Բուրումնավետ ռեհանը
Ocimum basilicum. բազիլիկ, ռեհան, շահասպրամ, լատինական անվանումը բառացիորեն թարգմանվում է` արքաներին արժանի բուրմունք։ Հայրենիքը` Հարավային Ասիան եւ Հյուսիս-արեւելյան Աֆրիկան է, որտեղ հանդիպում է արեւադարձային գոտու լեռներում։ Ռեհանի վայրի խոտաբույսը հանդիպում է Իրանում, Չինաստանում, Հարավային Ամերիկայում, Կովկասում, Միջին Ասիայում։ Որպես համեմունքային բույս` հայտնի էր հին հույներին, արաբներին, տաջիկներին։ Հիպոկրատը խորհուրդ է տալիս այն օգտագործել նյարդային հիվանդությունների դեպքում։ Դիոսկորիդիսը զգուշացրել է, որ բույսի չարաշահման դեպքում կարող է վատանալ տեսողությունը եւ, որ այն դժվարամարս է։ Միջին դարերում ռեհանը մեծ կիրառություն է ունեցել հատկապես բանջարեղենային թթուների մեջ։ Եվրոպայում բույսը հայտնվել է 16-րդ դարակեսից, այն սիրվել եւ մշակվել է բազմաթիվ երկրներում, հատկապես մեծ կիրառում ունի իտալական խոհանոցում։ Ռուսաստանում ռեհանը երեւան է եկել 17-րդ դարի սկզբում «վասիլիկ» անվան տակ։ Ռեհանն առավել հայտնի դարձավ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, քանի որ դադարել էր արեւելյան համեմունքների մուտքը Եվրոպա։ Ռեհանը հայերին հայտնի է եղել հնագույն ժամանակներից։ Խորհրդային Միության շատ վայրերում մշակվում էր Հայաստանին բնորոշ էնդեմիկ ռեհան երեւանյան տեսակը, որի տերեւներն ու ցողունները մուգ կապտամանուշակագույն են, իսկ բուրմունքով նման է պղպեղի եւ թեյի խառնուրդին։ Հնուց հայերը, ինչպես նաեւ հարեւան վրացիները նկատել են, որ ռեհանը մարդկանց պարգեւում է լավ տրամադրություն, առողջություն եւ երկարակեցություն, իսկ աբխազներն ասում են. «Ով ռեհան է ծամում, նա երկար է ապրում»։ Ռեհանը շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող մինչեւ 80 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտուղը բաղկացած է 4 մուգ շագանակագույն կամ սեւ փոքր ընկուզանման սերմերից։ Սերմերը պահպանում են իրենց պիտանելիությունը` ցանքի համար 4-5 տարի։
Սերմերի աճման համար հողի ջերմությունը պետք է լինի 10 աստիճան C-ից բարձր։ Սերմը ծլում է 10-14 օրում, օդի 20-25 ջերմաստիճանի դեպքում։ Բույսը խոնավասեր է. չի դիմանում ցրտահարմանը։
Ռեհանի տերեւները պարունակում են մինչեւ 1-1,5 տոկոս եթերային յուղ (ցողուններում` 0,02 տոկոս), դաբաղանյութ (6 տոկոս), գլյուկոզիդ, սապոնին, հանքային նյութեր, ասկորբինաթթու, շաքարներ, բջջանյութ, սպիտակուց։ 100 գրամ հումքի մեջ պարունակվում է 3-9 մգ ենթավիտամին A եւ 150 մգ ռուտին։ Եթերային յուղը հիմնականում ծաղկաբույլերում է, այն պարունակում է էվենգոլ (70%), որը կարող է փոխարինել մեխակի յուղին եւ օգտագործվում է վանիլին ստանալու համար։ Էվենգոլը հակաօքսիդանտ է, իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Եթերային յուղից ստանում են նաեւ կամֆորա եւ այլ արժեքավոր նյութեր, որոնք լայնորեն օգտագործվում են բժշկության, նաեւ սննդի, օծանելիքի եւ գեղարարական արդյունաբերության մեջ։ Ռեհանի սերմը պարունակում է 10-12% ճարպայուղ։
Ռեհանը մեղրատու բույս է (մինչեւ 100 կգ` 1 հա-ից)։ Ռեհանի պատրաստուկները լայնորեն կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ ասթենիայի եւ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների դեպքում։ Օգտակար են մարսողության համար, լավացնում են ախորժակը, բուժում ստամոքսի խանգարումը, սրտխառնոցը, մետեորիզմը, որի պատճառով կիրառվում են քրոնիկ ստամոքսաբորբի եւ կոլիտի դեպքում։ Թեթեւացնում է վիճակը միզապարկի, միզուղիների հիվանդությունների դեպքում։ Ռեհանը կանխում է բորբոքումների զարգացումը, այդ թվում` նաեւ բրոնխիտի։ Բերանի խոռոչի բուժման դեպքում ռեհանը հրաշալիորեն փոխարինում է եղեսպակին (շալֆեյ), գլխավորը, որ այն պարտադիր չէ եփել, այլ ուղղակի կարելի է օգտագործել սննդի մեջ։ Թրջոցների ձեւով խոտաբույսի եփուկը բուժում է դժվար ապաքինվող վերքեր եւ էկզեմա։ Տերեւների թարմ հյութը հանգստացնում է ատամնացավը։ Ռեհանը օգտագործելիս կարեւոր է իմանալ, որ այն պետք է սահմանափակել սրտանոթային հիվանդությունների, թրոմբոֆլեբիտի եւ հղիության դեպքում։
Օշարակ ռեհանից «Էմմա»
Մանրացրած թարմ ռեհանը լվացեք, ավելացրեք 1։5 հարաբերությամբ զտված ջուր, եփեք մինչեւ եռալը։ Քամեք։ Ստացված թուրմի 500 մլ-ին ավելացրեք 1կգ շաքար եւ եռացրեք 10 րոպե, եռման ընթացքում ավելացրեք 3թ/գ կիտրոնի աղ եւ 15 րոպեից վերցրեք կրակի վրայից։ Լցրեք ապակե տարայի մեջ եւ զմռսեք։ Նույն եղանակով կարելի է պատրաստել օշարակ դաղձից, ծիտրոնից, թարխունից եւ այլ կանաչիներից։
Լիմոնադ «Շահասպրամ»
3 կաթիլ ռեհանի հյութը խառնեք 1ճ/գ կիտրոնի հյութի հետ եւ լցրեք 20 մլ հանքային ջրի մեջ, ավելացրեք շաքար ըստ ճաշակի։ Մատուցեք սառը վիճակում։
Ռեհանի թուրմի պատրաստման եղանակը
– 1ճ/գ չոր ռեհանի խոտը թրմեք 8 ժամ 250 մլ եռջրի մեջ` ջերմապահում, քամեք։ Խմեք 60-70 մլ՝ սնունդ ընդունելուց առաջ, օրը 4 անգամ, քրոնիկ ստամոքսաբորբի դեպքում։ Բուժման ժամկետը` 8 օր, ընդմիջեք 2 շաբաթ եւ կրկնեք։ գ 1ճ/գ ռեհանի թարմ տերեւները թրմեք 500 մլ եռջրի մեջ, փակ վիճակում, 20 րոպե։ Խմեք օրը 3 անգամ 50-ական մլ` հիպերտոնիայի դեպքում։
Ռեհանի յուղ
Ապակե տարայի մեջ տեղավորեք թարմ տերեւները (առանց սեղմելու)։ Ավելացրեք չզտված արեւածաղկի յուղ, այնքան, որպեսզի տերեւները ծածկվեն։ Ծածկեք կափարիչով, 1 ամիս պահեք մութ տեղում, քամեք թանզիֆի օգնությամբ, մզեք տերեւները։ Յուղը պահեք մուգ ապակե տարայի մեջ։ Մերսեք մաշկը եւ եղունգները։ գ 1ճ/գ յուղը լուծեք տաք կաթի մեջ եւ ավելացրեք լոգանքի ջրի մեջ։ Լոգանքի տեւողությունը` 10-15 րոպե։
Օգտակար խորհուրդներ
– Մրսածության դեպքում շնչեք ռեհանի չոր տերեւները։ գ Սրտխառնոցի դեպքում ծամեք ռեհանի տերեւը։ գ Ռեհանի թուրմով լվացեք եւ թրջոցներ դրեք հոգնած աչքերին։ գ Թուրմով կատարեք ողողումներ բկաբորբի ժամանակ։ գ Միջատների խայթոցներից պաշտպանվելու համար մաշկին քսեք ռեհանի տերեւների հյութը։