Ճոյտն ու Սուսոն

02/04/2011

Մեր տեղեկություններով` երկու օր առաջ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ձերբակալվել է հանրությանը բավականին հայտնի Սուսաննա Հարությունյանը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսվա նախնական կալանք է սահմանել նրա նկատմամբ: Վերջինս միշտ հասարակական-քաղաքական բավականին խայտաբղետ գործունեություն է ծավալել: Նա իշխանությունների հետ է եղել, երբ իշխանություններն իրեն օգնել են: Ընդդիմության հետ է եղել, երբ իշխանություններն իրեն չեն օգնել: Տարիներ առաջ նա նույնիսկ` առաջադրել էր իր թեկնածությունը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում։ Եվ գրեթե միշտ նրա անունը հիշատակվել է քրեական տարբեր գործերի շրջանակում: Իսկ այս անգամ, մեր տեղեկություններով, Ս.Հարությունյանին չարաշահումներ կատարելու մեջ մեղադրում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը: Ի դեպ, ասում են` Էջմիածնում եւ ընդհանրապես Արմավիրի շրջանում, Հ.Հակոբյանի բողոքների արդյունքում մոտ 20 հոգի հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Իսկ Ս.Հարությունյանը Հ.Հակոբյանին պատկանող երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրենն է եղել: Ի դեպ, այս գործարանի հետ կապված` եղեգնուտցիները միշտ խնդիրներ են ունեցել Հ.Հակոբյանի հետ: Վերջինս հիմա ցանկանում է ստանալ ՀՀԿ-ի համաձայնությունը ԱԺ ընտրությունների ժամանակ Էջմիածնում Սեյրան Սարոյանի փոխարեն իր թեկնածությունն առաջադրելու համար: