Ինչպես կասեն մեր ֆուտբոլային մեկնաբանները` գնաճ-ՀՀ իշխանություններ պայքարը գնալով թեժանում է։ Չնայած կառավարության եւ Կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցառումներին՝ մեր հանրապետությունում սպառողական գները շարունակում են աճել եւ մարտի վերջի դրությամբ նորանոր բարձունքներ են նվաճել։
Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն` սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ` այս տարվա մարտին կազմել է 111.5։ Այսինքն՝ 12 ամսվա կտրվածքով գնաճը կազմել է 11.5%, այն դեպքում, երբ իշխանությունները խոստանում են մինչեւ տարեվերջ այն տեղավորել 4-6%-ի սահմաններում։
Նախորդ ամսվա՝ փետրվարի նկատմամբ, գներն աճել են 0.8%-ով, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 5.2%-ով։ Նշենք, որ այս ցուցանիշով գնաճը ռեկորդային է վերջին 10 տարվա համար։ 2002թ. մարտին համապատասխան ցուցանիշը եղել է 0.9%, իսկ այս ընթացքում ամենաբարձրը արձանագրվել է 2008 թվականին՝ 4.8%։
Մտահոգիչն այն է, որ պարենային ապրանքները (այսինքն՝ սննդամթերքը) ավելի շատ են թանկացել. 12 ամսվա կտրվածքով գներն աճել են 17.1%-ով։
Ինչպես նշված է ԱՎԾ հրապարակման մեջ՝ պարենային ապրանքների գնաճը մեծապես պայմանավորվել է հացամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 1.3-3.3% գնաճով: Զգալի չափով թանկացել են հատկապես բանջարեղենը եւ կարտոֆիլը՝ 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ` արձանագրվել է 28.6%, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 3.3% գնաճ:
2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ` հանրապետությունում գրանցվել է շաքարավազի` 5.5%, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 2.4% գնաճ: Կենդանական եւ բուսական յուղերը 12-ամսվա ընթացքում թանկացել են 15.8%-ով, հացամթերքը՝ 18.0%-ով։
Դե, իսկ ամենից շատ թանկացել են մրգերը. չնայած պաշտոնական վիճակագրության համաձայն փետրվարի համեմատ մարտին մրգերի գներն իջել են 2.2%-ով, այդուհանդերձ՝ 12-ամսյա գնաճը կազմում է 41.0%։ Միսը թանկացել է 9.7%-ով, ձուն՝ 13.2%-ով։
Այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիներից՝ հատկապես թոշակառուներից, մեծ ջանքեր են պահանջվում սովամահ չլինելու համար։
Նշենք, որ թանկացել են ոչ միայն պարենային ապրանքները։ 2011թ. մարտին փետրվարի համեմատ` ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար` 3.5% եւ 5.0% գնաճով: 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ` բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար` 9.7% եւ 17.7%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ` 10.8% եւ 13.3%-ով:
Եթե այս ամենի արդյունքում մարդը թերսնվի եւ առողջական խնդիրներ ունենա, ապա բժշկի դիմելուց առաջ էլ պետք է ծանրութեթեւ անի, քանի որ բուժսպասարկման ծառայությունների սակագները միայն մեկ ամսվա մեջ թանկացել են 5.1%-ով։
Եթե վերադառնանք ֆուտբոլային բառապաշարին, ապա կարելի է ասել՝ գնաճն ունի բացահայտ տարածքային առավելություն, իսկ կառավարության կազմակերպած գրոհներն ու փոխարինումներն առայժմ որեւէ արդյունք չեն տալիս։
Ասել, որ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում գնաճի դեմն առնելու համար՝ սխալ կլինի։ Կենտրոնական բանկը շարունակում է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ փորձում դրամի պարտադիր պահուստավորման չափի մեծացման միջոցով փողը «քաշել» տնտեսությունից։
Կառավարությունը կրճատում է բյուջետային ծախսերը։ Գիտակցելով, որ պարենային գների թանկացումը գալիս է հիմնականում գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտից՝ մեր իշխանավորները հանկարծ հիշեցին գյուղն ու ամեն ինչ անում են (եթե իրենց հավատանք) գյուղատնտեսության աճ ապահովելու համար՝ սկսած տարբեր ծրագրերից, հատկացումներից, տեխնիկական օգնությունից, մատչելի վարկեր ապահովելուց, վերջացրած կով կթելու պրոցեսին վերաբերող պրակտիկ խորհուրդներով։
Լիբերալ շուկայական արժեքներին դավանող տնտեսական իշխանություններն անգամ գնացին ռադիկալ որոշման՝ գնային առաստաղ սահմանելով առաջին անհրաժեշտության այն ապրանքների նկատմամբ, որոնց գնաճն ամսվա կտրվածքով կգերազանցի 30%-ը։ Թեպետ, ինչպես մի առիթով նշել ենք, այդ որոշումը մնալու է օդում կախված։
Կենդանության նշաններ է ցույց տալիս Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը՝ հարյուր-հազարավոր դոլարի տուգանքներ նշանակելով ձվի գինը բարձրացնողների նկատմամբ։ Սակայն հանձնաժողովի գլխավոր խնդիրն այն է, որ այն կանխելու փոխարեն՝ պատժում է, այն էլ՝ մի քանի ամիս ուշացումով։ Հասարակ սպառողները դրանից ամենեւին չեն շահում, իսկ տնտեսվարողները՝ ամենեւին չեն ազդվում։
Պետական կառույցներից բացի՝ անապահով խավի մասին սկսել են մտածել նաեւ խոշոր տնտեսվարողները։ Հինգշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստին վերաբերող հաղորդագրության մեջ կարդում ենք. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին առաջարկվել է 2011թ. ապրիլի
1-ից մինչեւ 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից նվազեցված գնով ամսական մինչեւ 10 հազար խմ սպառման դեպքում` 1000 խորանարդ մետրի համար հարյուր դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սույն որոշումից կօգտվի երկրի շուրջ 60 հազար անապահով ընտանիք, այն է` իրականություն կդառնա ՀՀ Նախագահի ուղղակի հանձնարարականը։ Սա սոցիալական լուրջ միջոցառում է»։ Ինչպիսի մեծահոգություն` «ՀայՌուսգազարդի» կողմից, քիչ է մնում մարդ հուզվի։
Մի խոսքով՝ իշխանությունը փորձում է գնաճի դեմն առնել (ամեն դեպքում՝ այդպես է ներկայացվում)։ Կհաջողվի՝ լավ, չի հաջողվի՝ դարձյալ վատ չի, քանի որ այս ամենը շատ գունեղ ձեւով կարելի է ներկայացնել հաջորդ տարվա նախընտրական հոլովակներում։ Չէ՞ որ կարեւորը ոչ թե արդյունքն է, այլ` ցանկությունը։