Գազը չի թանկանա

31/03/2011

Հայաստանում 2011թ. ընթացքում գազի գնի բարձրացում չի լինելու: Երեկ այս մասին հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը` ավելացնելով, որ սոցիալապես անապահով խավի համար սպասվում է գազի սակագնի զեղչ: «ՀՀ նախագահի նախաձեռնությամբ գազ օգտագործող սոցիալապես անապահով ընտանիքների համար ապրիլի 1-ից սպասվում է գազի սակագնի նվազեցում: Ըստ նախնական տվյալների` այս ընտանիքների թիվը 49.500 է, սակայն ցուցակներում որոշակի ճշտումներ են կատարվում, եւ հնարավոր է` առաջիկայում այդ թիվն ավելանա»,- ասել է նա: Ցուցակում ներառված սոցիալապես անապահով բաժանորդները սպառած 300 խմ գազի դիմաց կվճարեն յուրաքանչյուր խմ-ի համար` 100 դրամ, իսկ եթե 300 խմ-ից ավելի լինի սպառած գազը, հավելյալ խմ-ի դիմաց կվճարեն գործող` 132 դրամ սակագին: Ի դեպ, Վ. Հարությունյանը տեղեկացրել է, որ այդ «զեղչը» լինելու է ոչ թե «ՀայՌուսգազարդի» ռեսուրսների, այլ` Երեւանի ՋԵԿ-ի արդիականացման աշխատանքների շնորհիվ խնայված միջոցների հաշվին: