Չորս Եհովայի վկաների` նախկին այլընտրանքային քաղաքացիական ծառայողների, կազմակերպված դասալքության մեղադրանքով դատում են Սեւանում: Նրանք հրաժարվել են շարունակել ծառայությունը` պատճառաբանելով, որ այն վերահսկում է Պաշտպանության նախարարությունը:
Անցյալ տարի քաղաքացիական այլընտրանքային ծառայության անցած 24 երիտասարդներից ոչ մեկն այլեւս չի ծառայում: Նրանցից 22-ը Եհովայի վկաներ են, մեկը` մոլոկան (որոնց կրոնական համոզմունքները, Եհովայի վկաների նման, արգելում են զինվորական ծառայությունը): Վերջինն էլ այլընտրանքայինից կամավոր անցել է զինվորական ծառայության:
21-ի դեմ քրեական գործ է հարուցվել, 15-ը կալանավորված են:
Հայաստանը 2003 թ. դեկտեմբերին ընդունեց զինվորական ծառայությանը այլընտրանքային քաղաքացիական աշխատանքային ծառայության մասին օրենք, որը Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորություն էր: Մինչ այդ 150-ից ավելի Եհովայի վկաներ բանակում ծառայությունից հրաժարվելու համար դատապարտվել էին ազատազրկման:
Օրենքն ընդունելուց հետո 22 Եհովայի վկաներ մեկնեցին քաղաքացիական ծառայության հիվանդանոցներ ու ինտերնատներ սանիտար աշխատելու: Սակայն ծառայության ընթացքում պարզվեց, որ նրանց հսկողությունն իրականացնում է Զինվորական ոստիկանությունը, որը, ծառայողների հավաստմամբ, հակասում է իրենց կրոնական համոզմունքներին: Նրանց հագուստը եւ այլ պարագաներ տրվում են Պաշտպանության նախարարությունից:
Չորս ամբաստանյալները ծառայել են Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում 2004 թ. դեկտեմբերից մինչեւ 2005 թ. մայիսի 18-ը: Այդ ընթացքում նրանք եւ մարդու իրավունքների պաշտպանները բողոքել են, որ այլընտրանքային կարգավիճակի պատճառով ենթարկվել են դաժան վերաբերմունքի եւ պատիժների։
Մայիսի 2-ին նրանք ծառայությունից հրաժարվելու մասին դիմում են ներկայացրել հիվանդանոցի տնօրենին եւ հրաժարվել աշխատել: Դիմումում նշված էր, որ ծառայությունը զինվորական բնույթ ունի, իսկ իրենց աստվածաշնչային սկզբունքներով դաստիարակված խիղճը թույլ չի տալիս կատարել զինվորական ծառայություն: Դիմումին ոչ մի պատասխան չի տրվել:
Մայիսի 18-ին նրանք լքել են հիվանդանոցի տարածքը: Դատարանում ամբաստանյալները ցուցմունք տվեցին, որ հեռացել են հիվանդանոցից, քանի որ տնօրենը նրանց դուրս է գցել, կողպել դռները` թողնելով անձրեւին ու ցրտին, եւ իրենց ոչինչ չի մնացել անել` հիվանդանոցից հեռանալուց բացի: Օգոստոսից նրանք կալանավորված են:
Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ դասալքության մեղադրանքով (մինչեւ 4 տարի ազատազրկում): Հետագայում մեղադրանքը խստացվել է` կազմակերպված դասալքություն (4-10 տարի): Քրեական գործը սկզբում վարել է Զինվորական դատախազությունը, ապա` քաղաքացիականը:
Ամբաստանյալ 20-ամյա Բորիս Մելքումյանը ցուցմունք տվեց հիվանդանոցի տնօրինության դեմ: Նա ասաց, որ տնօրեն Գագիկ Կարապետյանն իրեն երկու անգամ ուժգին ապտակել է, ստիպել է իրենց ձեռքով սառույց մաքրել, նաեւ պարբերաբար աշխատեցրել է իր անձնական գործերի համար (կահույք եւ շինանյութ են տեղափոխել):
Տնօրենն իր ցուցմունքներում հերքեց, որ նման բան է եղել: Նա բողոքեց, որ տղաները վատ են աշխատել:
Մելքումյանի դեմ նախկինում քրեական գործ է հարուցվել զինվորական ծառայությունից հրաժարվելու համար (մինչեւ 2 տարի ազատազրկում): Նա ասաց, որ այլընտրանքայն ծառայության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո խաբվել է` կարծելով, որ այն ոչ մի կապ չի ունենա զինվորականության հետ, ու համաձայնել է ծառայել:
Նա ասաց, որ Զինկոմիսարիատում իրեն հավատացրել են, թե ծառայությունը կլինի միայն քաղաքացիական, սովորական աշխատանքային ռեժիմով, եւ ինքը հնարավորություն կունենա մասնակցելու հավատակիցների կրոնական հավաքներին: Ծառայության ընթացքում նրանց թույլ չեն տվել հիվանդանոցից դուրս գալ եւ ծառայության ռեժիմ են սահմանել առավոտյան 7-ից մինչեւ 23-ը, առանց հանգստյան օրվա: Այդ պայմաններում նրանք պիտի ծառայեին 3,5 տարի:
Այս գործի առնչությամբ Հայաստան է եկել բրիտանացի փաստաբան Ռիչարդ Դանիելը (ինքն էլ Եհովայի վկա է) եւ 17 էջանոց միջնորդագիր ներկայացրել քրեական գործը կարճելու մասին: Միջնորդության մեջ ասվում է, որ ամբաստանյալների ծառայության մեկնելուց 20 օր անց` այս տարվա հունվարի 9-ին այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցվել, որ ծառայությունից ինքնակամ հեռացողները պատժվում են պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների համար սահմանված կարգով: Իսկ այդ պատիժը մտնում է զինծառայության դեմ կատարված հանցագործությունների մեջ: Դատավորը երկու անգամ մերժել է միջնորդագիրը, որից հետո մյուս ամբաստանյալները հրաժարվել են ցուցմունք տալ:
Հոկտեմբերի սկզբին սկսված դատավարությունը շարունակվում է: