Ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» ամսագիրը հրապարակել է մարդկության պատմության մեջ «բեղավոր բռնակալների» ցանկը: Ամսագրի ցանկում տեղ են զբաղեցրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, Իսպանիայի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոն, Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Աթաթուրքի վերաբերյալ մեկնաբանության բաժնում «Foreign Policy»-ը գրում է, որ Թուրքիայի Հնրապետության հիմնադիրը, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում դեռեւս երիտասարդ տարիներին ազդվելով Վիլհելմ 2-րդ կայսրից, պահում էր «կայսերական բեղեր»: «Բեղերը մեծ ժողովրդականություն էին վայելում Օսմանյան կայսրությունում, ինչն արտացոլում էր գերմանական մշակույթի ազդեցությունը: Սակայն 1923թ. դառնալով Թուրքիայի Հանրապետության առաջնորդ` Աթաթուրքը սափրեց իր բեղերը: Դա խորհրդանշական քայլ էր, որով Մուստաֆա Քեմալն ուզում էր ցույց տալ, որ ժամանակակից Թուրքիայի համար ետեւում է թողնում օսմանյան անցյալը»,- գրում է «Foreign Policy»-ը: «Սակայն Թուրքիայում բեղերն անցյալում չմնացին: 1970-ական թվականներին դրանք լայն տարածում գտան` ձախերի, 1990-ական թվականներին` միջին եւ ցածր խավի ներկայացուցիչների շրջանում: Իսկ արդեն 2002թ. ի վեր բեղերը վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի շնորհիվ վերադարձան իշխանության»,- գրում է հոդվածագիրը: