակայն, եթե ուշադիր եք եղել, ապա վերջում միշտ ավելացրել եմ, որ ընտրությունը վերջին հաշվով ժողովրդինն է»,- ասաց դեսպանը։

Հնչեցին նաեւ հետաքրքիր այլ հայտարարություններ, մասնավորապես` այն մասին, որ «Ժողովրդավարության զարգացման ուղղությամբ Հայաստանում նկատվում է լավ առաջընթաց»։ Իսկ ամենահետաքրքիրն այն հայտարարությունն էր, որ Ջոն Էվանսի խոսքերով՝ «ԱՄՆ-ն չի աջակցում փողոցներում կատարվող հեղափոխություններին։ Հեղափոխությունները մատնանշում են ձախողումներ։ ԱՄՆ-ը նախընտրում է էվոլյուցիոն ճանապարհը, երբ քաղաքական իշխանությունը փոփոխվում է ընտրությունների միջոցով»։ Մեկնաբանություններն ավելորդ են…

Իհարկե, ասուլիսը տարբեր կերպ մեկնաբանվեց տարբեր լրատվամիջոցների կողմից. իշխանամետ լրատվամիջոցներն անթաքույց գոհունակությամբ ակնարկում էին, որ ԱՄՆ-ը չի աջակցում ընդդիմության ծրագրերին, ընդդիմադիրներն ակնհայտ հիասթափված էին եւ դժգոհ, իսկ մյուսները պարզապես ներկայացնում էին հնչած մտքերն, առանց մեկնաբանությունների։ Մեզ առավելապես հետաքրքրում էր «Հանրապետություն» կուսակցության արձագանքն այս առնչությամբ, քանի որ հանրաքվեն հեղափոխության վերածելու հնարավորությունն ամենից բարձր գնահատում են հենց նրանք։ Այս առնչությամբ զրուցեցինք կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ, որը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը։ «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ներդրումը Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում, սակայն հստակ ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի ժողովուրդն ինքն է որոշում այն ժամկետները եւ քաղաքական պայքարի այն ձեւը, որի միջոցով կարող է Հայաստանում վերականգնել օրինական իշխանությունը։ Որպես այդպիսի լեգալ առիթ մենք համարում ենք առաջիկա հանրաքվեն»,- ասաց պրն Սուրենյանցը։