Հերթը հասավ ձվերին

31/03/2011

Վերջին շրջանում «քարը քարին չթողնող» իշխանական քարոզչությունը նորանոր բարձունքներ է նվաճում` գյուղական կովերի կրծքերից` մինչեւ քաղաքային սպառման ձվի շուկա: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջապես պարզել ու երեկ հրապարակել է իր եզրակացությունն այն մասին, թե ինչո՞ւ անցած տարվա դեկտեմբերին շուկայում առաջացավ հավկիթի դեֆիցիտ, եւ դրա գինը շուրջ երկու անգամ թանկացավ՝ հասնելով 110-120 դրամի։ Հանձնաժողովը պարզել է այն, ինչ առանց եռամսյա ուսումնասիրության էլ պարզ էր դեռեւս անցած տարեվերջին: Ձու արտադրողները` ունենալով պահեստավորված հսկայական քանակի արտադրանք, միտումնավոր պակասորդ են ստեղծել շուկայում եւ մի քանի օրվա ընթացքում կրկնակի բարձրացրել են գինը: Հանձնաժողովն էլ ընտրել է Հայաստանի ձվի շուկայի 6 հիմնական ընկերություններից մեկին` «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային», եւ տուգանել 100 մլն դրամով: Բավական պատկառելի թիվ է` մոտ 300 հազար դոլար, եւ այն կարելի է հրաշալի կերպով օգտագործել քարոզչական նպատակներով: Խնդիրն այն չէ, որ հանձնաժողովը «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ հանիրավի նման տուգանք է սահմանել: Ճիշտ հակառակը: Ինչպես ժողովուրդն է ասում` հասնում է: Խնդիրն այն է, սակայն, որ իրականում այդ տուգանքը ծիծաղելիորեն փոքր է այն գերշահույթների համեմատ, որ ձու արտադրողներն ու վաճառողները ստացել են անցած տարեվերջի մի քանի օրերի ընթացքում: Տարբեր գնահատականներով` նախատոնական ընդամենը մի քանի օրվա զուտ սպեկուլյատիվ խաղերի արդյունքում ձու արտադրողներն ու վաճառողները ստացել են մի քանի հարյուր հազար դոլարից մինչեւ երկու միլիոն դոլար գերշահույթ: Այսինքն` հանձնաժողովի նշանակած 100 միլիոն դրամ տուգանքը ըստ էության «թեյավճար» է դրա համեմատ: Այլ հարց է, որ գուցե այդ գերշահույթները ստացել են մի քանի սուբյեկտներ, եւ հանձնաժողովը «բացահայտել է» միայն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային», որի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը վերջին շրջանում կարծես դուրս է մնացել իշխանության հովանավորյալների ցուցակից: Ի դեպ, իշխող ՀՀԿ անդամ, նաեւ պատգամավոր Խ. Մանուկյանը եւս հաստատել է, որ սա ընդամենը շոու է: «Այդ հանձնաժողովը պարզապես նկարչությամբ է զբաղվում, բայց դրա անդամները անտաղանդ նկարիչներ են եւ չեն կարողանում լավ նկարներ նկարել: Հանձնաժողովի նախագահը բուռն գործունեության պատրանք է ստեղծում, որպեսզի ընդգծի իր աշխատանքը երկրի ղեկավարության աչքում: Դե, թիրախ էլ ինձ են ընտրել»,- ասել է նա` ավելացնելով, որ բողոքարկելու է հանձնաժողովի որոշումը եւ չի վճարելու այդ 100 միլիոն դրամը: