Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-28-ին Թեհրանում բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ իր իրանցի գործընկերոջ՝ Մահմուդ Ահմադինեջադի հետ։ Հայաստանի պատվիրակության կազմում Իրան էին մեկնել ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, այլեւ գործարարներ՝ օգտագործելով համատեղ նախագծերի շրջանակը ճշտելու հնարավորությունը։ Հաջող բանակցություններից հետո, ըստ իրանյան ԶԼՄ-ների, Ահմադինեջադը Սարգսյանին ասել է, որ ինքը «Երեւանի հետ համագործակցությունը զարգացնելու առումով որեւէ սահման չի դնում», եւ կոչ է արել ընդլայնել քաղաքական ու տնտեսական կապերը։ Ինչեւէ, քաղաքական ասպեկտը շատ սահմանափակ էր, եւ բանակցություններն ավելի շատ վերաբերում էին գործարար համագործակցությանը։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության նախագծերը, նկատի ունենալով, որ այս ոլորտը կազմում է երկկողմ առեւտրի 80%-ը։ Հայաստանը եւ Իրանը նոր հիդրոէլեկտրակայան են կառուցում Արաքս գետի վրա։ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ով նույնպես պատվիրակության կազմում մեկնել էր Իրան, նշել է, որ էներգետիկ համագործակցության ոլորտում, բացի արդեն ներդրված 450 միլիոն դոլարից, երկու երկրներն այժմ քննարկում են նոր նախագծեր, որոնց արդյունքում Հայաստանը եւ Իրանը կդառնան տարածաշրջանի էներգետիկ օպերատորները։ Այս նպատակին հասնելու համար կողմերը պայմանավորվել են կառուցել եւս մեկ բարձրավոլտ էլեկտրականության գիծ՝ ի լրումն արդեն իսկ գոյություն ունեցող երկու գծերի։ Ներկայումս Իրանը այդ երկու գծերով էլեկտրականություն է ստանում՝ փոխարենը Հայաստան առաքելով բնական գազ։
Իրանի արդյունաբերության եւ հանքերի փոխնախարար Ահմադ ուլ-Մելլեհը եւ Թեհրանում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը նաեւ քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը՝ մեծացնելու համար երկկողմ առեւտրի ծավալները, որը ներկայումս կազմում է տարեկան 270 միլիոն դոլար։ Իրանի կառավարությունը, երկար ժամանակ է, հետաքրքրվում է Հայաստանի հանքերում ներդրումներով։ Հաշվի առնելով, որ Հայաստանը այս ոլորտը զարգացնելու համար բավարար ներդրումային ռեսուրսներ չունի, իրանական կողմի հետաքրքրությունն անշուշտ ջերմ ընդունելություն կգտնի։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ կառուցել նոր երկաթուղային ենթակառուցվածք, որը մաս կկազմի տարածաշրջանային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին։
Զարմանալի համագործակցություն
Հայաստանը եւ Իրանը սերտ քաղաքական եւ տնտեսական կապեր են պահպանում 1991 թվականից՝ Հայաստանի անկախացումից ի վեր։ Այս համագործակցությունը որոշ իմաստով շփոթության մեջ է գցում շատ վերլուծաբանների, այն պատճառով, որ հայերը հպարտանում են այն փաստով, որ իրենք առաջինն են քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն` 301թ.։ Ավելին, 1988 թվականից Հայաստանը պատերազմի մեջ է հարեւան Ադրբեջանի հետ, որը հիմնականում շիա մահմեդական երկիր է՝ ինչպես Իրանը։ Այնպես որ, առավել սպասելի կլիներ Իրանի սերտ համագործակցությունը կրոնակից Ադրբեջանի հետ։ Իհարկե, այս ֆոնին Հայաստանի եւ Իրանի ջերմ հարաբերությունները կարող են տարօրինակ թվալ։ Սակայն այս երկու երկրներն ընդհանուր պատմական անցյալ ունեն, որն ավելի հին է, քան քրիստոնեությունը եւ իսլամը։ Բացի այդ, հայերի ներկայությունը Իրանում զգալիորեն եւ շարունակաբար խրախուսվել է այդ երկրի իշխանությունների կողմից (երբեմն` անգամ ստիպողական ներգաղթի միջոցով), քանի որ նրանք կարծում էին, որ իրենց երկրի տնտեսությունը կշահի որակավորված աշխատուժ հանդիսացող հայերի թվի ավելացումից։ Իրանը, մյուս կողմից, թեկուզ սահմանափակ, բայց որոշակի ազատություններ է տվել հայկական քրիստոնեական համայնքին։ Կրոնական հանդուրժողականության այս ավանդույթը շարունակվում է նաեւ այժմ, եւ Հայաստանին դա բավականին ձեռնտու է. շատ բիզնեսներ համատեղ են հայերի եւ իրանցի գործընկերների միջեւ։ Թեպետ հարկ է նշել, որ այդ բիզնեսները հիմնվել են առավելապես Իրանի հայկական համայնքի կողմից։
Իր կասկածելի ատոմային հավակնությունների պատճառով Իրանի վրա ահագնացող ճնշումը եւ տնտեսական պատժամիջոցները բացասաբար են ազդել նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ Այսպես, Հայաստանի կառավարությունը, Եվրամիության պահանջով, իրավունք չունի Իրան արտահանել երկակի նշանակություն ունեցող եւ Իրանում մեծ պահանջարկ ունեցող բարձր տեխնոլոգիական սարքավորումներ։ Հայաստանյան աղբյուրների համաձայն, այս սահմանափակումը վերաբերում է անգամ անհատական համակարգիչներին։ Սա հարված էր Հայաստանի IT ոլորտին։ Սակայն մյուս ոլորտները նման խնդիրներ չունեն եւ ներգրավված են համագործակցության մեջ։ Միեւնույն ժամանակ, արեւմտյան երկրները թուլացրել են իրենց ճնշումը Հայաստանի վրա, երբ խոսքը վերաբերում է Իրանի հետ տնտեսական կապերին։ Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ զենքերի եւ IT սարքավորումների հետ կապված փոխադարձ ըմբռնում կա, եւ Հայաստանը համաձայնել է դրանք Իրանին չվաճառելու պայմանին։ Երկրորդ, արեւմտյան միջնորդներին այդպես էլ չի հաջողվել ստիպել Ադրբեջանին եւ Թուրքիային` վերջ տալ 17 տարի շարունակվող շրջափակմանը։ Զարմանալի չէ, որ Թեհրանում տեղի ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բատար Մուրադովը հայտարարեց, թե Իրան-Հայաստան համագործակցությունը «վնասում է Ադրբեջանի ազգային շահերին», քանի որ դրանից շահում է Հայաստանի տնտեսությունը՝ ի հեճուկս թուրք-ադրբեջանական շրջափակման։ Ազերիների այս հայտարարությանը Թեհրանը դժվար թե մեծ նշանակություն տա. բանն այն է, որ Իրանն ինքն էլ իր սեփական մտահոգությունները ունի՝ կապված երկրի հյուսիսում մեծաքանակ ադրբեջանական համայնքի հետ (իրանաբնակ շատ ադրբեջանցիներ քարոզում են հյուսիսային Իրանի, կամ, ինչպես իրենք են ասում՝ հարավային Ադրբեջանի, միացումը Ադրբեջանի հետ)։
Հայաստանը կարող է այսօր համագործակցել միայն Վրաստանի եւ Իրանի հետ։ Այնպես որ, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը գիտակցում են, որ իրատեսական չէ Հայաստանից ակնկալել փակել իր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող իրանական միջանցքի դուռը։
Ամփոփում
Չնայած ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումներին, հայ-իրանական կապերը կշարունակեն զարգանալ։ Հայաստանի կառավարությունը լավ է հասկանում, որ Իրանը ոչ միայն մեծ շուկա է ապահովում, այլեւ՝ էներգամատակարարման դիվերսիֆիկացման կարեւոր հնարավորություն։ Բնական գազի մեծ մասը Հայաստանը ստանում է Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, եւ, ինչպես անցյալի փորձն է ցույց տվել, այդ ուղին վստահելի չէ։ Իրանը եւ Հայաստանը արդեն կառուցել են գազամուղ, եւ այժմ պատրաստվում են նավթամուղ կառուցել, որով իրանական նավթամթերքը կհասցվի Հայաստան։ Իրանի համար, որը մարգինալացվում է միջազգային հանրության կողմից, Հայաստանը արտահանման շատ գրավիչ ուղի է։ Երկկողմ համագործակցության մասշտաբները, սակայն, կախված են նաեւ Իրանի եւ միջազգային հանրության հարաբերություններից։ Եթե Իրանը կարողանա բարելավել իր իմիջը միջազգային հանրության աչքին եւ հասնի նրան, որ պատժամիջոցները հանվեն, իրանական արտահանումները միայն Հայաստանով չեն սահմանափակվի, այլ կշարունակվեն դեպի այլ երկրներ՝ Հայաստանը վերածելով տարանցիկ կարեւոր երկրի։ Սակայն քիչ հավանական է, որ այդ բանը մոտ ապագայում տեղի ունենա։
Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այն ծաղկում է։ Միայն մարտ ամսին 20.000 իրանցիներ են այցելել Հայաստան՝ իրենց Նոր տարին՝ Նովրուզը նշելու համար։ Մի կողմից` Հայաստանը շահեց զբոսաշրջիկների ներհոսքից, մյուս կողմից` հատկապես երիտասարդ իրանցիները, հնարավորություն ստացան իրենց տոնը նշել ավելի ազատ հասարակության մեջ՝ մի բան, որ նրանցից շատերը կցանկանային նորից կրկնել։
IHS Global Insight Limited
United Kingdom