Հայկական հարցը փակված է

31/03/2011

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը Ֆրանսիայի Սենատի ԵՄ-ի գործերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան եւ Հայաստանը Շվեյցարիայում արձանագրություններ են ստորագրել, որով համաձայնության են հասել վիճելի հարցերի ուսումնասիրման խնդրում: Թուրքական «Cumhuriyet»-ի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նախ շնորհակալություն է հայտնել Ժան Բիզեին` նշելով, թե նաեւ նրա ջանքերի շնորհիվ է, որ Ֆրանսիայի ազգային ժողովում 2001-ին եւ 2006-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը չեն ներառվել Սենատի օրակարգ: «Մենք կարծում ենք, որ հայերի պնդումներն ակադեմիական քննարկումների թեմա են: Ազգի հիշողությունները կարեւոր են, սակայն դա չես կարող միայնակ ապացուցել: Պետք է անկողմնակալ եւ ակադեմիական աշխատանք սկսել: Այդ խնդիրը խորհրդարաններինը չէ: Իհարկե, նախկինում ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, հայերը, թուրքերը եւ մյուս ազգությունների ներկայացուցիչները նախկինում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տառապանքներ են կրել: 1,5 տարի առաջ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպեցին Շվեյցարիայում, ստորագրեցին արձանագրություններ, որով համաձայնության հասան ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ ուսումնասիրել այդ վիճելի խնդիրները»,- ասել է Մեհմեդ Ալի Շահինը: