Եվ այսպես՝ շուրջ 3 ամիս ուշացումով Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջապես պարզեց, թե ինչու դեկտեմբերին շուկայում առաջացավ հավկիթի կամ ձվի դեֆիցիտ, եւ ձվի գինը շուրջ երկու անգամ թանկացավ՝ հասնելով 110-120 դրամի։
Երեք ամիս ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը եկել է մի եզրակացության, որ կարճ ձեւակերպմամբ հնչում է այսպես՝ սպեկուլյացիա։ Այսինքն՝ նույն բանը, ինչի մասին դեռ դեֆիցիտի օրերին խոսում էր գրեթե ողջ հանրապետությունը։ «Ես Հայաստանի վիճվարչության պետին եւ վարչապետին մակրոէկոնոմիկայի դասախոսության եմ հրավիրում: Եթե բնակչության թիվը նվազում է, ձվի արտադրության քանակը 500 մլն-ից հասնում է 700 մլն-ի, ապրանքը ո՞նց է թանկանում: Ստացվում է` մենք մարդ ա ամեն օր ուտում ենք երեք հատ ձու: Այսպիսի բան հնարավոր չէ»,- դեռ հունվարին ասում էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Տեղի ունեցածն իսկապես զարմանալի էր, հատկապես նրանց համար, ովքեր գոնե հաշվել գիտեն։ Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն` նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 719 միլիոն հատ ձու, որը 14%-ով շատ է եղել 2009 թվականի ցուցանիշից։ Եթե անգամ ենթադրենք, որ այս թիվն ամբողջական է եւ դրա մեջ մտնում են անգամ Լոռու մարզի հեռավոր գյուղերից մեկի տատիկի հավերի ածած ձվերը, ստացվում է, որ հանրապետության յուրաքանչյուր բնակչի (նորածնից մինչեւ ծեր) բաժին է ընկնում ամսական 20 ձու։
Արդյո՞ք մենք այդքան ձու ենք սպառում։ Պաշտոնական վիճակագրությունը 2002թ. տնային տնտեսությունների սննդամթերքի սպառման ուսումնասիրություն էր անցկացրել, որի համաձայն` հանրապետությունում տնային տնտեսության յուրաքանչյուր անդամ ամսական սպառում է միջինը 7.7 ձու։ Նկատենք, որ ձուն այն ապրանքը չէ, որը սկսում են ավելի շատ սպառել` նյութական բարեկեցության աճին զուգահեռ։ Այդուհանդերձ, եթե անգամ ենթադրենք, որ վերջին տարիների ընթացքում մարդկանց վիճակը լավացել է, եւ նրանք սկսել են ավելի շատ ձու սպառել, կրկին դժվար է հավատալ, որ ամսական սպառումը կհասնի 20 ձվի։ Սա նշում ենք, որպեսզի պարզ լինի՝ Հայաստանում արտադրված ձուն լիուլի բավարարում է ներքին պահանջարկը։
Ասվածի մասին վկայում է նաեւ այն հանգամանքը, որ 2010 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 2.7 միլիոն հատ ձու։ Սակայն, որքան էլ զարմանալի է՝ նույն տարում մենք ներմուծել ենք 4.1 միլիոն հատ ձու։ Սա կարող է աբսուրդ թվալ՝ նույն ապրանքից նույն տարվա ընթացքում այնքան շատ ենք արտադրում, որ արտահանում ենք, ու միեւնույն ժամանակ՝ չի բավականացնում եւ ներմուծում ենք։ Սակայն ամեն ինչ պարզ է դառնում, եթե նկատի ունենանք, որ այդ 4.1 միլիոն հատ ձվից 4 միլիոնը ներմուծվել է 4-րդ եռամսյակում, ավելի ճիշտ՝ դեկտեմբերին, ձվի դեֆիցիտի օրերին։
Պատճառը, եթե հավատանք ձու արտադրողներին, այն է, որ նախորդ տարվա վերջին երկու ամիսներին հայրենի հավերը հանկարծ գիտակցեցին ձու չածելու իրենց իրավունքը եւ սկսեցին կրկնակի պակաս քանակով ձու ածել։ Այսպես, եթե նախորդ տարվա ցուցանիշներով ձվի միջին ամսական արտադրությունը եղել է շուրջ 60 միլիոն հատ, ապա նոյեմբեր ամիսն այդ օրինաչափությունից դուրս է. արտադրվել է (իբր) 27 միլիոն հատ ձու։
Իհարկե, բոլորն էլ հասկանում էին, որ մեղքը ոչ թե հավերինն է, այլ նրանց տերերինը։ ՏՄՊՊՀ-ն էլ երեկ արդեն պաշտոնապես հաստատել է այդ տեղեկատվությունը։ Ինչպես նշված է հանձնաժողովի կայքում, ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել ձվի շուկայում գործող առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներից, որոնք են. «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա», «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Աշտարակ ձու», «Լուսակերտի Հարություն թռչնաֆաբրիկա» եւ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»:
«Համաձայն վերոնշյալ 6 տնտեսվարողների կողմից հանձնաժողովին ներկայացրած տեղեկատվության, ձվի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ ավելացման օրերին ձու արտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա (ԼՏԹՖ) ընկերությանը»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Փաստորեն, ամեն ինչ պարզ է. մինչ հայրենի տնային տնտեսուհիները ձեռուոտ ընկած ձու էին փնտրում ամանորյա խմորեղեն պատրաստելու համար, մի քանի հոգի հանգիստ խղճով պահուստավորել էին իրենց ձվերը (նկատի ունենք՝ իրենց հավերի ածած) եւ սպասում էին մինչեւ լա՜վ թանկանա, նոր հանեն շուկա։
Գլխավոր մեղավորը, ըստ հանձնաժողովի, հենց Լուսակերտն է։ «2010-ի դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում ձու չկար, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է 4.506.849 հատ, որի 83 %-ը, կամ 3.763.838 հատ ձուն բաժին է ընկել հենց «ԼՏԹՖ» ընկերությանը: 6 թռչնաբուծական ֆաբրիկաների միջին օրական արտադրության ծավալի 52%-ը եւս ապահովել է այս ընկերությունը: Դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, երբ խանութներում առկա է եղել ձվի չբավարարված պահանջարկ, «ԼՏԹՖ»-ն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն` չի իրացրել արտադրված ձվի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը: Արձանագրվածը հաստատվել է նաեւ խոշոր սուպերմարկետների կողմից Հանձնաժողովին ներկայացրած գրավոր տեղեկատվությամբ»,- նշում է հանձնաժողովը:
Մեկնաբանություններն ավելորդ են։ Նշենք, որ հանձնաժողովն այս ընկերության կողմից իր արտադրանքը շուկա չհանելը (որի հետեւանքով ստեղծվել է դեֆիցիտ) դիտարկել է որպես գերիշխող դիրքի չարաշահում եւ որոշում է կայացրել ընկերությանը տուգանել 100 միլիոն դրամով։ «Լուսակերտի» ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը ՏՄՊՊՀ-ի երեկվա նիստում չի համաձայնել ներկայացված թվերի եւ ուսումնասիրության արդյունքների հետ։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ի պատասխան այդ դժգոհությունների` նշել է, որ ստուգումների արդյունքների մասին ընկերությունը ծանուցում է ստացել դեռ քսան օր առաջ եւ մինչ օրս ոչ մի կերպ չի արձագանքել։ «Եթե դժգոհություններ եւ անհամաձայնություններ ունեիք` ներկայանայիք քսան օրվա ընթացքում»,- ասել է Ա. Շաբոյանը։
Մենք, իհարկե, հաճույքով կներկայացնենք նաեւ «Լուսակերտի» պատասխանը, եթե այս հրապարակումից հետո նրանք ցանկություն ունենան մեկնաբանել։ Մինչ այդ, հիմնվելով ՏՄՊՊՀ-ի տվյալների եւ թվաբանության վրա՝ փորձենք հասկանալ` 100 միլիոն դրամը շատ չէ՞ արդյոք։
Ինչպես նշեցինք, հանրապետությունում միջինում արտադրվում է ամսական շուրջ 60 միլիոն հատ ձու։ Նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 27 միլիոն։ Լավ, ենթադրենք` դեկտեմբերին վաճառվել է ավելի քիչ՝ 20 միլիոն, իսկ դեկտեմբերի վերջին շաբաթում (երբ ձուն արդեն վաճառվում էր 110-120 դրամով)՝ 10 միլիոն։ Ինչպես նշում է հանձնաժողովը, 6 թռչնաբուծական ֆաբրիկաների միջին օրական արտադրության ծավալի կեսից ավելին՝ 52%-ը, ապահովել է այս ընկերությունը։ Այսինքն, կարելի է ասել, որ դեֆիցիտի օրերին այս ընկերությունը հասցրել է մի քանի միլիոն հատ ձու վաճառել՝ թանկ գնով։ Այդ օրերին ձվի գինը թանկացել էր 50-60 դրամով։ Եթե յուրաքանչյուր ձվի մեջ ընկերությունը լրացուցիչ շահույթ է ունեցել թեկուզ դրա կեսի չափով, ապա կարելի է ասել, որ տուգանքը դեռ մի բան էլ քիչ է։ Սակայն, նորից ենք կրկնում, վերը նշված հաշվարկը շատ կոպիտ է, եւ տվյալների բացակայության պատճառով` դժվար է պնդել, որ իրականությունը հենց այդպես է։
Եվ, վերջապես, եւս մի հանգամանք՝ թե՛ «ԼՏԹՖ»-ն, թե՛ ձվի շուկայում զգալի դերակատարում ունեցող 5 ընկերությունները ի վերջո մասնավոր բիզնեսներ են, իսկ մասնավոր բիզնեսը, բնական է, որ պետք է ձգտի մաքսիմալ շահույթ ունենալ՝ թեկուզ սպեկուլյացիոն ճանապարհով։ Նրանց ախորժակը ժամանակին փակելու համար էլ հենց կոչված են պետական կառույցները, այդ թվում` ՏՄՊՊՀ-ն։ Իսկ այս դեպքում ստացվում է` դեֆիցիտի ժամանակ տուժեց սպառողը՝ գնելով թանկ ձու, իսկ փոխհատուցումը գնաց պետական բյուջե։ Համաձայնեք, որ պետական ֆինանսների առումով՝ չարաշահումները ուշացումով բացահայտելը բյուջեին ավելի օգուտ է։
Հ.Գ. Նշենք, սակայն, որ բյուջեի համալրումը 100 միլիոն դրամով դեռ հարցականի տակ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Մաքս Կոնցեռնի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանն ասել է, թե հանձնաժողովի այդ որոշմանը հումորով է վերաբերվում (Լուսակերտի թռչնաֆաբրիկան մտնում է այդ կոնցեռնի մեջ): «Իսկ ուրիշ ի՞նչ կերպ վերաբերվել: Հանձնաժողովն ինձ տուգանել է 100 մլն դրամով, բայց դեռ պետք է կարողանան ինձնից ստանալ այդ գումարները, քանի որ ես այդ որոշումը բողոքարկելու եմ դատարանում: Այդ հանձնաժողովը պարզապես նկարչությամբ է զբաղվում, բայց դրա անդամները անտաղանդ նկարիչներ են եւ չեն կարողանում լավ նկարներ նկարել: Հանձնաժողովի նախագահը բուռն գործունեության պատրանք է ստեղծում, որպեսզի ընդգծի իր աշխատանքը երկրի ղեկավարության աչքում: Դե թիրախ էլ ինձ են ընտրել: Հավանաբար նրանց դուր չեն գալիս մեր ձվերը, կամ էլ ինձ քավության նոխազ են համարում եւ կարծում են, որ ես հեշտ թիրախ եմ, բայց կրկնեմ` մտադիր եմ բողոքարկել այդ որոշումը եւ չեմ վճարելու այդ 100 մլն դրամը»,- ասել է Խ. Մանուկյանը։