Բռնացրե՞լ է

31/03/2011

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի օգնական Արտակ Սահակյանի դանակահարության հետ կապված news.am-ը մանրամասներ է պարզել: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` 34-ամյա Արտակ Սահակյանը մարտի 18-ին դանակահարվել է եւ կրծքավանդակի մասում ստացած կտրած-ծակած վերքով տեղափոխվել Մալաթիա բժշկական կենտրոն: Ըստ Ոստիկանության, «պարզվել է, որ նույն օրը ժամը 02:45-ին, Գայանե Վ.-ն հաղորդում է տվել, որ մարտի 18-ին, ժամը 23:00-ին տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Իշխան Պ-ն դանակով մի քանի անգամ հարվածել է Արտակ Ս-ի կրծքավանդակին եւ պատճառել նշված վնասվածքը»: Կայքի տվյալներով` կալանավորվածը նույն դատարանի աշխատակցուհիներից մեկի սկեսրայրն է, իսկ միջադեպը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Ըստ կայքի` սկեսրայրը Գայանե Վ.-ին «բռնացրել է» Ա. Սահակյանի հետ ինտիմ հարաբերության պահին եւ դանակահարել վերջինիս:news.am-ի հետ զրույցում Ա. Սահակյանի բուժող բժիշկ Արմեն Վարժապետյանը հայտնել է, որ Սահակյանն օրերս է դուրս գրվել հիվանդանոցից: Բժշկի խոսքով` Ա. Սահակյանը հիվանդանոց է ընդունվել ծանր մարմնական` կրծքավանդակի եւ ձախ ուսագոտու շրջանում ստացած կտրած-ծակած վնասվածքներով: «Վնասվել է ձախ թոքը, ստոծանին եւ որովայնի խոռոչը: Պացիենտը ենթարկվել է մի շարք վիրահատությունների, կատարվել է կրծքավանդակի ձախ պլեւրալ խոռոչի հատում, թոքի կարում, որովայնահատում, վնասված ստամոքսի կարում»,- ասել է բժիշկը: Հարցին, թե Արտակ Սահակյանը հայտնե՞լ է, թե ինչի հետեւանք են իր ստացած մարմնական վնասվածքները, Ա,Վարժապետյանը պատասխանել է. «Ոչ: Նման թեմայով մենք չենք զրուցել, ինքն էլ ինֆորմացիա չի տրամադրել, քանի որ դա մեր գործին չի առնչվում»: Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, տեղի ունեցած միջադեպը Սուրիկ Կոստանյանի աշխատակիցների հետ կապված առաջին սկանդալային պատմությունը չէ: Մի քանի ամիս առաջ էլ նույն դատարանի նախկին դատավորներից մեկը` Կարեն Ստեփանյանը, Սուրիկ Կոստանյանի հետ վեճից հետո նրա աշխատասենյակում կտրել էր իր դաստակի երակները: Իսկ որոշ ժամանակ հետո նա պաշտոնանկ էր արվել: