Ծառուկյանը հանդիպել է

31/03/2011

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարտի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Հանդիպման ընթացքում խոսք է գնացել բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի մասին: Պարոն Ծառուկյանը նախօրեին նախապես ասել էր, որ այդ հարցով դիմելու է նախագահին: Նախագահն ասել է, որ նույնպես հարգանքով է վերաբերվում հայ մարզաշխարհում մեծ ներդրում ունեցող մարզիկներին»,- հանդիպման մասին ասել է Գ. Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Գ. Ծառուկյանը խոստացել էր, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ` դիմել ՀՀ նախագահին, որպեսզի «հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի» Ս. Խաչատրյանի նկատմամբ: «Ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է: Բայց դա չի նշանակում, որ նման մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան»,- Ս. Խաչատրյանի մասին ասել էր Գ. Ծառուկյանը: Հիշեցնենք նաեւ, որ ՀԱԿ ակտիվիստ, բռնցքամարտի Եվրոպայի եւ ԽՍՀՄ չեմպիոն Սամսոն Խաչատրյանին ձերբակալել էին մարտի 13-ին: Նրան մեղադրանք է ներկայացվել Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: