«Ես կողմ եմ, որ հանքը շահագործվի»,- ասում է Հրազդանի քաղաքապետը

02/04/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հինգշաբթի օրը Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում կազմակերպված Հրազդանի երկաթի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիային Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հետեւում էր իր աշխատասենյակի պատուհանից: Ակցիային մասնակից շուրջ 150 հրազդանցիներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ պահանջում էին ՀՀ իշխանություններից` կանխել հանքի շահագործումը՝ իրենց առողջության հարցը «քաղաքական դաշտ» չբերելով: Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով ակցիան անցավ առանց բարձրախոսների, ինչի պատճառով հնչող ելույթները հազիվ էին լսվում վերջին շարքերում: Հիշեցնենք, որ խոսքը Հրազդան քաղաքից 800 մ հեռավորության վրա գտնվող երկաթի հանքի մասին է, որտեղ չինական «Ֆորչուն օյլ» ընկերությունը պատրաստվում է ներդրումներ անել: Ըստ որոշ աղբյուրների՝ չինացիներն օֆշորային գոտում գրանցված ընկերությունից Հրազդանի հանքը ձեռք են բերել մոտ 27 մլն դոլարով: Հիշեցնենք նաեւ, որ հանքը պատկանում է ԱԺ պատգամավոր, սեւ մետաղների նկատմամբ բացառիկ սեր ունեցող Վարդան Այվազյանին, ով «Նագին» ընկերության անվամբ հանքը գրանցել էր Չարենցավանում գտնվող բնակարանի հասցեով՝ կնոջ, որդու եւ եւս երկու հոգու անուններով: Իսկ մինչ հրազդանցիները հանդիպակաց սարի դիմաց, որտեղ շահագործվելու է հանքը, պայքարում էին իրենց երեխաների առողջության համար, մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ քաղաքապետ Արամ Դանիելյանից, ով, մեղմ ասած՝ զարմացել էր, թե լրագրողներն ու բնապահպաններն ինչո՞ւ են «իրար» խառնվել:

– Հենց հիմա Ձեր աշխատասենյակի պատուհանի տակ հավաքվել են Ձեր համաքաղաքացիները, ովքեր բողոքի ակցիա են կազմակերպում հանքի շահագործման դեմ՝ հանուն իրենց առողջության եւ ապագայի: Դուք ինչո՞ւ չեք մասնակցում:

– Ես բոլոր ակցիաներին էլ մասնակցել եմ, եւ այդ առիթով ամեն օր հանդիպում եմ մեր բնակչության հետ, բայց այսօրվա ակցիայի համար ես «Օրհուս» կազմակերպության կազմակերպչին ասել էի, որ իմաստ չունի, որովհետեւ, դե, մենք չենք իմանում, թե տվյալ կազմակերպություններն ի՞նչ են ներկայացնելու բնապահպանական խնդիրների լուծման համար: Ավելորդ ասեկոսեներ են, թե բնակարանները վաճառել են, էս էն, էն են:

– Բայց անհայտ անձինք հանքը շահագործելու համար փաստացի դպրոցներ ու թաղամասեր են մտել, կոնկրետ` Հրազդանի թիվ 13 դպրոց, Բանավան թաղամաս՝ տեղահանման առաջարկներ անելով: Ավելին՝ ոմանք անգամ համաձայնություն են տվել:

– Ուրեմն՝ դրանք լուրջ խոսակցություններ չեն, սուտ խոսակցություններ են: Մենք տնօրինությանը կանչել ենք, այցելել ենք Բանավան թաղամաս: Ոչ մեկի բնակարան կամ դպրոց ոչ մեկը չի մտել: Դուք թիվ 13 դպրոցն եք նշում, որտեղ մարդ չի մտել: Մենք հիմա կարող ենք այցելել13 դպրոց, եւ համոզվեք, որ տնօրինությունն ու մանկավարժական կոլեկտիվը որեւէ բան չի ասել էդ առումով:

– Իսկ Ձեր նշած «փաստերը» ե՞րբ եք պարզել:

– Մի 4 օր առաջ: Ասեկոսեներ էին, որոնք ինձ ներկայացրեցին «Օրհուս» կազմակերպությունից, թերթերում էլ գրեցին:

– Հանքը գտնվում է քաղաքից 800 մ հեռավորության վրա: Որպես քաղաքի ղեկավար` ի՞նչ եք կարծում` արդյո՞ք պետք է թույլատրել հանքի շահագործումը:

– Ես հիմա Ձեզ հետ համամիտ չեմ, որ հանքը էդ հեռավորության վրա է գտնվում: Կառավարությունը եւ տվյալ կազմակերպությունը ստորագրեցին պայմանագիր: Կառավարությունը տվյալ կազմակերպության առջեւ խնդիր դրեց, որ բնապահպանական բոլոր խնդիրները լուծելուց հետո հանքը նոր կշահագործվի: Եվ մենք մեր կառավարությանը հավատում ենք:

– Այսինքն՝ կո՞ղմ եք, որ հանքը շահագործվի:

– Ես կողմ եմ, եթե բնապահպանական խնդիր չկա, որովհետեւ աշխատատեղ է բացվում, համայնքն է օգտվում, մեր ժողովուրդն է օգտվում: Այդ կազմակերպության առջեւ խնդիր է դրված, որ հանքը պիտի շահագործվի նոր տեխնոլոգիաներով, որն այսօր պետք է ներկայացնի համապատասխան կառույցներին, մասնագետներին: Կազմակերպությունները պետք է դեռ ներկայացնեն, թե ի՞նչ մեթոդներով են դա մատուցելու, ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ խնդիրներ չկան: Այդ ամբողջ հարցերը լուծվելու են մեր բնակչության հետ միասին: Դեռ էդ կազմակերպությունները չեն եկել, միանգամից ավելորդ խոսակցություններ են առաջացնում:

– 3 տարի առաջ քաղաքապետարանում «Նագին» ընկերությանը պատկանող Հրազդանի երկաթի հանքի շահագործման համար հասարակական լսումներ կազմակերպեցիք, որից տեղյակ չէին ոչ բնակիչները, ոչ էլ նույնիսկ տեղի բնապահպանները: Փաստորեն, դեռ այն ժամանակ գաղտնի անցկացվեցին հասարակական լսումները:

– Ոչ մի գաղտնի էլ չի անցկացվել: Նույն այդ կազմակերպությունը նորից լսումներ էր անցկացրել տարբեր թաղերում: Այդ նույն խնդիրը դեռ այն ժամանակ էր դրվել այդ կազմակերպության առջեւ, որ բնապահպանական խնդիրներ չպետք է առաջանան: Մենք մասնակցել ենք այդ լսումներին, եւ այսօր էլ այդ նույն «Նագինի» հետ չինական կազմակերպություն է հանդես գալիս, եւ մեր կառավարությունը նորից նույն խնդիրն է դրել, որ բնապահպանական խնդիրները լուծելուց հետո կթույլատրեն հանքի շահագործումը:

– Իսկ չե՞ք մեկնաբանի` ի՞նչ է նշանակում` բնապահպանական խնդիրներ չառաջացնել:

– Այսինքն՝ դրանք մասնագետներ են առաջ քաշում, թե հանքը ինչքան հեռավորության վրա պետք է գտնվի այդ բնակավայրերից, ջրային ավազանից: Բնապահպանական այդ բոլոր խնդիրները մասնագետներն են առաջ քաշում: Ու, բնականաբար, դրա համար կառավարության մասնակցությամբ հանձնախումբ է ստեղծվում, եւ այլն, եւ այլն:

– Խոսքը Ձեր աշխատասենյակի պատուհանին հանդիպակաց բլրի մասին է, որտեղ պատրաստվում են շահագործել երկաթի պաշարները:

– Չէ, Դուք միշտ մատնանշում եք դիմացի բլուրը, բայց դա դիմացի բլուրը չի: Եթե Դուք գնաք-տեսնեք, թե որտեղ է գտնվում՝ բլուրից մի բլուր էլ այն կողմ: Քաղաքից 3 կմ հեռավորության վրա է գտնվում:

– Այսինքն՝ բնապահպանները զուր տեղն աղմո՞ւկ են բարձրացնում:

– Բնապահպաններն աղմուկ չեն բարձրացնում: Այդ մարդիկ դեռ չեն ներկայացել, բնապահպաններն էլ դեռ չեն ներկայացրել: Դուք չեք իմանում, թե նրանք ինչ են առաջարկելու: Պետք է առաջարկեն, որ իրենց խնդիրների առջեւ հարց բարձրացնեն: Հիմա Դուք չեք իմանում, իսկ այն մարդիկ հիմա ասում են, դեռ չեն ասել, բայց ես գիտեմ, որ հանքը շահագործելու են նոր տեխնոլոգիաներով:

– Ես այդ նոր տեխնոլոգիաներին ծանոթ չեմ, կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես են շահագործելու հանքը, որ բնապահպանական վնաս չառաջացնեն:

– Դե որ դու չես իմանում, ես չեմ իմանում, ի՞նչ հարց պիտի բարձրացնենք: Նրանք պետք է գան-ներկայացնեն, չէ՞: Իսկ նրանք դեռ չեն եկել մեր ազգաբնակչությանը ներկայացրել, թե ինչ ձեւով պետք է հանքը շահագործել, որ խնդիրներ չառաջանան, որ մեր բնակիչները նոր սկսեն այսինչ խնդիրների առջեւ հարց բարձրացնել, որ այս խնդիրը պետք է լուծել, այն խնդիրը չպետք է լուծել, եւ այլն, եւ այլն, եւ այլն: