Անտեղյակը

01/11/2005

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ բավական հիացմունքով էր խոսում ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 23-ը կայացած ՏԻՄ ընտրությունների մասին: Ըստ Ազարյանի` դրանք մեկ քայլ առաջ էին, քան նախորդ ընտրությունները եւ համապատասխանում էին ժողովրդավարության չափանիշներին: «Լցոնում բառը դուք 2,5 տարի է` մոռացել եք»,- վերջին ընտրությունների առավելություններից մեկը նշեց Գ. Ազարյանը: Դրանից բացի, ԿԸՀ նախագահի խոսքերով, վերջին ՏԻՄ ընտրությունները կոտրեցին հասարակության մեջ քարացած մի կարծրատիպ: «Թեկնածուները հասկացան, որ էական չէ` ընտրական հանձնաժողովում անդամ ունե՞ն, թե՞ ոչ»,- որպես էական ձեռքբերում մատնանշեց նա: Ինչ վերաբերում է ընտրացուցակների խնդրին, ապա, Գարեգին Ազարյանի ներկայացրած տվյալներով, հանրապետությունում ընդամենը 5 հազար 248 քաղաքացի է դատական միջամտության միջոցով վերականգնել ընտրելու իր իրավունքը, որը կազմում է ընդհանուր ընտրողների ընդամենը 0,5%-ը: «Իմ կարծիքով` ընտրացուցակների թերությունները հասցվել են համարյա նվազագույնի»,- ասաց նա: ԿԸՀ նախագահը չի կիսում լրագրողների այն տեսակետը, որ դատական քաշքշուկից հոգնած եւ խուսափող քաղաքացիներն՝ իրենց անունները ընտրացուցակներում չհայտնաբերելուց հետո պարզապես չեն դիմել դատարան: Ի դեպ, երեկվա ասուլիսի ժամանակ պարզվեց, որ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ամենեւին էլ տեղյակ չէր հանրապետության տարբեր մարզերում տեղի ունեցած նախընտրական ծեծկռտուքներից, առեւանգումներից եւ այլ արտասովոր դեպքերից: «Լրագրողներից կամ հեռուստաընկերություններից որեւէ մեկը փաստեր ունի՞, նկարահանե՞լ է Էջմիածնի կամ Նուբարաշենի ծեծկռտուքը: Համենայնդեպս, ընտրությունների օրը ծեծկռտուք չի եղել,- միամիտ երեխայի նման հայտարարեց Գարեգին Ազարյանն՝ ավելացնելով,- քարոզարշավի ընթացքում, եթե լինեին այդ խախտումներն, ապա այդ առնչությամբ մենք կարող էինք ունենալ գոնե մեկ դիմում»:

Ա.Գ.