«Կարմիր անձնագրեր» ունեցողները ՀՀ քաղաքացինե՞ր չեն

01/11/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Եվ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են` ամեն գնով հանրաքվեի նախագիծը անցկացնելու համար: Բայց դա հնարավոր է միայն մեկ դեպքում: Հանրաքվեի դրվող նախագիծն ընդունված է համարվում, եթե դրան կողմ քվեարկի ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը: Մինչեւ վերջերս ՀՀ ընտրացուցակներում ընդգրկվածների թիվը հասնում էր շուրջ 2 միլիոն 400 հազարի: Իսկ Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար իշխանությունները պետք է ապահովեն առնվազն 800 հազար «կողմ» քվե: Մի բան, որը գործնականում անհնար է: Այսօր բոլորն են հասկանում, որ գործող իշխանություններին ոչ մի գնով չի հաջողվի հանրաքվեի ժամանակ ապահովել ոչ միայն 800 հազար կողմ ձայն, այլեւ` այդքան մասնակից: Իսկ դրությունից դուրս գալու միակ ելքն ընտրողների թիվն արհեստականորեն նվազեցնելն է, ինչը որ անում են այսօրվա իշխանությունները: Պարզվում է, հայրենի իշխանությունները բոլորովին վերջերս են հայտնաբերել, որ ընտրացուցակներում իրականում 2մլն 400 հազար ընտրող չկա, որ այնտեղ կրկնվող անուններն ու մահացած մարդիկ մեծ թիվ են կազմում: Եվ հիմա ամեն ինչ անում են ընտրողների թիվը կրճատելու համար:

ՀՀ նախագահի հրահանգով` ՀՀ ոստիկանապետ Հ. Հարությունյանը վերջերս ջանասիրությամբ է անդրադառնում ընտրացուցակների մաքրման խնդիրներին: Ավելին, ոստիկանության Երեւան քաղաքի մի շարք համայնքների, ինչպես նաեւ մի քանի մարզերի համայնքների ոստիկանության բաժինների անձնագրային բաժանմունքների պետերի նկատմամբ ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանապետի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել: Այդ բաժանմունքների աշխատակիցների մի մասը ծառայողական քննության արդյունքում ՀՀ ոստիկանապետի կողմից ենթարկվել է կարգապահական տարբեր տույժերի, իսկ մի քանի անձնագրային բաժանմունքների աշխատակիցների կողմից կատարված ապօրինություններ էլ ուղարկվել են Դատախազություն: Դրանից բացի, ՀՀ իշխանության վերին օղակներում որոշում է կայացվել՝ հանրաքվեին չթույլատրել մասնակցել այն անձանց, ովքեր դեռ խորհրդային տարիներից մնացած «կարմիր անձնագրերով» են: «Ոչ մեկը դեռ ոչ մի որոշում չի ընդունել, իսկ ներքին հրահանգներ չեն լինում ընտրական համակարգում»,- երեկ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ այդ լուրերը հերքեց Գարեգին Ազարյանը: Բայց քիչ հետո նրա խոսքից պարզ դարձավ, որ նման միտումներ, այնուամենայնիվ, կան: ԿԸՀ նախագահը, մի շարք ընտրություններ անցկացնելուց հետո, սահմանադրական հանրաքվեից առաջ հայտարարեց, որ իր կարծիքով` հանրաքվեի պետք է մասնակցեն միայն ՀՀ քաղաքացիները: «Ես դեռ վերջնական չեմ կարող ասել, բայց գտնում եմ, որ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները: Եվ եթե մենք կարդում ենք «Ընտրական օրենսգիրքը», տեսնում ենք, որ քաղաքացին ընտրելուց առաջ պետք է ներկայացնի անձնագիր: Իսկ Հայաստանի Հանրապետությունում գործում է միայն մեկ անձնագիր՝ ՀՀ քաղաքացու նմուշի անձնագիրը»,- այսպես մեկնաբանեց պարոն Ազարյանը: Այսինքն՝ ստացվում է, որ «կարմիր անձնագրեր» ունեցողները ՀՀ քաղաքացիներ չեն: Սակայն նկատենք, որ «ՀՀ քաղաքացի չհանդիսացող» այդ նույն մարդիկ ընդամենը երկու տարի առաջ մասնակցել են համապետական երկու ընտրությունների եւ նրանց ոչ ոք չի արգելել քվեարկությանը մասնակցել: Իսկ այսօր, երբ հանրաքվեի է դրվում Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, հանկարծ պարզվում է, որ «կարմիր անձնագիր» ունեցողները ՀՀ քաղաքացիներ չեն: «Ես չեմ կարող ասել՝ քվեարկե՞լ են նրանք, թե՞ ոչ: Նման տվյալներ ես հիմա չունեմ»,- ասաց նա: Իսկ ահա ԿԸՀ անդամ Ֆելիքս Խաչատրյանը հակադարձում է. «Ոչ ոք իրավունք չունի քաղաքացուն զրկել սահմանադրությամբ իրեն վերապահված ընտրելու իրավունքից: Մեզ մոտ կարծես 37 թիվն է: Միայն այդ ժամանակ էին մարդկանց պատժելու համար զրկում ձայնի իրավունքից»:

Ի դեպ, ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների ընդամենը 46,3%-ը: Եվ երեկ լրագրողները ԿԸՀ նախագահից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք մասնակցության այդ մակարդակը բավարար է, որպեսզի օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայացած համարվի, չէ՞ որ հայտնի է, որ ՏԻՄ ընտրություններին եւ հանրաքվեներին հասարակությունը ակտիվ չի մասնակցում:

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը թեեւ հայտարարեց, որ ինքը կանխատեսումներ չի անում, մանավանդ, որ «կանխատեսումներն ընտրական համակարգին չվերաբերող խնդիր է», այնուամենայնիվ, ավելացրեց. «46,3%-ը շատ ավելի բարձր է, քան եվրոպական երկրներում է մասնակցության աստիճանը: Դա, իմ կարծիքով՝ փոքր թիվ չէ»: