Վերջ առաջին արարին

31/03/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ժամը 17-ին բավականին հանդիսավոր արարողությամբ ազդարարեց 2 շաբաթ տեւած հացադուլի` Ազատության ծոմի «առաջին արարի» ավարտը: Նախ` նա բավականին երկար ելույթ ունեցավ եւ այն սկսեց Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման գաղափարախոս, փիլիսոփա Մահաթմա Գանդիին մեջբերելով. «Սկզբում քեզ արհամարհում են, հետո քո վրա ծիծաղում են, հետո քո դեմ պայքարում են, հետո դու հաղթում ես»: Եվ քանի որ «Ժառանգության» առաջնորդն իր խոսքը մեջբերումով է սկսել, թերեւս արժե անդրադառնալ դրան: Իհարկե, Ր.Հովհաննիսյանն այս մեջբերումը հենց այնպես չի արել, այն ինչ-որ մեկին պետք է որ ուղղված լինի: Նույնիսկ կարելի է կռահել, թե ում է ուղղված: Դժվար թե այն իշխանությունների համար ասված լիներ: Չի բացառվում, որ այն ուղղված էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հենց նա չնկատելու տվեց Ր.Հովհաննիսյանի ժամանումը, մարտի 17-ի հանրահավաքում Ազատության հրապարակում նա չմոտեցավ հացադուլ անող Ր.Հովհաննիսյանին: Դրանից հետո Լ.Տեր-Պետրոսյանը հիշատակեց Հովհաննես Մանդակունուն, եւ այդպես «Ժառանգության» առաջնորդի Ազատության ծոմը առաջին նախագահի չբարեւելու հետ միասին դարձավ բուռն քննարկման թեմա: Իսկ թե դրանից Ր. Հովհաննիսյանն ինչ հաղթանակ ունեցավ, ինչպես ասում է մեջբերման մեջ, դժվար է ասել: Բայց որ նա իր հացադուլի սկզբին, ընթացքին ու ավարտին բավականին հանդիսավոր տեսք տվեց, նկատելի էր: «Երբ 360 ժամ առաջ ես` զինված ՀՀ պետական դրոշով` մտա Ազատության հրապարակ, ակնկալում էի փոփոխություններ: Այսօր, եթե գործող իշխանավորների մոտ չի հասկացվել պահի ճակատագրական լինելը, ապա հասարակության մոտ, ալեհերից մինչեւ երիտասարդ, տեսել ենք ոգու եւ գիտակցության բարձրացման մի նոր հանգրվան»,- ասում է նա: Այս ամբողջ արարողությունը առիթ դարձավ հիշելու Ր.Հովհաննիսյանի նախորդ քայլերը, որոնց նույնպես մեծ հանդիսավորություն էր տվել: Հիշեցնենք մարտի 1-ի հանրահավաքը, որին Ր.Հովհաննիսյանն իր կուսակիցներով միացավ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից անմիջապես առաջ: Հավանաբար հաշվարկված էր, որ հենց ՀԱԿ-ի առաջնորդի ելույթի ժամանակ պետք է վերեւ հասնեն, որ այն ընդմիջվի, բայց ընդամենը 1-2 րոպեի սխալ հաշվարկի պատճառով ընդմիջվեց Ս.Դեմիրճյանի խոսքը: Ավելի վաղ` 2008թ. հետընտրական հանրահավաքների ժամանակ նա հարթակին էր մոտենում ոչ թե բոլորի նման` Օպերայի շենքի աջ կամ ձախ կողմից, այլ գալիս էր Հյուսիսային պողոտայի մուտքից, ճեղքում էր բազմահազարանոց հանրահավաքը եւ ստիպում էր իր առաջ ճանապարհ բացել մինչեւ հարթակ: Այդ ընթացքում, իհարկե, նա ընդունում էր ծափեր, ողջույնի խոսքեր, ձեռքսեղմումներ: Նման հանդիսավորությամբ էլ երեկ նա դադարեցրեց իր ծոմը: Ինչեւէ: Ր.Հովհաննիսյանը երեկ բացատրեց, որ դադարեցնում է հացադուլը` ընդառաջ գնալով բժիշկների ահազանգին, իրեն այցելող հազարավոր մարդկանց հորդորներին: Այդ ամենին ավելանում է նաեւ մի ընտանեկան, անձնական պահ. այսօր լրանում է նրա դստեր` Շուշիի 18-ամյակը: Հայտարարելով, որ դադարեցնում է Ազատության ծոմի առաջին արարը` նա ավելացրեց, թե գործն ավարտված չէ: Ըստ նրա` ժողովուրդը պահանջում է վերջ տալ կուսակցապետությանը, որ հաստատվում է կոալիցիոն նոր հուշագրով, վերջ տալ կոռուպցիային: Եվ երեկ նա շրջապատված ընտանիքով ու կուսակիցներով` դուրս եկավ հացադուլից` հայտարարելով, որ այդ հացադուլը նվիրում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պետականության տարեդարձին: Հացադուլի դադարեցման արարողության երկրորդ հատվածում աղոթքով եւ խորհրդանշական հացի օրհնությամբ հանդես եկավ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ «Կարին» համույթը, հետո` երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Այդ հանդիսավոր արարողությանը հետեւում էին մի քանի հարյուր մարդ, այդ թվում եւ` Ժիրայր Սէֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը: Արարողության ավարտին տեր Գրիգոր քահանայից փորձեցինք պարզել, թե քաղաքական գործչի այդ Ազատության ծոմը եւ ծոմից դուրս գալը որքանով կարելի է տեղավորել հոգեւոր դաշտում, եթե հաշվի առնենք, որ այն ուղեկցվեց քահանայի աղոթքով ու օրհնությամբ: «Ես այստեղ եկել եմ ոչ որպես քաղաքական ակցիայի, ուղղակի քրիստոնեական մարդու մոտ, ով նեղության մեջ էր: Ծոմի օրերը նեղության եւ դժվարության օրեր են: Իրեն զորակցելու, օրհնելու եւ իր համար աղոթելու համար եմ եկել, երբ իմացա, որ նպատակը ոչ այնքան քաղաքական պահանջմունք է եղել, այլ ավելի շուտ արթնության, սթափության կոչ է մեր ազգի համար: Սա շատ կարեւոր մի բան է, եւ կարծում եմ, որ այդ գործն արվեց, որովհետեւ շատ մարդիկ այցելեցին, զորակցեցին, ոգեւորեցին ու ոգեւորվեցին: Մի փոքրիկ կաթիլ կարծես թե իր տեղից շարժվեց: Մարդիկ գոնե մտածեցին, որ մարդը թողել է իր պատգամավորական աթոռը, իր հազարումի հոգսերն ու գործերը, ու 15 օր սոված-ծարավ այստեղ նստել է: Ուրեմն լուրջ խնդիր կա»,- ասաց քահանան: Իսկ արդյո՞ք այդ ծոմապահությունը չի մերժվում քրիստոնեական առաքինությունների կողմից, ինչպես մեկնաբանել էր ՀԱԿ առաջնորդը` մեջբերելով Հ.Մանդակունու խոսքը: «Այստեղ խնդիրը ծոմ պահելը չի, ներքին ապաշխարության ընթացքի մասին չէ: Ավետարանն ասում է, երբ ծոմ կպահես, տրտմերես մի եղիր: Օծիր քո գլուխը, լվա, որ մարդիկ քեզ ծոմապահ չտեսնեն, տեսնեն որպես առույգ մեկը: Սա զուտ հոգեւոր ապաշխարության խնդիր չէ, այլ սթափության կոչ էր»,- ասաց նա: Իսկ որքանո՞վ է այդ ազատության ծոմն ընդունելի Աստծո կողմից։ «Խնդիրը կրոնական չէ, որ Աստծո կողմից ընդունելի կամ չընդունելի լինի: Համենայնդեպս մարդու արածը շատ ընդունելի է այն առումով, որ նա որեւէ մեկին չի փորձել վնասել, որեւէ հակաօրինական բաներ չի արել: Նա ինքնազոհողության միջոցով, ինքն իրեն նեղելով` փորձել է իր հարցերը մեջտեղ հանել: Ճիշտ այնպես, ինչպես ավետարանն է սովորեցնում»,- եզրափակեց քահանան: