«Սահմանադրական փոփոխությունները պայմանավորելու են Հայաստանի մոտակա 15-20 տարիների զարգացումը»,- երեկ «Լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը եւ սահմանադրական հանրաքվեի լուսաբանումը» թեմայով Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղեկատվական գրասենյակի կազմակերպած սեմինարի բացման խոսքում նման համոզմունք հայտնեց սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Կարեւորելով ԶԼՄ-ների դերն ու պրոֆեսիոնալիզմը հանրաքվեի քարոզչության ընթացքում՝ վերջինս նաեւ կարծիք հայտնեց, որ քաղաքական պրոցեսների լեգիտիմությունը կախված է նրանից, թե որքանով են մարդիկ տեղեկացված: Եթե այս տեսանկյունից գնահատենք «հանրաքվեի լեգիտիմությունը», կարելի է փաստել, որ այսօրվա դրությամբ հանրաքվեն ունի ոչ լեգիտիմության բավականին բարձր աստիճան: Ինչեւէ, բնակչության տեղեկացվածության եւ ազատ լրատվություն ստանալու իրավունքն իրենց խոսքում կարեւորեցին բոլոր զեկուցողները: Կարեւորելով հատկապես հեռուստաընկերությունների դերը՝ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան շեշտեց, որ ազատ լրատվություն ստանալը ժողովրդավարության հիմնաքարերից է: «Մարդիկ պետք է ճիշտ տեղեկատվություն ստանան, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն»,- նշեց տիկին Ուրումովան: Սեմինարի մասնակից տպագիր մամուլի, համապետական ու մարզային հեռուստաընկերությունների ու լրագրողական միությունների մոտ 100 լրագրողներին ներկայացվեցին լրագրողական պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ BBC-ի եւ «Ռադիո Սլովենիայի» փորձագետների կարծիքները: «ԶԼՄ-ներն իրավունք չունեն ազդելու ընտրությունների կամ հանրաքվեների արդյունքների վրա»,- սեմինարի ընթացքում հայտարարեց Միացյալ Թագավորության BBC հեռուստաընկերության քաղաքական բաժնի գլխավոր խմբագիր Աշոկ Ահիրը: Վերջինիս համոզմամբ՝ ընտրությունների արդյունքներն առաջին հերթին գնահատվում են հասարակության իրազեկմամբ: «Ընտրությունների կամ հանրաքվեների ժամանակ ամենակարեւոր դերը հեռուստաընկերություններին է: Մեր խնդիրն է` հավասարություն պահպանել բոլոր կողմերի միջեւ»,- շեշտեց պրն Ահիրը: Իսկ «Ռադիո Սլովենիայի» գլխավոր խմբագիր Գոյկո Բերվարն էլ տեղեկացրեց, որ իր երկիրը հանրաքվեների մեծ փորձ ունի եւ որ Սլովենիայում ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: «Լրատվամիջոցներն ընդամենը պետք է անկողմնակալ լուսաբանեն քարոզարշավը,- ասում է նա ու հավելում,- որքանով ինձ հայտնի է, հայ ժողովրդին այսօր երկու հարց է հետաքրքրում՝ սահմանադրական փոփոխությունների ընդունվելու դեպքում երկրի նախագահը կկարողանա՞ վերընտրվել 3-րդ անգամ անընդմեջ, եւ ընդունվելու դեպքում այդ փոփոխությունները որքանո՞վ կյանքի կկոչվեն: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանը ժողովուրդը պետք է իմանա նախքան հանրաքվեի գնալը»: Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների Թուրփանջյան կենտրոնի տնօրեն դոկտոր Լուսիկ Դանիելյանն էլ իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, նշեց, թե ինչ լավ կետեր կան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, որոնք հնարավորություն են տալիս լրատվամիջոցներին ազատ ու անկողմնակալ լուսաբանել երկրում կատարվող իրադարձությունները:
Զեկուցողները, սակայն, մոռանում են մի կարեւոր փաստ. Սահմանադրությանը «այո» կամ «ոչ» ասող քաղաքական եւ հասարակական գործիչների 95 տոկոսը բնավ ծանոթ չէ Սահմանադրության հին ու նոր տարբերակներին, հետեւաբար նաեւ՝ առաջարկվող փոփոխություններին: Եթե նրանք անգամ չգիտեն, թե ինչու են «այո» կամ «ոչ» քարոզում, ապա լրատվամիջոցներն ի՞նչ պետք է անեն: Այնպես որ, ճիշտ կլինի նաեւ` «այո» կամ «ոչ» քարոզողներին խորհուրդ տրվի մինչեւ խոսելը գոնե ծանոթանալ գործող Սահմանադրության տեքստին եւ ընթերցել առաջարկվող տարբերակը: