«Մեր աչքի առաջ արաբական երկրներում տեղի ունեցած անհնազանդությունները եւ բողոքի ալիքները հնարավոր է կրկնել նաեւ Հայաստանում, եթե ընդդիմության առաջնորդները ժողովրդին տուն չուղարկեն»,- tert.am-ին ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով` Հայաստանում ստեղծված իրավիճակը շտկելու համար պետք է ձեւավորվի ժողովրդական հզոր դիմադրություն, ընդհանուր ճակատ, որում կներգրավվեն այն ընդդիմադիր ուժերը, որոնք իսկապես պայքարում են այս «բռնապետության դեմ»։ Տ. Խզմալյանը նաեւ ներկայացրել է այն սցենարը, որով իրավիճակը կշտկվի. «Դա արվում է ժողովրդավար ճանապարհով, մարդիկ դուրս են գալիս հրապարակ, եւ իրենց ոչ ոք տուն չի ուղարկում: Մարդիկ սկսում են անհնազանդությունը, իհարկե, խաղաղ ճանապարհով: Եթե նրանց նկատմամբ բռնություն է գործադրվում, նրանք դիմադրություն են ցույց տալիս: Ուժային կառույցները, բացի մի քանի ծախված մարդկանցից, անցնում են ժողովրդի կողմը: Տապալվում է մի քանի ընտանիքներին պատկանող իշխանությունը»: Կինոռեժիսորը, ի դեպ, համոզված է, որ ժողովուրդն այսօր ակտիվ է պայքարի հարցում. «Ոչ թե ժողովուրդը, այլ ընդդիմության այն ղեկավարներն ակտիվ չեն, ովքեր ամիսը մեկ հանրահավաք են հրավիրում եւ ժողովրդին քնացնում են ու տուն ուղարկում: Ժողովուրդն այսօր սպասում է առաջնորդի կոչին: Հայ ժողովուրդը փայլուն, արդար եւ ճշմարիտ ժողովուրդ է»: Նաեւ հավելել է, թե ՀՀ-ում այսօր ոչ թե պետք է ընտրությունների միջոցով հասնել իշխանության, այլ իշխանափոխությամբ` առանց ընտրությունների: