Հացպանյանին չե՞ն ազատելու

02/04/2011

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Սարգիս Հացպանյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից բնութագրվում է «բացասական», հետեւաբար` դատապարտյալը դեռ կարիք ունի պատժի հետագա կրման: Այս մասին ասված է ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ նրա` որոշ ԶԼՄ-ների հրապարակումներում խեղաթյուրել են Հացպանյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, ինչպես նաեւ դատապարտյալի պատժի կրման ընթացքում դրսեւորած վարքի վերաբերյալ մանրամասները: «Պնդումը, թե դատապարտյալը պայմանական վաղաժամկետ չի ազատվում իբր այն դեպքում, երբ պատժի կրման ընթացքում չի ստացել որեւէ տույժ, մտացածին է: Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ենթարկվել է երկու կարգապահական տույժի: Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտում է թույլ տվել եւ կարգապահական տույժի է ենթարկվել նաեւ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշումն իր նկատմամբ կիրառելուց հետո»,- ասված է հաղորդագրությունում: