Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնին կից Պետական պահպանության վարչության պահպանության բաժնի պետ, Ոստիկանության կապիտան Արթուր Սամվելի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քր. օր-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն` առանձնապես խոշոր չափերով հափշտակության նպատակով): Նա մեղադրվում է 2011թ. մարտի 29-ին, ժամը 12-ի սահմաններում, զինված ատրճանակով, դեմքը քողարկված «Կոնվերսբանկ» ՓԲԸ Նոր Նորք մասնաճյուղի գանձապահների համար նախատեսված հատված ապօրինի մուտք գործելու եւ ատրճանակի գործադրման սպառնալիքով բանկի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, գանձապահի պահարանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ փախուստի դիմելու համար: Մարտի 31-ին Արթուր Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Մինչեւ երեկ շատերի համար անհասկանալի էր Ա. Հակոբյանի կատարած քայլի պատճառը, քանի որ ֆինանսապես ապահովված ընտանիքից է: Երեկ, սակայն, Ոստիկանության շրջանակներում խոսում էին, որ վերջինս հայաստանյան կազինոներից մեկում խոշոր գումար էր տանուլ տվել: