Թուրքական «Taraf»-ը շարունակում է հրապարակել «Wikileaks»-ի` Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ դիվանագետների գաղտնի փաստաթղթերը: Հերթական փաստաթղթում նշված է, թե ԱՄՆ իշխանությունները մինչ Տրապիզոնում կաթոլիկ քահանա Սանտորոյի սպանությունը, Մալաթիայի «Zirve» հրատարակչատանը տեղի ունեցած սպանդն ու Հրանտ Դինքի սպանությունը, զգուշացրել էին թուրքական իշխանություններին երկրում ավելացող հակաքրիստոնեական տրամադրությունների մասին: Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները պահանջել են փոխել կրոնական գործերով վարչության կողմից 2005-ի մարտի 11-ին պատրաստած հայտարարությունը, որտեղ հակաքրիստոնեական տրամադրություններ են հրահրել: «2005թ. մարտի 16-ին Անկարայում ԱՄՆ դիվանագետներից Ջոն Կունստադերը Վաշինգտոն ուղարկված հեռագրում նշել է, որ թուրք իմամները քրիստոնյա միսիոներների դեմ հայտարարություն են տարածում»,- նշվել է «Taraf»-ում: