Դպրոցի հաշվապահը գումարներ է յուրացրել

31/03/2011

Վերջերս ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Լոռու մարզի Լեջան եւ Կաթնաղբյուր գյուղերի միջնակարգ դպրոցների` սոցվճարների մասով առաջացած պարտքերը: Կուտակած պարտքերի պատճառները ճշտելու նպատակով` վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել է, որ պարտադիր սոցվճարի մասով պարտքը դպրոցում առաջացել է կրթօջախի հաշվապահ, Ստեփանավանի բնակչուհի Լիլյա Ներսիսյանի հանցավոր արարքի հետեւանքով: Վերջինս, 2009թ. փետրվարից մինչեւ 2010թ. սեպտեմբերը Կաթնաղբյուրի դպրոցի պարտադիր սոցվճարների գումարներից փոխանցել է բանկում բացված իր անձնական հաշվին` մեկուկես տարվա ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 1.5 միլիոն դրամ, որը Լ.Ներսիսյանն օգտագործել է անձնական կարիքները հոգալու նպատակով: ՊԵԿ օպերատիվ խումբը զուգահեռ նաեւ այլ տեղեկություն է ստացել, ըստ որի` Լ.Ներսիսյանի դուստրը` Ստեփանավանի բնակչուհի Հասմիկ Բարոյանը, ձեւակերպված է Լեջանի միջնակարգ դպրոցում որպես հաշվապահ, սակայն հաշվապահությունը փաստացի վարել է նրա մայրը: Այս դեպքում եւս վերջինս նույն եղանակով յուրացրել է պետական գումարները, ինչի հետեւանքով Լեջանի դպրոցում նույնպես 2010թ. նոյեմբերին պարտադիր սոցվճարների մասով շուրջ 360.000 դրամի ապառք է գոյացել: Փաստի առթիվ ստեղծված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն` հետագա ընթացքը որոշելու նպատակով: